Այսօր «Արցախյան տեղեկատվական պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց տեղեկատվական պատերազմում մամուլի մասին: Ըստ նրա, մինչ պատերազմի սկսելը Ադրբեջանը եւ Թուրքիան խոշոր նախապատրաստական աշխատանք են տարել, որպեսզի տեղեկատվական պատերազմում ամուր դիրքեր ունենան, միջազգային մամուլում մեծ հասանելիություն ապահովվի իրենց համար: Բացի այդ, ըստ բանախոսի, կար նաեւ ճնշում պաշտոնական մակարդակով. այն լրատվամիջոցները, որոնք այս կամ այն մակարդակում կախված են արտասահմանյան պետական կառույցներից, նույնիսկ մասնավոր լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ էին գործադրվում այն տրամաբանությամբ, որ չպետք է որեւէ կերպ իրենց համակրանքն արտահայտեն Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, ինչը բերեց հավասարակշռության շեղման:
«Նույնիսկ շատ առաջատար լրատվամիջոցներ, որոնցից դժվար էր ակնկալել, որ նրանք ադրբեջանամետ դիրքորոշում կզբաղեցնեին, հենց այդպիսիք էին, քանի որ վախենում եւ խուսափում էին շատ լուրջ քննադատական գրողներից: Եղել են դեպքեր, երբ սկսել են նորմալ կամ բարենպաստ լուսաբանել, բայց մի քանի օր հետո պատկերը կրկին փոխվել է»,- ասում է փորձագետը՝ հավելելով, որ այսօր արդեն, այս առումով լուրջ խախտումներ կան, որոնք կարող ենք արձանագրել:
Բորիս Նավասարդյանը նկատում է՝ մարդիկ, ովքեր խոսքի ազատության առաջամարտիկներ են եղել, այս օրերին անգամ սկսեցին կոչ անել՝ սահմանափակել ադրբեջանական մամուլին հասանելիությունը, ֆեյսբուքը փակել եւ այլն: Այս պայմաններում Բորիս Նավասարդյանը ճիշտ է համարում, որ պետությունը մոդելավորի, բայց դա անի այնպես, որ չստեղծի վտանգներ՝ տեղեկատվության պակասից խուճապի առաջացման, քանի որ դա էլ պակաս կարեւոր չէ:
Խոսելով Հայաստանում կիրառված սահմանափակումների մասին էլ, բանախոսն ասաց, որ դրանք չեն պարունակում լուրջ վերլուծություն, բոլոր հնարավոր քայլերի խորը իմաստավորում չի իրականացրել. «Դա է պատճառը, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող էին հարթվել առանց ռազմական դրության խստացումների, շարունակում են մնալ: Տեսնում ենք բազմաթիվ օգտատերերի, որոնք գիտակցված խուճապ եւ ապատեղեկատվություն են տարածում: Կան նրանց սահմանափակելու հստակ մեխանիզմներ, բայց որեւէ բան չի արվում: Իսկ այն տեղեկությունները, որոնք լուրջ սպառնալիք չեն ներկայացնում, բայց ֆորմալ առումով ռազմական դրության սահմանափակումների խախտումներ են պարունակում, նրանց նկատմամբ բավականին խիստ միջոցներ են կիրառվում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ վերլուծվեն արված-չարված քայլերը եւ ավելի արդյունավետ ու հետեւողական քաղաքականություն իրականացվի»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ