Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինադադարի կնքման 40-րդ օրը ադրբեջանցի կանայք անցել են Իջևանի սահմանը, հանդիպում են կազմակերպել. այն ժամանակ միջավայրն ավելի պարզ էր». Նատալյա Մարտիրոսյան

Նոյեմբեր 05,2020 14:55

«Հասարակական սեկտորը բավականին մեծ աշխատանք էր կատարում, բայց դա չի կարելի դիտել անկախ այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում պետություններում և ամբողջ աշխարհում»,- հարցին՝ ինչո՞ւ չաշխատեցին խաղաղաշինության ծրագրերը, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում այսպես պատասխանեց «Democracy today» ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը: Նա կարևորեց՝ պետք է հաշվի առնել նաև այն գործոնները, որոնք կան Ադրբեջանում և մանրամասնեց. «Միջազգային կազմակերպությունները, դեսպանատները, որոնք գտնվում էին Ադրբեջանում, չէին զեկուցում իրենց երկրներում, որ ավտորիտարիզմի կոնսոլիդացիա է լինում Ադրբեջանում, որ երկիրն ավելի միլիտարիզացված է դառնում, որ թշնամությունը դառնում է քաղաքական ծրագիր: Դրա մասին չէր նշվում, քննարկումներում. զեկույցները, որոնք Ադրբեջանի մասին ներկայացվում էին, լղոզված էին»: Ըստ նրա՝ այս ամենը հանգեցնում էր նրան, որ հասարակական սեկտորն առհասարակ Ադրբեջանում նպաստում էր նրան, որ հենց այդ սեկտորը բավականին վատ վիճակում հայտնվեր, և մտածող մարդիկ, որոնք չէին համաձայնում Իլհամ Ալիևի ռեժիմի հետ, լքում էին երկիրը: Գյուլնարա Շահինյանի կարծիքով՝ հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է. «Լռությունը կամ հավասարություն դնելը շարունակվում է»:

Նա կարևորեց այն միջավայրը, որում խոսվում է խաղաղասիրության մասին ու արձանագրեց. «Հիմա աշխարհը շատ վատ վիճակում է. տեսեք կոչերը: Նույնիսկ ՄԱԿ-ի կոչերը՝ միավորվել COVID-19-ի դեմ պայքարում՝ այսպես ասած բիոլոգիական զենքի դեմ, աշխարհը չընդունեց: Աշխարհը չտեսավ նոր վտանգ դրա մեջ. ամեն մեկը սկսեց առանձին պայքարել: Նույնիսկ մրցակցություն եղավ պատվաստանյութի հետ կապված: ԵԱՀԿ-ն մինչև հիմա ղեկավարություն չունի, Բրեքզիթից հետո տեսեք ԵՄ-ի վիճակը»:

Ըստ Գյուլնարա Շահինյանի՝ Արցախը լավ մոդել է աշխարհի համար ճկունության, համառության, ժողովրդավարական արժեքների, օրինակ բերեց վերջին ընտրությունները: Ըստ նրա՝ աշխարհը մեզ չի պաշտպանում, քանի որ զբաղված է իր պառակտումներով, մինչդեռ ըստ նրա՝ խաղաղաշինությունը հենց այն է, որ պետք է բարձրացնել մարդկանց իրավունքների պաշտպանությունը, որոնք ապրում են չճանաչված տարածքներում:

Խոսելով Ադրբեջանի հայտարարությունների և վարած քաղաքականության մասին՝ Գյուլնարա Շահինյանը նշեց. «Եթե Իլհամ Ալիևը խոսում է նրա մասին, թե իմ հողն է և կատարում է այնտեղ էթնիկ մաքրում, միջազգային հանրությունն այդ ամենը պետք է տեսնի: Իհարկե, վատ է, որ ՀՀ-ն, Թուրքիան, Ադրբեջանը միջազգային դատարանի անդամ չեն, շատ կոնվենցիաների միացած չեն, բայց մարդկության դեմ այդ բոլոր հանցագործություններն այնքան բարձր մակարդակով են կատարված, որ դատարանն ունի իր ճանապարհն ընդունելու այդ գործերը: Փաստերն այնքան շատ են»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի նախագահ Նատալյա Մարտիրոսյանը նկատեց՝ մենք հիմնականում խոսում ենք վերևի շերտի խաղաղության մասին ու հիշեցրեց. «Կարևոր է արձանագրել, որ 1994-ի զինադադարի համաձայնագրի տակ երեք ստորագրություն կար դրված: Մեզ այն ժամանակ թվաց՝ դա երաշխիքն է, որ խաղաղության արժեքի ընկալումն արտահայտվում է հենց այս զինադադարի, կրակի դադարեցման պայմանագրի մեջ: Ցավոք, նման զարգացումներ տեղի չունեցան»:

Խոսելով խաղաղաշինական ծրագրերի մասին՝ նա նշեց, որ միշտ գործել են այն տեսանկյունից, որ վտանգի չենթարկեն իրենց՝ այն կողմի գործընկերների անվտանգությունը: Զարմացած է համանախագահների կոչերի վրա՝ ուղղված երկու պետությունների առաջին դեմքերին, որ պետք է նոր թափ տալ այս գործընթացներին և նախապատրաստել հասարակություններին խաղաղությանը: Այս առիթով նկատեց. «Չեմ հասկանում՝ դրա մեջ ի՞նչ բովանդակություն են դնում, եթե նման երկխոսությունը մեր հարևան երկրում պետության, հասարակության մեջ ոչ միայն արգելված է, այլև տաբու է դրված: Ուրեմն ո՞նց պիտի նախապատրաստես»: Ըստ նրա՝ պատերազմի որոշում կայացնելը շատ ավելի հեշտ է, քան խաղաղաշինություն կառուցելը, քանի որ խաղաղասիրական աշխատանքը պահանջում է կամք, ուժ վստահություն քո հասարակության կողմից. «Մեր պետությունում ժողովուրդը վստահում է իշխանություններին, չգիտեմ՝ Ադրբեջանի ժողովուրդն այս պահին արդյոք վստահո՞ւմ է իր իշխանությանը: Պատերազմի արդյունքները ցույց կտան՝ վստահություն կա՞, թե ոչ»:

Ըստ նրա՝ ինչքան շուտ աշխարհը հասկանա, որ սա միայն մեր խնդիրը չէ, այն լոկալ կոնֆլիկտ չէ, այլ պարունակում է աշխարհաքաղաքական մեծ վտանգ, այս պատերազմը կանգ չի առնի: Այստեղ պրագմատիկ լուծումներ են պետք:

Նա հիշեց՝ 1994-ի հրադադարի համաձայնագրից հետո կարևոր խաղաղաշինական ծրագրեր են արել ու պատմեց. «Զինադադարի կնքման 40-րդ օրը՝ 1994-ին, մենք կազմակերպել ենք հանդիպում. ադրբեջանցի կանայք անցել են Իջևանի սահմանը, կար հատուկ վայր տարածքում, հանդիպում են ունեցել կանայք, իսկ ես, համապատասխան մարմինների ուղեկցությամբ սահմանը հատելով, հանդիպել եմ մի խումբ երիտասարդների հետ: Այդ հանդիպումները լուսաբանվել են: Նույնիսկ երիտասարդները նամակ էին պատրաստել կոչով, դա տպագրվել է մամուլում: Նույնիսկ ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպումներ են եղել, որոնք ստեղծում էին ընդհանուր շահի, շփման դաշտ: Այն ժամանակ շատ ավելի պարզ միջավայր էր: Թվում էր՝ գնում ենք խաղաղության ճիշտ ընկալման գաղափարների ճանապարհով, բայց նաև մեր միջազգային գործընկերների, մեծ կազմակերպությունների ոչ շատ խոհեմ մոտեցումը բերեց այս իրավիճակին: Ստացվեց՝ այս կազմակերպություններն աջակցում են միլիտարիստական, մաքսիմալիստական գաղափարներին, որը տարածում են Ադրբեջանի իշխանությունները՝ ճնշելով այն բջիջները, որոնք պատրաստ են գնալ հաղորդակցության: Անգամ երիտասարդ կանանց, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ ենք աշխատել, սրանք, ցավոք, փլուզվեցին, և մենք ունենք միանշանակ դեպի ռազմական լուծման տանող ճանապարհ Ադրբեջանի կողմից: Հիմա մեր բոլորի խնդիրն է օր, ժամ առաջ կանգնեցնել այս սարսափելի պատերազմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30