«Իրականում խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է: Սա արձանագրենք միանգամից: Դա ճշմարտություն է, որը բոլորիս համար էական է»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանաթուրքական տանդեմի լայնածավալ ռազմական ագրեսիային՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Կախված մեր հաջողություններից, կարծում եմ՝ լինելու է մոտակա ժամանակներում, էապես փոխվում է ամեն ինչ: Մի հարց էլ: Խնդիրը վերաբերում է նաեւ մեր դաշնակիցներին եւ հարեւաններին: Այստեղ ակնհայտ է, որ հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշը կռվելու է քո հողի համար, կործանարար է այդպես մտածողների համար: Առաջնահերթ մենք պետք է պահենք մեր հողը եւ գոյատեւման համար մենք պետք է պայքարենք: Այլ բան է, որ պետք է ձգտենք, եւ այդ ուղղությամբ աշխատանք է արվում, առավելագույնս աջակցություն ստանալ թե հարեւաններից, թե դաշնակիցներից»,-հավելեց փոխնախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ