Aravot.am-ը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է տիրում Շուշիի մատույցներում, քանի որ հայտարարվել էր, թե Շուշիի ուղղությամբ ոչնչացվել է թշնամու զրահատեխնիկա, Քարին տակի և Լիսագորի հատվածներում՝ թշնամական փոքր խմբեր: «Օրվա ընթացքում պաշտոնապես ներկայացվել է ոչ թե զրահատեխնիկա, այլ զրահամեքենաներ, բայց այդ խմբերի ոչնչացման աշխատանքները շարունակվում են: Ես անձամբ քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է, շրջափակման մեջ է ընկել, կորուստներ է կրել, ոմանք հասցրել են փախչել, ոմանք ոչնչացված են…
Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները կարծես հատուկ խնդիր ունեն՝ կապված Ադրբեջանի դրոշի օրվա հետ: Ամեն մի ոչնչացված դիվերսանտի կրծքին կամ գրպանը դրած Ադրբեջանի դրոշ կա: Երեւի Ալիեւը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել եւ չի պատկերացնում, որ այդ խմբերը չեն կարող խնդիրներ լուծել, որովհետեւ հարձակվողները չեն փախչում»,-պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Արցախ-Հայաստան ճանապարհներին եւ լրագրողներից մեկի այն հարցին, թե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է,որ Արցախում աշխատող 80 լրագրողներ չեն կարող լքել Արցախը՝ առանց իրենց կյանքը վտանգելու,ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչներին,. լրագրողներին, ծննդատները, եկեղեցիները: Այնպես որ այստեղ զարմանալի ոչինչ չկա:
Ինչ վերաբերվում է լրագրողների հետ աշխատանքին, ես երեկ անձամբ շփվեցի նրանցից շատերի հետ: Պաշտպանության բանակը, Արցախի իշխանությունները աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, եթե նրանք ուզում են աշխատել, շարունակում են աշխատել, որեւէ խոչընդոտող բան չկա, այլ է հարցը, որ կարող են թիրախավորվել, իսկ ովքեր որ ուզում են դուրս գալ Արցախից, համապատասխան ճանապարհներ կան, եւ որեւէ վտանգ ճանապարհները փակելու մասով չկա»:
Կարդացեք նաև
Շուշիի մատույցներում տիրող իրավիճակի վերաբերյալ մեկ այլ հարցի պատասխանելով՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Շուշիի մատույցներ ասվածը շատ լայն հասկացություն է. «Դուք գիտեք Շուշիի քաղաքի աշխարհագրական դիրքը եւ ձեւը, այնտեղ բավականին բարդ տեղ է, շատ տեղերում ժայռեր են: Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ փորձել են Քարինտակի եւ այլ ուղղություններից ժայռեր մագլցել,բայց ոչնչացվել են»
Սոթք-Քարվաճառ, Բերձոր ճանապարհների բացվելու մասին էլ հարց հնչեց: «Քաղաքացիական անձանց մուտքն իրենց անվտանգությունից ելնելով՝ չի թույլատրվում, չնայած երեկ Բերձորի ուղղության ճանապարհը Լիսագորի հատվածում, որը վտանգ կարող էր վտանգ ներկայացնել, այսօր մեր ստորաբաժանումների կողմից մաքրվել է եւ համապատասխան պարեկություն է կատարվում, բայց զուտ քաղաքացիականների համար, իրենց անվտանգությունից ելնելով, խորհուրդ չի տրվում. կարող են հրետակոծել, դիվերսիոն խմբերը կարող են որոշակի վնաս պատճառել քաղաքացիական անձանց եւ մեքենաներին, դրա համար այս պահին չենք թույլատրում այդ ուղղությամբ շարժվել»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:
Նա ասաց, որ մարտերն առաջվա նման ինտենսիվ չեն, շարունակվում են փոքր խմբերով, բայց լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնելու թշնամու ուժերը: Հավելեց, որ Կարմիրշուկայի ուղղությամբ փորձել են ճեղքում իրականացնել, սակայն խոցվել են մի քանի մեքենաներ, անգամ անձնակազմով բեռնված մեքենա եւ հետ շպրտվել; «Հակառակորդը փորձում է նույնիսկ ամենաչնչին հաջողությունը գրանցել, որպեսզի ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր զորքերն անսասան են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ