Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Իրանը մտահոգ է, որ ահաբեկիչներն իր սահմանին են. վտանգը հստակ զգում է նաեւ ՌԴ-ն». Շավարշ Քոչարյան

Նոյեմբեր 05,2020 16:54

«Այս ընթացքում համապատասխան աշխատանքը շարունակվել է եվրասիական տնտեսական եւ ռազմաքաղաքական կառույցների, նաեւ՝ ԱՊՀ-ի հետ: Նույնը վերաբերում է հարեւան Վրաստանին եւ Իրանին: Իհարկե, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեր հարեւաններին»,- ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ թուրքադրբեջանական տանդեմի լայնածավալ ագրեսիայի համատեքստում ՀՀ հարեւան երկրների շահերին՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են իր սահմանի մոտ: Ակնհայտ է, որ դա Իրանին անհանգստացնում է, եւ նրանք այդ մասին բացահայտ խոսում են ու որոշակի նախապատրաստական աշխատանքներ են ստիպված կատարում: Իրենք այդ ահաբեկիչների հետ կռվում են Մերձավոր Արեւելքում, հիմա դրանք հայտնվել են իրենց հարեւանությամբ»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով. «Վտանգը հստակ զգում է նաեւ ՌԴ-ն, որովհետեւ վտանգը մոտենում է Հյուսիսային Կովկասին եւ ողջ ԱՊՀ տարածքին: Այդ վտանգից զերծ չի մնում նաեւ Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձեւավորվել է իրավիճակ, որը մտահոգում է շատ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի հարաբերություններ»:

Փոխնախարարն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հարեւանների հետ ՀՀ-ի հարաբերությունները չեն նահանջել. «Մյուս կողմից լավ հասկանում ենք, որ նման իրավիճակը սրում է մեր հարեւանների խնդիրները: Դա վերաբերում է այդ թվում Իրանին, որն, այնուամենայնիվ, կարողանում է լուծել խնդիրները: Այս ընթացքում հստակ արձանագրվեց, որ Իրանի համար կարմիր գիծը իր սահմանն է: Մոտավորապես նույնը լսել ենք նաեւ ՌԴ-ի կողմից»:

Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ից բացի որեւէ այլ միջազգային կազմակերպություն այս իրավիճակին միջամտելու լիազորություն չունի. «Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է ենթադրել տնտեսական պատժամիջոցներ կամ ուժի կիրառում: Եկեք ֆիքսենք սա եւ հասկանանք, որ դրա համար ՄԱԿ-ի մշտական հինգ անդամներից որեւէ մեկը «վետո» չպետք է դնի: Դա շատ բարդ գործընթաց է»:

Փոխնախարարի բնորոշմամբ՝ միջազգային մի շարք կազմակերպություններ գնալով շատ ավելի հստակ են արտահայտվում հակառակորդի միջազգային հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների մասին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30