«Ռուսաստանի հետ համաձայնագրի երկրորդ կետը խոսում է ագրեսիայի վտանգի եւ ագրեսիայի դեպքում գործելիք մեխանիզմների մասին: Դրանք փոքր-ինչ տարբեր են: Տվյալ պարագայում ելնում ենք նրանից, որ կա ագրեսիայի վտանգ»,- ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին հղված նամակին՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե արձանագրենք, որ ագրեսիա է, առաջնահերթ ՄԱԿ-ին պետք է դիմենք, որովհետեւ ագրեսիայի դեպքում դիմում ես ինքնապաշտպանության: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ դիմում ես ինքնապաշտպանության, ապա՝ քո դաշնակիցներին: Եթե ինքդ դա չես ընդունում որպես ագրեսիա, ո՞նց ես ուրիշին ասում, որ քո դեմ ագրեսիա է»,-հարցադրում արեց Քոչարյանը:
Նա շարունակեց. «Դա ենթադրում է լուրջ աշխատանք եւ նախապես պարզել դաշնակիցներիդ վերաբերմունքը: Այս պարագայում ՀՀ տարածքը, իհարկե, ռմբակոծվում է, էլ չասեմ ԱԹՍ-ների մասին, բայց այսօր այդ ամենը որպես ագրեսիա գնահատելը քաղաքական որոշում է, որը կայացվում է՝ ելնելով շատ հանգամանքներից: Ամեն դեպքում, անվիճելի է, որ ագրեսիայի վտանգը կախված է, այդ պատճառով դիմել ենք երկրորդ հոդվածով, որը ենթադրում է խորհրդակցություններ, որոնց արդյունքներով էլ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն: Այդ մասն արդեն փակ է հարցադրումների համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ