Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Կամավորները գիտեն, թե ինչի համար են եկել»

Նոյեմբեր 05,2020 19:44

31-ամյա Բենիամին Մադաթյանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում է։

Սեպտեմբերի 29-ին դիմել է զինկոմիսարիատ, և ընդամենը մեկ ժամ անց արդեն դեպի Արցախ ճանապարհին է եղել․ «Որոշում կայացնելու խնդիր չկար։ Չեմ էլ հիշում, թե երբ եմ կայացրել այդ որոշումը։ Բայց երբ որ պետք է եղել, ես որոշելու բան չունեի, ես պետք է վեր կենայի ու գայի»։

Այնուհետև նա տեղափոխվել է Արթուր Ալեքսանյանի «Կարմիր բերետներ» ջոկատը․ «Հրամանատարական կազմը բարձրակարգ է։ Այնպես, որ իմ նման տղան, որ տանը նստած էր, վեր է կացել, եկել, այս ջոկատում հարմարվել է, կատարվող գործողություններին մասնակցում է։ Եվ այդպես շատ կան ու գալիս են ու էլի կգան»։

Բենիամինի խոսքով՝ կամավորները այստեղ գիտեն, թե ինչի համար են եկել, և մինչև ռազմաճակատ գալը նորեկները ևս պետք է այդ հարցի պատասխանը ստանան․ «Մինչև գալը արդեն պետք է գիտակցես։ Սա արդեն այդ փուլն է։ Սա այն սկիզբը չի, որ այնքան, որ գաս ու այդպես … Արդեն պետք է պատրաստված գաս։ Ամսից ավել է մենք այդ փուլի մեջ ենք։ Դրա համար մենք, որ իջնում ենք հերթափոխի, չենք կարողանում մեկ շաբաթից ավել մնալ։

Շատ ճնշող բաներ կան։ Ես կուզեի, որ ժողովուրդը այդ առումով չխոսի, որովհետև այնպիսի տպավորություն է ոնց որ Հայաստանից թռնես Բրազիլիա, այդքան տարբերություն կա մեր գործողություններում, մեր կռվում և քաղաքի խոսակցությունների մեջ։ Շատ են քննարկում, դրանով մեզ չեն օգնում իրենք։ Մեզ այդ խոսակցությունները չեն օգնում, մեզ օգնում են, ոնց որ օգնում են։ Տեսնում եք ամեն ինչ։ Ինչ-որ պետք է մենք դրանով ապահոված ենք։ Ամեն ինչ լավ է, մնում է՝ գիտակցեն՝ ուր են գալիս, ինչի համար են գալիս»։

Մինչև Արցախ գալը պատերազմից և մարտական գործողություններից Բենիամինը ընդհանրապես գաղափար չի ունեցել, բայց դասընթացների և աշխատանքի շնորհիվ այսօր նա ջոկի հրամանատար է նշանակվել։ Ավելին՝ արժանացել է «Տիգրան Մեծ» շքանշանի․ «Ամեն անգամ խոսում ենք, հավաքվում ենք, զրուցում ենք ջոկով կամ վաշտով մարտական թեմաների շուրջ, այդպես կրթվում ես։ Մենք չենք եկել դպրոց, բայց խոսում ենք փողոցային հարցերից։ Եկել ենք կռիվ, խոսում ենք կռվից՝ ոչ թե քաղաքականությունից կամ այլ թեմաներից։ Նման բան չկա մեզ մոտ։ Մենք ունենք մեր թեմաները, ամեն օր դրանք ենք քննարկում։ Տեսնում ենք՝ թերություն կա՞, չկա՞, եթե կա՝ վերացնենք, խնդիրը լուծենք։ Դա ավելի շատ է օգնում։ Այդպես և՛ հոգեպես, և՛ մարտական առումով կրթվում ես։ Մենք լավ փորձառու հրամանատարներ ունենք, և այդպես շուտ ես կրթվում, մարտիկ դառնում ոնց որ պետք է։ Բոլորս էլ քաղաքում աշխատող տղաներ ենք՝ մեկը դասախոս է, մեկը՝ գործարար, մեկը՝ բանվոր, կապ չունի՝ այստեղ բոլորս մարտիկներ ենք։ Պարապում ենք, ամեն մեկս մեր գործը գիտի»։

Ասում է՝ կամավորները բոլորը արդեն առանց բառերի իրար հասկանում են․ «Աչքով-ունքով իրար հասկանում ենք, որ պետք է լինի բան ասել, կարող ենք չխոսել էլ։ Այդպես մենք գիտենք մեր անելիքը»։

Իսկ հարցին, թե ինչի՞ կարիքն ունեն կամավորները, Բենիամինը պատասխանում է՝ առաջ գնալու ․ «Բայց խելացի առաջ։ Այնպես, ինչպես կազմակերպված է հիմա։ Պետք է վստահես հրամանատարական կազմին։ Եթե դու այս ամեն ինչին վստահել ես առ այսօր, պետք է շարունակես վստահել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30