Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի վարքը մարտահրավեր է ոչ միայն մեր համար». Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 05,2020 12:50

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ  դիտարկման հետ, թե ստեղծված իրավիճակում ՀՀ-ն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Չունենք բարեկամների պակաս: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում եւ հստակ ենք արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ: Այն կառուցված է ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա, ազգային անվտանգությունն էլ գիտակցաբար է կառուցված»,- ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ասաց նա:

Ըստ նախարարի՝ այսօր լրջագույն մարտահրավեր ունենք, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողություններով, որոնք իրենց հերթին ոչ միայն ՀՀ-ի համար են մարտահրավեր:

«Դա այն ագրեսիվ քաղաքականությունն է, որը վարում է Թուրքիան: Մենք տեսնում ենք հարեւանությամբ այդ ագրեսիվ վարքի սփռումը եւ այն վտանգը, որ դա արտահանվելու է նաեւ Հարավային Կովկաս: Այդ մարտահրավերը վերաբերում է մեզ անմիջապես եւ խիստ ձեւով: Դա մարդկային կյանքեր է, անվտանգության լուրջ մարտահրավեր, որը, սակայն, միայն մերը չէ: Այսօր այն, ինչ տեղի է ունենում Արցախում եւ մարտի դաշտում, դա նաեւ աշխարհագրական մարտահրավեր է: Գործընկերների հետ միասին, առաջնահերթ՝ համանախագահող երկրների, շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք անհրաժեշտ արդյունքի հասնել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու եւ ազգային այս վտանգը բացառելու նպատակով»,-շեշտեց Մնացականյանը:

Նրա բնորոշմամբ. «Արցախի գոյության պայքարը մեր համար ամենածայրահեղ ձեւով արտահայտվում է մարտի դաշտում, եւ այդ ամենը մեր ուժերով ենք անում, բայց ունենք գործակցության բոլոր հնարավորությունները, որոնք օգտագործվում եւ օգտագործվելու են հնարավորինս ակտիվ: Ոչ ամեն ինչ է ակտիվ արտահայտվում, բայց մենք միջազգային հարաբերություններում մեր շահերն ենք հետապնդում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30