Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին էր դիմել՝ խորհրդակցություններ անցկացնելու եւ աջակցելու խնդրանքով: Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեցին՝ ի՞նչ փուլում է աջակցությունը: Նախարարը պատասխանեց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են. «Այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին եւ դրանից բխող գործառույթներին, ինչ անհրաժեշտ է՝ հիմա արվում է: 97-ի պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են գործառույթներ, որոնք արտահայտված են նաեւ այլ փաստաթղթերի մեջ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն կա՞, որովհետեւ գիտենք, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերներ են, Երեւանը մտահոգությո՞ւն ունի, որ դիմելու դեպքում նրանք կհրաժարվեն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները կատարել ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանել՝ նախարարը պատասխանեց. «Հարցը խորը վերլուծությունների, առանձին քննարկումների հարց կարող էր լինել, բայց կարճ եւ կոնկրետ՝ պատասխանն այս է՝ մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում եւ ինչպես անհրաժեշտ ենք գտնում էֆեկտիվության, արագության առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ