«Ճիշտ է՝ թշնամին նույնն է, բայց պատերազմները տարբեր են: Հիմա ինտելեկտուալ և իմպրովիզացիոն պատերազմ է…». Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը մեր համալսարանից պատերազմ մեկնած կամավորներից մեկն է:
«Տարիքս կապ չունի, ո՞ւմ է պետք անազատ ու անկախությունից զուրկ կյանքը». այս համոզմունքով է կրկին ռազմի դաշտում իր բաժին պայքարը մղում պարոն Շահինյանը: Մեզ հետ զրույցում որքան էլ հոգնած, բայց մարտական տրամադրվածությամբ ու ոգևորությամբ մեր հաղթանակի մասին խոսելիս նկատեց, որ մեր օրերի պատերազմն էապես տարբերվում է 88թ-ի շարժումից նորարար զինտեխնիկայի ու հնարավորությունների առումով, բայց նույնն է հաղթելու հաստատակամությամբ ու մեր երիտասարդների կամքի աներևակայելի մեծ զգացումով. «Այսօր մեր երիտասարդները հրաշքներ են գործում: Նրանք ավելի ընկալունակ են, ավելի հեշտ են տիրապետում նորագույն տեխնիկային, ինչն այս պատերազմի կարևորագույն բաղադրիչներից է», – նշում է կամավոր Շահինյանը՝ հավելելով, որ հաղթելու մյուս կարևոր պայմանը ողջ մնալն է, ինչը հնարավոր է միայն արագ ինքնակազմակերպվելու, կողմնորոշվելու, անձնական պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու, գործիքներից ու տեղանքից քաջատեղյակ լինելու արդյունքում. «Զինվորը պետք է օգտագործի չափավոր զենք, բայց առավելագույն խոցելիությամբ, պետք է մի կողմ դնի բոլոր զգացմունքները՝ կլինի դա սեր, վախ, սարսափ, խուճապ, և առաջնորդվի միմիայն ողջ մնալու բնազդով: Միայն այս դեպքում է հնարավոր հաղթել»:
«Հաղթելուն մի հանգամանք էլ է օգնում. զինվորագրված կանայք»,- անկեղծանում է պարոն Շահինյանը: Նրա խոսքերով՝ կանանց ներկայությամբ զինվորներն առավել զգոն ու պատասխանատու են, հետևում են նույնիսկ իրենց խոսելաձևին, ինչն էականորեն դրական ազդեցություն է թողնում նաև կռվի որակի վրա: Սա մեր վերջի՞ն կռիվը պետք է լինի… Միանշանակ՝ վստահ է զրուցակիցս, թշնամին վերջնականապես պետք է հասկանա, որ հայի գոյությունը, նրա մշակույթն ու 7200 տարի կենդանի մնացած լեզուն չի կարող պարտվել. «Մենք պարտավոր ենք հաղթել, ավելի ճիշտ՝ մենք արդեն հաղթել ենք»,-ասում է Շահինյանը՝ հիշելով Մարտիրոս Սարյանի խոսքերը. «Երբ Սարյանին հարցնում են՝ հայերն ինչ-որ յուրահատուկ, աստվածայի՞ն ժողովուրդ են, Սարյանը պատասխանում է՝ ոչ: Իսկ ի՞նչ կփոխվի մյուս ժողովուրդների կյանքում, եթե հայերը չլինեն: Սարյանը պատասխանում է՝ ոչ մի բան չի փոխվի, բայց ո՞ւմ է պետք կյանքն՝ առանց հայերի»: Սամվել Շահինյանը գիտի, հայերին էլ պետք չէ կյանք՝ առանց ազատ, անկախ ու հզոր Հայրենիքի, հետևաբար երեկ էլ, այսօր էլ՝ հաղթել ենք ու հաղթում ենք:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Կարդացեք նաև
ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ «Ճիշտ է՝ թշնամին նույնն է, բայց պատերազմները տարբեր են: Հիմա ինտելեկտուալ և...
Posted by Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան on 2020 թ. նոյեմբերի 5, հինգշաբթի