Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ, վախկոտներ». «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները պատռեցին նամակը եւ շպրտեցին Գերմանիայի դեսպանատան դարպասների մոտ

Նոյեմբեր 05,2020 13:18

«Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք միջազգային ահաբեկչությունը», «Սանձեք Էրդողանին եւ Ալիեւին». այս ուղերձ-պահանջներով այսօր «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ էին: Գերմանիայից պահանջում են՝ իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր քայլեր ձեռնարկել Թուրքիային սանձելու համար: Դեսպանից պահանջում էին՝ դուրս գալ, նայել իրենց աչքերին, լսել այն դժոխային պատմությունները, որոնք զարգանում են արդեն շուրջ 40 օր եւ անձամբ վերցնել պահանջագիր- նամակը, որը նախաձեռնության անդամները պատրաստել էին:

Դեսպանը տեղում չէր՝ համավարակի պատճառով: Փոխդեսպանն էր պատրաստ ընդունել ցույցի մասնակիցներին՝ մեկ հոգու՝ ելնելով համավարակից: Մինչդեռ նախաձեռնող խմբի անդամները երեքն էին եւ հայտարարեցին, որ պահանջում են երեքին էլ ընդունել՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Իսկ համավարակից վախեցող դիվանագետներին ցույցի մասնակիցները հորդորեցին՝ գոնե մեկ հայտարարություն տարածել, որ ահագնացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ լկտիաբար շարունակում են ռազմական գործողությունները, շատերը բնակվելու տեղ չունեն, իսկ «դուք պատսպարվում եք ձեր բարձր ամբիոնների տակ, դիվանագիտության կաթսաներում»: Հիշեցրին նաեւ, որ արցախցի երեխաները անգամ կրթության իրավունքից են զրկված:

Նախաձեռնող խմբի երեք անդամներին ընդունելու պահանջը, փոխդեսպանը մերժեց: Նախաձեռնող խմբի անդամ Սիրանույշ Սարգսյանը զավեշտալի համարեց դա՝ նկատելով, որ համավարակի ժամանակ պատերազմից չեն ուզում խոսել, բայց վախենում են երեք հոգու ընդունելուց. «Իսկ դուք մտածե՞լ եք, թե Covid-ի ժամանակ նկուղներում քանի՞ հոգի է լինում, ինչպե՞ս են ապրում, ինչպե՞ս է մեր հաշմանդամ երեխան իր տանը գլխատվում, դուք վախկոտ եք, դուք ստոր եք, դուք հանցագործ եք»:

Հնչեցին՝ «Ամոթ, վախկոտներ» վանկարկումներ:

«Մենք արհամարհում ենք ձեզ, այնպես ինչպես դուք մեզ»,- հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Ադամյանը եւ պատռեց նամակն ու շպրտեցին դեսպանատան դարպասների մոտ: «Մենք անպաշտպան կանայք չենք, մենք զինակից ենք մեր ընտանիքներին, մեր ամուսիններին, որդիներին: Մենք վախկոտներ ու դասալիքներ չենք, որ թողնենք ու փախչենք առաջնագծից, իսկ սա մեր առաջնագիծն էր: Դուք այսօր փոշիացրեցիք հավատի վերջին փշրանքները, ապաստարաններ կառուցեք, հաջորդը լինելու եք դուք: Մենք հեռանում ենք՝ ամոթանք տալով ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ իր անգործության համար»,- ասաց Լիանա Ադամյանը՝ հավելելով. «Մենք վճռական ենք՝ հաղթելու ենք»:

Նախաձեռնության անդամների հաջորդ ցույցը կլինի երկուշաբթի օրը՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30