Լրահոս
Օրվա լրահոսը

«3 անգամ Ադրբեջանն ուղղորդվել է Թուրքիայի կողմից եւ 3 անգամ մենք ունեք իրավիճակ, երբ անկարող է Ադրբեջանը լինել պատասխանատու եւ հետեւողական». Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 05,2020 13:55

Այսօր ԱԺ-ում լրագրողները արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեցին՝ դուք երեք անգամ հանդիպեցիք Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ՝ փորձելով հասնել հրադադարի, բայց 3 անգամ էլ խախտվեց հրադադարը, խոսե՞լ եք նրա հետ, ի՞նչն է պատճառը՝ Մնացականյանը պատասխանեց. «Ես ձեզ ավելին հիշեցնեմ՝ 3 անգամ 3 համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել սրա մեջ՝ զինադադարի հասնելու առումով, 3 անգամ լրջագույն ներդրում են դրել դրա մեջ, 3 անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել է եւ ապահովել է դրա համաձայնությունը եւ 3 անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետեւ 3 անգամ Ադրբեջանը նաեւ ուղղորդվել է իր այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից եւ 3 անգամ մենք ունեք իրավիճակ, երբ անկարող է Ադրբեջանը լինել պատասխանատու եւ լինել հետեւողական՝ իր համաձայնությունն իրականացնելու համար: Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել՝ զինադադար ամրագրելու ուղղությամբ, ոչ միայն միայնակ, այլեւ՝ համանախագահների հետ միասին: Հիմքում դրված են այն 4 կետերը, որոնք կան հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ եւ դրանք վերահաստատվել են նաեւ մյուս հանդիպումների ժամանակ: Մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք մեր աշխատանքները»:

Իսկ թե Բայրամովն ինչպե՞ս է բացատրում դա, որ չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Կարեւոր հարցերից մեկն այստեղ վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը»: Ըստ նախարարի, համանախագահներն այդ առումով վճռական են տրամադրված:

Լավրովն առաջարկում է թեժ գծի ներդրում, ինչպես նաեւ դիտորդների առկայություն, դրա հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում՝ Մնացականյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է նույն վերիֆիկացիոն համակարգի ներդրմանը, որն այսօր մեր գերակա հարցերից մեկն է:

Հարցին՝ նախագահական ընտրություններից հետո ակնկալիք ունե՞ք, որ ԱՄՆ-ի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ՝ նախարարը պատասխանեց. «ԱՄՆ-ի դերակատարությունը եւ ներգրավումը եղել է շատ ակտիվ: Ես առիթ ունեմ ասելու, որ այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամենից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ, որպես համանախագահ երկիր, շարունակվելու է եւ մնալու է ակտիվ, ինչպես որ դա ակտիվ է նաեւ ե՛ւ ՌԴ-ի կողմից, ե՛ւ Ֆրանսիայի կողմից: Նկատել եք, որ ներգրավվածությունը համանախագահող երկրների սկսում է ամենաբարձր մակարդակից»:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ 3 համանախագահների հետ աշխատում են ե՛ւ միասին՝ որպես համանախագահներ, ե՛ւ առանձին, ըստ ունեցած գործիքակազմի:

Հարցին՝ Թուրքիան է այս իրավիճակը վիժեցնողը, բայց միջազգային հանրության մեջ կա՞ այդ ընկալումը, որ Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնեն ու զսպեն՝ նախարարը պատասխանեց. «Շատ էական է մեզ համար զսպելու այն ագրեսիվ ու ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է նաեւ մեր տարածաշրջանում ու արտահայտվել է անմիջապես մեր դեմ: Մենք շարունակել ենք աշխատել բոլոր շահագրգիռ մեր գործընկերների հետ, որոնց անհանգստացնում է այս իրողությունը, որը խիստ ապակայունացնող է եւ անմիջապես զգացվում է մեր տարածաշրջանում ու անմիջապես արտահայտվում է մեր հանդեպ ագրեսիայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30