Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական բացօթյա սրճարան հանուն արցախցիների

Նոյեմբեր 05,2020 21:12

Արցախցի կանայք Դիլիջանում արցախյան փախլավա են թխում, իսկ տեղացիները բացօթյա սրճարան են բացել ու տաք սուրճի ու թեյի հետ միասին վաճառում են։

Վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղորդվելու է Դիլիջանում ապաստանած ընտանիքների կարիքներին, իսկ մյուս մասը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով՝ սահմանին։

«Ի տարբերություն հյուրատներում ապաստանած արցախցիների, տներում ապրող ընտանիքներն ունեն կոմունալ ու կենցաղային կարիքներ և այս նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է նրանց կենցաղային կարիքները թեթևացնելուն։ Քանի որ ժենգյալով հացի կանաչեղենի եղանակն անցնում է, մենք մտածեցինք հնարավոր տարբերակների մասին ու առաջացավ փախլավա թխելու միտքը»,- Aravot.am -ի հետ զրույցում նշեց նախաձեռնության կազմակերպիչներից Լուսինե Մարգարյանը։

Փախլավա թխող արցախցի կանանցից Անահիտ Ղահրամանյանը Դիլիջան է հասել Շուշիից։

Անահիտը մինչև վերջ փորձել է մնալ իր հայրենի հողում, սակայն քաղաքում սկսված ռմբակոծությունից հետո որոշել է երկու երեխաների հետ գալ Դիլիջան և իր քրոջ՝ Արգինեի հետ սպասել խաղաղության։

«Երբ ռմբակոծեցին Շուշին, ես այնտեղ էի, մեր մոտ գտնվող բոլոր տների պատուհանները ջարդվեցին, վնասվեցին մեքենաները։ Դրանից հետո մեզ ասեցին, որ էլ ապահով չի մնալ, ու ես գնացի Բջնի, որտեղ երկու աղջիկներս էին, վերցրեցի նրանց ու եկա Դիլիջան, որովհետև քույրերս այստեղ էին»։

Անահիտի տղան և ամուսինը Արցախի առաջնագծում են։ Տղան, չնայած մեկ ամիս առաջ էր զորացրվել, կամավորագրվել է և հոր հետ միասին պահում են առաջնագիծը։ Ինչպեսն Անահիտը նշեց՝ հեռախոսով շատ չեն խոսում, հիմնականում իրենք իրեն են հույս տալիս, ինքն՝ իրենց։

Արցախից եկած երեք քույրերը սկզբում «Մաեստրո» ռեստորանում ժենգյալով հաց էին պատրաստում, իսկ հիմա արդեն նաև փախլավա։
Նրանց խոսքով՝ քաղցրեղենի ամենակարևոր բաղադրիչը շատ սերն է։

Քույրերը վստահեցնում են՝ աշխատանքն օգնում է իրենց ցրվել, սակայն ամեն օր սպասում են խաղաղության լուրին։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30