Ստացված տեղեկությունների համաձայն` Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ ահաբեկիչներ են ներգրավվում ղարաբաղյան հակամարտության գոտի, նրանք ջիհադիստ ծայրահեղականներ են, որոնց «ձեռքերը մինչեւ արմունկը արյունոտ են»։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով բուլղարացի լրագրողի հարցին՝ ՌԴ-ն հանդիսանալով ահաբեկչության դեմ պայքարի առաջնորդ երկիր, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ։
«Այդ ամենը չի կարող մեզ խորապես չանհանգստացնել, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հղի է Կովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացմամբ»,-ասաց Մարիա Զախարովան։ Նա հիշեցրեց, որ այս մասին Ռուսաստանը բացահայտ հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ համապատասխան տեղեկություններ են ստացել։
Մյուս հարցին ի պատասխան՝ ՌԴ-ն ԵՄ-ի հետ հակաահաբեկչական պայքարում ինչ համագործակցություն կարող է ունենալ, Զախարովան ասաց՝ ՌԴ-ն պատրաստ է համապատասխան ուղղություններով եւ գերատեսչությունների հետ համագործակցել․ «Հիշեցնեմ՝ Ռուսաստանը տարիներ շարունակ իր միջազգային գործընկերներին կոչ է արել ակտիվորեն համախմբել ուժերը այս ընդհանուր չարիքի դեմ»։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ