Լրահոս
Օրվա լրահոսը

«BBC-ին հարցազրույց տվողի հնչեցրած՝ «ազատագրված տարածքներ»-ը փոխարինել է «զավթված տարածքներ» բառով, ինչը պրոֆեսիոնալ նորմերի կոպիտ խախտում է». Բորիս Նավասարդյան

Նոյեմբեր 05,2020 16:27

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով,  պատերազմական այս շրջանում կիբերհարձակումների որակն ակնհայտորեն փոխվել է: Այսօր այս մասին պարոն Մարտիրոսյանն ասաց «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը: Թեման՝ տեղեկատվական պատերազմն էր: «Այսօր չեն գործում միայն ադրբեջանական հատուկ ծառայությունները: Երկու վարկած կա՝ կամ լուրջ գումարներ են ներդրվել եւ ներգրավվել են վարձկան հաքերային թիմեր կամ թուրքական հատուկ ծառայություներն են, քանի որ հարձակումների մեջ որակական փոփոխություն կա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա տվյալներով, երկու կողմից էլ ավելի շատ մարդիկ են ընդգրկվել տեղեկատվական պատերազմում. «Մեկ ամսվա մեջ Twitter-ի հայաստանյան օգտատերերի թիվը տասնապատկվել է, ահռելի քանակով մարդ գրանցվել է, որպեսզի մասնակցի տեղեկատվական հոսքերին եւ ինչ-որ բան անի, նույնն՝ Ադրբեջանում»:

Հարցին՝ Ադրբեջանում սոցիալական ցանցերը շարունակո՞ւմ են փակ մնալ, թե՞ արդեն բացվել են, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ այսօր ամենաշատ ծրագրերը որոնք ներբեռնում են նրանց քաղաքացիները՝ դրանք այն ծրագրերն են, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելքները եւ օգտվել սոցցանցերից. «Մի փոքր տատանումներով է: Բացվում են, փակվում են, երկու շաբաթ առաջ սոցցանցերից օգտվում էին թրոլերի ֆաբրիկայի աշխատակիցները, դա այն մարդիկ են, որոնք պետական աշխատավարձով նստած են սոցցանցերում, բայց այսօր սոցցանցերից օգտվողների թիվը գնալով աճում է Ադրբեջանում, որովհետեւ մարդիկ այդ ծրագրերի միջոցով շրջանցում են արգելափակումները»:

Քննարկման մասնակից «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ադրբեջանական եւ թուրքական կողմը լուրջ նախապատրաստական աշխատանք է տարել մինչ պատերազմը՝ ընդլայնել է թրոլերի ֆաբրիկաները, տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցների հետ աշխատանք է տարել, որպեսզի այս պատերազմում բարենպաստ միջավայր ստեղծեն Ադրբեջանի համար: Ըստ Բորիս Նավասարդյանի, ակնհայտ է, որ հսկայական գումարների դիմաց թիրախավորվել են այն լրատվամիջոցները, որոնք մշտական կարիք ունեն ֆինանսավորման եւ նրանց գնելը բավականին հեշտ էր. «Եղել են դեպքեր, երբ սկզբում հայանպաստ դիրքից լուսաբանել են, բայց հանկարծ նկատել ենք, որ հակառակ պատկերն է ստեղծվում:

Խախտումներ են թույլ տվել, որոնք հստակ արձանագրվել են, օրինակ՝ տվել են որեւէ պաշտոնյայի ուղիղ խոսքը, որը հնչում է հայերեն եւ ներկայացվում է թարգմանաբար, բայց տեսնում ես, որ թարգմանության ընթացքում էականորեն կամ ոչ այնքան էականորեն փոխվում է բովանդակությունը: Նույնիսկ այնպիսի հարգված լրատվամիջոց ինչպիսին BBC-ն է, իր նյութերից մեկում հարցազրույց տվողի հնչեցրած՝ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը փոխարինել է «զավթված տարածքներ» բառով, ինչը պրոֆեսիոնալ նորմերի կոպիտ խախտում է»:

Ինչ վերաբերում է խոսքի ազատության սահմանափակումներին, պարոն Նավասարդյանը գտնում է, որ տեղեկատվական շատ լուրջ սպառնալիքներ կային եւ շատ դժվար էր խուսափել սահմանափակումներից: Ըստ նրա, դրա համար նույնիսկ հանրային պահանջ կար: Նա կարեւոր է համարում, որպեսզի պետությունը վերլուծի այն բոլոր առանձնահատկությունները, մարտահրավերները եւ փորձի մոդելավորել՝ ինչպիսի միջոցներով կարելի է այստեղ նվազեցնել սպառնալիքները եւ իրական վտանգները, բայց մյուս կողմից չստեղծել խուճապային տրամադրություններ տեղեկությունների պակասի արդյունքում, որովհետեւ, ըստ Բորիս Նավասարդյանի, դա էլ ոչ պակաս վտանգավոր է այսպիսի իրավիճակներում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30