«Անցյալ տարի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեցին ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշել որպես Դպրոցում բռնության դեմ պայքարի միջազգային օր, բայց այսօր երբ խոսում ենք դպրոցում բռնության դեմ պայքարի կարեւորությունից՝ պետք է առաջին հերթին գիտակցել, թե ինչպիսի բռնություն է իրականացվում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով՝ Արցախի երեխաների, սովորողների նկատմամբ: Խախտվում է շուրջ 33000 մարդու կրթության իրավունքը, եւ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրականացնել դպրոցներում, մանկապարտեզներում, քոլեջներում, ուսումնարաններում եւ բուհերում»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում անդրադառնալով արցախցիների կրթության իրավունքին:
Նրա խոսքով, ուսումնական հաստատություններ են վնասվել, եւ վերջին տվյալներով, շուրջ 61 դպրոց եւ 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, բռնության թիրախ են դառնում նաեւ ՀՀ սահմանամերձ համայնքների սովորողները. «Դեռեւս պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից՝ անվտանգության նկատառումներից ելնելով սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով, եւ շուրջ 10000 սովորողներ հնարավորություն չունեցան դպրոց հաճախել սեպտեմբերի 28-ից սկսած…Բացի այդ, ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր՝ Հայաստանի Հանրապետությունում… Տեսնում ենք շարունակական թիրախավորում եւ բռնություն….Պատերազմական այս իրավիճակը մեծապես վտանգում են երեխաների բոլոր իրավունքները»:
ԿԳՄՍ նախարարը նշում է, որ պատերազմի պատճառով կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջանում՝ կյանքի իրավունքի պահպանման տեսանկյունից, երեխաները չեն կարողանում գտնվել իրենց բնականոն միջավայրում:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է իրականացրել ԿԳՄՍ նախարարությունը: Ասաց, որ առաջին օրվանից քայլեր են ձեռնարկել սահմանամերձ համայնքների կարիքները գույքագրելու ուղղությամբ, մարզերից ստացել են համապատասխան կարիքները, մարզերի երեխաներին ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, բանակցություններ են վարել ինտերնետ կապի ոլորտում աշխատող ընկերությունների հետ եւ շուրջ 10000 սովորողներին կարողացել են ապահովել անվճար ինտերնետ կապով:
Ինչ վերաբերվում է Արցախից Հայաստան ժամանած դպրոցահասակ երեխաներին, նախարարի տեղակալն ասաց, որ շարունակական մշտադիտարկում են իրականացվում եւ ամեն շաբաթվա կտրվածքով ստանում են տվյալներ երեխաների՝ դպրոցներում ընդգրկվելու վերաբերյալ: Նրա խոսքով,Արցախից ժամանած երեխաներն ընդգրկվում են իրենց ամենամոտ գտնվող դպրոցում՝ անկախ փաստաթղթերի եւ դպրոցում լիցենզիոն տեղերի առկայությունից: Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ համագործակցում են Արցախի կրթության նախարարության գործընկերների հետ, գրենական պիտույքների եւ այլ կարիքների ապահովման համար աշխատում՝ նաեւ համայնքների հետ:
Փոխնախարարը հավելեց նաեւ, որ երեխաների թվի ավելացմամբ պայմանավորված՝ նոր ուսուցիչների ընդգրկելու անհրաժեշտություն կա, սակայն առաջնահերթությունը տրվելու է ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցի ուսուցիչներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ