Տևական ժամանակ տնից դուրս չգալուց հետո դուրս եմ ելնում: Այս պատերազմը հոգեպես և ֆիզիկապես մաշեցրեց բոլորիս: Պարզվում է՝ հեշտ չէ ամեն րոպե Արցախից եկող լուրերին, պատերազմական թեժ գործողությունների ընթացքին, միջազգային տարբեր դիվանագիտական գնահատականների փշրանքներին սերտաճած լինելուց հետո ոտք դնել փողոց, ուր մեկ այլ իրականություն է և ուզես, թե չուզես, ստիպված ես քայլել հենց այդ իրականության նշած ուղեգծով:
Փաստորեն դեռ արև կա, եղանակը՝ մեղմ, ոսկե աշուն է ու դրսում հոկտեմբերի 27-ն է: Իսկ իրականում՝ պատերազմի 30-րդ օրն է: Ոտքս զգուշությամբ եմ դնում գետնին. երկրիս հողը վիրավոր է, պայթյունները չեն դադարել, ու հողը տնքում է… Խանութներում մարդկանց ակտիվ ելումուտ է, տաքսիները շարված են, ավտոբուսները հավաքում են ուղևորներին ու երթևեկում: Կյանքն ընթանում է ու փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա նորմալ է, դա է ճիշտը: Փորձո՛ւմ եմ:
Տեսնես հարազատները շուտ գտա՞ն այն երիտասարդ զինվորին, որը, պարզվեց՝ ողջ է, իսկ անուն-ազգանունը զոհվածների ցուցակում էր… Ինչպիսի՜ երջանկություն… Մի երկու-երեք անգամ հասցրել եմ երջանիկ լինել այս օրերին, երբ հանդիպել եմ նման լուրի համացանցում… Իսկ դեռ մեկ ամիս առաջ՝ հարցազրույցի ընթացքում, լուրջ դեմքով փիլիսոփայական պատասխան էի մոգոնում՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե «ի՞նչ է երջանկությունը»… Հիմա՛ այդ հարցը տրվեր… Մեկ ամիս է՝ ես ունեմ հստակ երազանք, ամենօրյա կոնկրետ փափագ, որը հենց դեպի երջանկություն տանող կարճ ճանապարհն է. զոհված տղաների երկար ցուցակը նախորդ օրվանից ավելի կարճ տեսնել. ամեն տողում մեկ նահատակվածի անուն է, իսկ աչքդ ի վիճակի չէ ընդգրկելու 10 տող, 20 տող, 30 տող, 40 տող… Երջանկությանս չափը կախված է այդ տողերի կարճությունից, իսկ ավելի ճշգրիտ՝ դրա իսպառ բացակայությունից: Հապա նրանց ծննդյան թվականները՝ նոր ծառայության անցած, կատարելապես երիտասարդ, նաև մեծ թվով կամավոր զինվորագրվածներ… Իմ մի բուռ բնակչություն ունեցող երկրում որտեղի՞ց այսքան հերոսներ, «մահ իմացյալին» ընդառաջ գնացողներ… Մի՞թե 5-րդ դարում ասված «մահ իմացյալ անմահահություն է»-ն՝ ազգիս ճակատագիրն ու ընտրությունն է նաև 21-րդ դարում…
Բախտ չունեցանք քաղաքակիրթ թշնամի ունենալու, չունեցա՛նք: Փոխվեց լոկ արտաքին փաթեթավորումը՝ կոստյում, փողկապ, սակայն մնաց նույն բարբարոս, արյան ծարավ վայրենին: Շնորհակալ եմ, Էռնե՛ստ Հեմինգուեյ, որ միացար ինձ այս պահին, քանի որ մտքիս շշնջացիր խոսքդ. «Եթե ցանկանում եք ինձ սպանել, ապա ինձ թուրք անվանեք և ես կմեռնեմ ամոթից»:
Կարդացեք նաև
Հեշտ չէ ամեն անվան հետ մեռնել, հետո նորից հառնել… Լույս դարձած տղանե՛ր, դուք հենց լույսի զինվորներն էիք, քանի որ գնացիք կռվի՝ պաշտպանելու ձեր քույրերին, մայրերին, սիրած աղջիկներին, ձեր պապերից ժառանգած հող հայրենին… Կստիպեմ ինձ ևս 10, 20 քայլ էլ անել մինչև այն մոտակա խանութը, որտեղից մի քանի գնում կանեմ: Երկու տարբեր իրականություններ. ապրում ես մի իրականության, քայլ ես գցում մեկ այլ իրականության մեջ և, այնուամենայնիվ, ես ինձ մեղավոր եմ զգում՝ այս իրականության մեջ քայլելու ու առօրյա գնումներ կատարելու համար:
Դիմացս երեք տղա դուրս եկան՝ զինվորական հագուստով: Ասես մտքիցս դուրս եկան ու հայտնվեցին իրական դեմքերով. աչքները կարմրած են, երկար ժամանակ չեն սափրվել, հոգնած են, բայց երեքն էլ՝ մեկը մեկից գեղեցկադեմ, թիկնեղ: Ես դաստիարակված մարդ եմ, բայց հայացքս չեմ ուզում կտրել նրանցից, բացահայտ ականջ եմ դնում նրանց խոսակցությանը ու հիացած, զմայլված նրանց եմ նայում…
-Ծխախոտ էլի վերցնենք, իսկ էն շոկոլադի՞ց…
– Անպայման:
Ուզում եմ խոսել հետները, բայց լռում եմ, խեղդվում եմ…
Նրանք նկատում են, որ ամբողջ ուշադրությունս իրենց վրա է ու արդեն անհարմարությունից՝ սկսում եմ խոսել.
-Տղանե՛ր ջան, Արցախից եք եկե՞լ:
-Հա՛, առավոտը եկել ենք, երեկոյան նորից գնում ենք առաջնագիծ…
Ինձ մի կերպ զսպում եմ, որ ձայնով չլացեմ ու ասում եմ.
-Անփորձանք, էրեխե՛ք ջան, Աստված ձեզ հետ, շուտ վերադառնաք, բան չմնաց…
-Հա՛, բա ո՞նց, ամեն ինչ լավ ա, մենք կթողնե՞նք թուրքը մեր տուն մտնի… Մենակ դուք մի՛ հուզվեք, բա մենք էնտեղ ենք, որ դուք չլացեք…
-Չէ՛, ի՞նչ լացել, աչքս մի քիչ բորբոքվել է,- ծիծաղում եմ ու ձեռքով արագորեն տրորում աչքս, որ արցունքներս չերևան:
Մեր շուրջն արդեն մի քանիսն էլ ավելացան:
-Ի՛մ բալեք, ամեն օր ձեզ համար աղոթքով քնում եմ, աղոթքով արթնանում, թոշակս էլ տվել եմ, որ դրանով տանկ առնեք, թուրքի սևը տաք…
– Տատի՛ ջան, չկասկածես, ճիշտ ա՝ իրանք շատ են, բայց ոչխարի պես փախնում են, հենց մեր դիմաց են դուրս գալիս: Մենակ թե դու հանգիստ քնի…
Մի կին ուղղակի փաթաթվեց նրանց.
-Տղայիս քսան օր չկա՝ թաղել ենք… Թողե՛ք գրկեմ ձեզ, կարոտս առնեմ…
Տղաները շփոթվեցին, բայց.
– Իրա վրեժը լուծելու ենք ու մեր բոլոր ախպերների, չկասկածե՛ք…
Դուք մենակ էստեղ պինդ մնացեք ու միասնական…
Ես արդեն լուռ եմ ու հանգիստ, որ արցունքներս չեն նկատվի ավելացող մարդկանց մեջ, թեև դրանք արդեն հպարտության արցունքներ են…
Երկու ձեռքերս չեն հերիքի՝ գրկելու համար ազգիս զինվորների պայծառ, ազնիվ ոգեղենությունը՝ հանուն արդարության, հանուն ապրելու աստվածային իրավունքի: Շարունակում եմ քայլել ու գիտակցում, որ հայտնվեցի իսկական իրականության մեջ. սա է իրականությունը, որով հիմա քայլում եմ ավելի վստահ, ավելի հավատքով, որովհետև չարի ու բարու պայքարը եղել է դարերի խորքերից և եթե բարին հաղթած չլիներ, այսօր արնախում գազանը վաղուց հաղթած կլիներ, և հայը գոյություն չէր ունենա այլևս: Վկա՝ այն պայծառ, մեր պաշտպան տղաները, որոնցից քիչ առաջ հեռացա, իսկ իրականում՝ ավելի մոտեցա նրանց… Պարզապես պայքարը ժամանակ առ ժամանակ նորոգվելու կարիք է ունենում, քանի որ դա է պահանջում տիեզերական ժամանակն ու չափումները: Ուրեմն չի կարող չհաղթել այն իրականությունը, որը ԼՈՒՅՍԻ ճանապարհն է, որը ԼՈՒՅՍԻ հաստատումն է այս մեղավոր երկրում: Ես ընտրում եմ հենց այդ իրականությունը:
Արմենուհի ՍԻՍՅԱՆ