Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսենիկ Մանուկյանը՝ ուրարտերեն «երջանիկ կին» ուղերձի մասին

Նոյեմբեր 05,2020 15:25

Այսօր առավել քան երբեւէ անչափ կարեւորվում է տեղական արտադրանքն ու տեղական արտադրողին խրախուսելը: Ոլորտում կարեւորագույն տեղ են զբաղեցնում նաեւ կանայք: Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է նորաստեղծ «Նուարդ» ապրանքանիշի հիմնադիր Վարսենիկ Մանուկյանի հետ: «Նուարդը» շուկա է մտել այս տարվա հոկտեմբերին, երբ արդեն պատերազմ էր, ու Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծվել էր ադրբեջանաթուրքական ագրեսիան: Տիկին Մանուկյանը պատասխանել է Aravot.am-ի մի քանի հարցերին:

-Ինչպե՞ս ծնվեց նոր ապրանքանիշ ստեղծելու գաղափարը:

-Տարիներ առաջ, երբ Ֆրանսիայում էի, ինձ գրավեցին տեղական բազմաթիվ ապրանքանիշեր, որոնք արտադրում էին բնական կոսմետիկա և իրականացնում վաճառքը իրենց փոքրիկ ֆիրմային խանութներում: Առավել հետաքրքիր էր այն հանգամանքը, որ այդ կոսմետիկայի ապրանքանիշերը Հայաստանում հայտնի չեն, բայց առանձնանում են իրենց բնական բաղադրությամբ և որակով՝ չզիջելով միջազգային ամենահայտնիներին։

Այդ ժամանակ հասկացա, որ ուզում եմ զբաղվել հենց այդ գործով՝ արտադրել բնական հայկական կոսմետիկա` շեշտը դնելով որակի վրա:

Բրենդի անունը ընտրելիս ոգեշնչվել եմ հայտնի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդավեպից, որտեղ իմ կարծիքով ամենահետաքրքիր կերպարը Նուարդն է՝ Արա Գեղեցիկի կինը, որին հավատարիմ մնաց իր ամուսինը։ Ի դեպ, «ՆՈՒԱՐԴ» բրենդի կարգախոսն է «երջանիկ կին», որը գրված է ուրարտերեն սեպագրերով ապրանքանիշի ներքևի հատվածում: Կարելի է ասել հայոց թագուհի Նուարդը մեր ապրանքանիշի խորհրդանիշն է:

– Հե՞շտ է կին լինելով ճանապարհ հարթելը եւ հայաստանյան շուկայում տեղ գտնելը:

-Անկեղծ ասած կին թե տղամարդ լինելը, Հայաստանում կամ աշխարհի մեկ այլ երկրում բիզնես սկսելու համար էական չէ: Ամենակարևոր գործոնը հավատն է սեփական ուժերի հանդեպ, նպատակասլացությունը և աշխատասիրությունը։

Նշեմ նաև, որ իմ կարևոր առանձնահատկություններից մեկն է մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելը և նրանց դրական էներգիայով վարակելը, որի շնորհիվ ես կարողացա ձևավորել հիանալի թիմ, և որի արդյունքն է մեր «ՆՈՒԱՐԴ»-ը:

– Ի՞նչ նախասիրություններ ունեք՝ երաժշտություն, գրականություն, սպորտ եւ այլն: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել:

-Նախասիրությունները մի քանիսն են, ցավոք ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով շատ նախասիրություններ մնացել են անցյալում։ Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, համեղ պատրաստել և զբաղվել այգեգործությամբ՝ մասնավորապես բույսեր և ծաղիկներ աճեցնելով։

Ի դեպ, շուտով պատրաստվում ենք շուկա հանել ձեռքի և դեմքի բնական օճառներ՝ հենց իմ աճեցրած ծաղիկների և բույսերի հումքով։

-Ձեր դիտարկմամբ հատկապես ինչո՞վ պետք է աջակցել տեղական արտադրողին:

-Առաջինը չխանգարելն է: Ցանկալի կլինի պետության կողմից պարբերաբար լինեն աջակցության ծրագրեր, որպեսզի մեր նման սկսնակ հայկական ապրանքանիշերն ունենան մատչելի գներով տաղավարներ, որտեղ մենք կկարողանանք ներկայացնել մեր արտադրանքը` բացել մեր ֆիրմային փոքրիկ խանութները: Ի դեպ, հաշվի առնելով վարձավճարների բարձր լինելը, «Նուարդը» դեռեւս վաճառվում է միայն առցանց, հուսով եմ նման ծրագրերի առկայության դեպքում մենք կունենանք Երևանում մեր փոքր ֆիրմային խանութը:

-Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

-Այո, որովհետև ապրում եմ իմ հայրենիքում, ունեմ սիրելի աշխատանք, բիզնես և հիանալի թիմ։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Վարսենիկ Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30