Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունոտ դրամներ՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը. «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնություն

Նոյեմբեր 05,2020 14:08

«Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ ցույց էին կազմակերպել: Գերմանիան ինչպես 105 տարի առաջ, այնպես էլ այսօր մասնակցում է հայերի ցեղասպանությանը՝ իր լռությամբ, հայտարարեցին ցույցի մասնակիցները:

Նախաձեռնության անդամ Եվա Սաֆարյանն ասաց, որ մի քանի օր առաջ է խոսել Գերմանիայում բնակվող ընկերուհու հետ, հորդորել է՝ զգույշ լինել: Վերջինս ասել է՝ գիտի, որ պետք է զգույշ լինի, քահանան հայերի տներ է այցելել եւ հորդորել՝ տներից դուրս չգալ, շրջահայաց լինել: «Այս ի՞նչ է կատարվում, երկրորդ ցեղասպանությո՞ւնն եք իրականացնում՝ ձեր իսկ ձեռամբ»,- Գերմանիայի իշխանություններին հարցնում է արցախցի կինը՝ նկատի ունենալով նրանց լռությունը, որը նաեւ նախորդ դարում էր, երբ հայերի ցեղասպանություն էր տեղի ունենում:

«Վերջ տվեք»,- բղավում էին ցույցի մասնակիցները՝ զգուշացնելով, որ եթե այսօր չի կանխվում Արցախի սահմաններում սկսված ցեղասպանությունը, ապա Թուրքիայի հաջորդ զոհը լինելու են այն երկրները, որոնք այսօր լռում են: «Թուրքական ու ադրբեջանական սփյուռքը, որը այսօր գտնվում է Գերմանիայի տարածքում, վաղը նույն կերպ ներխուժելու է ձեր տներ: Այն, ինչ կատարվում է Ավստրալիայում եւ Ֆրանսիայում, վաղը կատարվելու է Գերմանիայում: Սթափվեք: Արթնացեք»,-ասաց Եվա Սաֆարյանը:

Նախաձեռնության անդամ Սիրանույշ Սարգսյանը հիշեցրեց, որ 105 տարի առաջ Գերմանիան մասնակից է եղել հայոց ցեղասպանության իրականացմանը եւ դա վկայում են հենց գերմանական արխիվները, բայց ցայսօր Գերմանիան դրա համար պատասխանատվություն չի կրել: Պատասխանատվության չի ենթարկվել նաեւ Թուրքիան: Գերմանիան այսօր էլ, ըստ բանախոսի, շարունակում է իր քաղաքականությունը՝ լուռ աջակցելով Թուրքիայի ցեղասպան նկրտումներին, քանի որ այսօր գերմանական զինատեսակներն են կրակում Արցախում եւ ոչ միայն սահմանին, այլ նաեւ թիկունքում, խաղաղ բնակիչների վրա: Թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների մարտագլխիկները Գերմանիայում են արտադրվում:

«Գերմանիան Դաշնային ժողովի մի ամբողջ նիստ է նվիրել Արցախին, բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները խոսել եւ ասել են, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Բայց ի՞նչ եք արել դուք: Դուք միայն խոսում եք: Դուք քաղաքական ծաղրածուներ եք, միայն մեր տղաների արյունով թաթախված փողերի մասին եք մտածում: Ամոթ: Օդանավակայանում ձերբակալված մի գերմանացի լրագրողի համար ամբողջ աշխարհն եք շուռ տալիս, Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառում, բայց երբ գերմանական լրատվամիջոցներն են ցույց տալիս, թե ինչպե՞ս են գլխատվում մեր գերիները եւ դուք լռում եք, որովհետեւ մասնակցում եք դրան: Դուք աշխարհին արդեն մի Հիտլեր տվել եք, այսօր նոր Հիտլեր եք աճեցնում եւ դա անում եք մեր եղբայրների արյունով: Եթե հիմա չկանխեք՝ այդ Հիտլերին սպասեք ձեր տանը»,- ասաց նա հորդորելով՝ ճանաչել Արցախի անկախությունը՝ կանգնեցնել ցեղասպանությունը եւ փրկել Գերմանիայի դեմքը:

Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանն էլ հիշեցրեց, որ քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգայնորեն արգելված եւ քիմիական զենքեր են կիրառվում եւ ասաց. «Եկեք եւ երաշխիք ստեղծեք, որ լկտի Ադրբեջանը Թուրքիայի հետ պահպանելու է հրադադարը: Մենք կեղծ հրադադար չենք ուզում, կեղծ օրակարգ չենք ուզում, մեր դահիճի հետ սեղան նստել չենք ուզում, նոր խաղաթղթերով բանակցային գործընթաց չենք ուզում, մենք տեւական խաղաղության կողմնակից ենք: Մենք մեր հայրենիքում ապրել ենք դարերով եւ ապրելու ենք դարերով, մենք վաղուց հաղթել ենք մահը, մենք ծնում եւ դաստիարակում ենք այնպիսի սերունդ, որը մահին գնում է ընդառաջ՝ բաց ճակատով: Ասեք ձեր հերոսների անունները, դուք ունե՞ք նման կերպարներ: Հայի արյունով թաթախված եվրոներն ու մանաթները ձեր լռության արդյունք են: Ո՞ւր են ձեր արժեքները, որոնց իբր կրողն եք, մենք ձեր ճակատին ենք տալիս արյան մեջ թաթախված այդ արժեքները, խեղդվեք այդ արյան մեջ, գուցե թե խիղճն արթնանա: Ամոթ»:

Արյունոտ դրամները նա նետեց դեսպանատան դարպասների մոտ եւ հավելեց. «Եկել ենք ասենք, որ ձեզ չենք վստահում, չենք հավատում, 100 տարի առաջ խաբել եք Իսրայել Օրուն, այսօր էլ լռում եք: Մենք ձեզնից ոչինչ չենք ակնկալում, պարզապես եկել ենք հիշեցնենք՝ թուրքը կրակում է մեջքից, թուրքն աչք ունի ձեր ունեցվածքին ու արժեքներին: Արթնացեք: Եկել ենք ասենք, որ նոր ցեղասպանություն չենք հանդուրժելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30