Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել. Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական պատերազմի մասին

Նոյեմբեր 05,2020 17:28

Ինչպե՞ս զանազանել հավաստի տեղեկատվությունը կեղծից հարցին ի պատասխան, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ այսօր թացը չորից տարբերելը հեշտ չէ, որովհետեւ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատում ապատեղեկատվություն ստեղծելու համար. «Այդ գործում ներգրաված են հազարավոր մարդիկ եւ նրանք աշխատավարձ են ստանում, որպեսզի այնպես անեն, որ մարդիկ հեշտ չկարողանան թացը չորից տարբերել»:

Այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ տվեց տեղեկատվություն ստանալու համար ընտրել այն լրատվամիջոցները, որոնք վստահելի են: Նրա խոսքով, այսօր նաեւ բազմաթիվ փորձագետներ են հայտնվել աշխարհում, որոնք մեծ գումարներ են ստանում հարեւան երկրից ու նստած վերլուծում են եւ այդ նյութերով ազդում մարդկանց ուղեղների վրա. «Կարեւոր չի՝ մարդ ինչքան լուրջ դեմքի արտահայտությունով է խոսում, բայց չգիտես ինչու, լիքը մարդ, Հայաստանից լուրջ դեմքով նստած լսում են, այդ փորձագետներին: Կարճ ասած՝ թարգեք ամեն, հատկապես՝ վճարովի ապուշների լսել, լսեք այն լրագրողներին, որոնց գիտեք, կան շատ վստահելի լրատվամիջոցներ, որոնք առաջնագծում են, որոնց տված տեղեկատվությունը լրիվ հերիք է»:

Հարցին՝ տեսանյութերը, որոնք ոչ պաշտոնական են, որտեղ ռազմական գործողությունների տեսարաններ են կամ ադրբեջանական դրոշ տնկելու, ինչպե՞ս են ազդում հասարակության հոգեբանության վրա, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ դրանք երկու կողմի վրա էլ մեծ ազդեցություն են ունենում. «Ադրբեջանական կողմը Ֆեյսբուքում գովազդ է տեղադրում, որպեսզի այդ տեսանյութերը հայկական կողմին հասնեն, որովհետեւ համոզված են, դա, առնվազն, հոգեբանական ընկճվածություն է առաջացնում: Տեղադրում են նաեւ ռազմական հանցագործություններ պարունակող տեսանյութեր, որոնք ուղղված են ադրբեջանական եւ հայկական հասարակությանը: Ակնհայտ է, որ սրան պատրաստվել են նախապես»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, օրինակ՝ պարզել են, որ անօդաչու սարքերից հարվածների որոշ տեսանյութեր, որոնք Ադրբեջանը հրապարակել է, կապ չունեն արցախյան պատերազմի հետ եւ նկարահանված են Սիրիայում ու Լիբիայում. «Թուրքիան այդ նկարահանումները պահել է եւ փոխանցել ադրբեջանական կողմին»:

Քննարկման մասնակից լրագրող Մարկ Գրիգորյանը գտնում է, որ պետք է տարանջատել ինֆորմացիան եւ քարոզչությունը: Անդրադառնալով ոչ պաշտոնական տեղեկատվությանը, որը հրապարակել է ադրբեջանական կողմը եւ որտեղ անօդաչու սարքից ռազմական տեխնիկային հարվածելու տեսարաններ են, պարոն Գրիգորյանն ասաց՝ դա ավելի շատ քարոզչական նշանակության նյութ է, քան լրատվական:

Մարկ Գրիգորյանի խոսքով, այսօր խնդիր ունենք նաեւ պատերազմն իրենց ուսերին կրող մարդկանց պատմությունները վավերագրելու, ներկայացնելու, եւ չպետք է զուտ բավարարվել պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնելով:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, երբ պատերազմը երկարում է, դառնում է զուտ վիճակագրություն՝ այսքան զինտեխնիկա խոցվեց, այսքան մարդ մահացավ: Նրա խոսքով, լրագրողների խնդիրն է՝ թույլ չտալ, որ պատերազմը դառնա վիճակագրություն, այլ պետք է մարդկանց ողբերգությունների մասին մշտապես խոսվի. «Թույլ չտալ, որ մարդկային ողբերգությունը վերածվի զուտ վիճակագրության, իսկ պատերազմը մոռացվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30