Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության այսբովանդակ արգելքն իսկզբանե պիտանի չէ, իսկ դրա նկատմամբ հսկողությունը խտրական. Սիրանուշ Սահակյան

Նոյեմբեր 05,2020 12:41

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ։

Տիկին Սահակյան, գերեվարված Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի ողջ լինելը մեծապես պայմանավորում են Ձեր և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքով։ ՄԻԵԴը բավարարեց Ձեր ներկայացրած դիմումը և պահանջներ դրեց Ադրբեջանի առջև։ Ինչպե՞ս կազմակերպեցիք, որքա՞ն ժամանակ հետո արձագանքը եղավ ու ի՞նչ տեղեկություններ ունեք գերիների մասին։

-Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է այլ համատեքստում, մասնագիտական քննարկումների արդյունքում մենք չբացառեցինք դրա կիրառությունը նաև ռազմագերիների նկատմամբ: Բանն այն է, որ հրատապ միջոցների կիրառման նպատակը անձանց կյանքը իրական վտանգներից պաշտպանելն է, և նրանց նկատմամբ խոշտանգումները բացառելը, քանի որ դրանց հետևանքներն անդառնալի են: Ուստի, հոկտեմբերի 11-ին մենք ներկայացրեցինք առաջին դիմումը Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի վերաբերյալ: Երկու օր անց դատարանը տեղեկատվություն պահանջեց Ադրբեջանից: Հոկտեմբերի 15-ին և 16-ին դատարանին արդեն տեղեկացրեցինք հայ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործությունների մասին: Մեկ օր անց դատարանը կիրառեց անհապաղ միջոց: Այս նախադեպն ունենալով` ներկայումս ներկայացնում ենք անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքներ նաև այլ ռազմագերիների գործերով: Ինչ վերաբերում է ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններին, ապա դրանք Եվրոպական դատարանի պահանջով ներկայացվում են Դատարանին, ըստ անհրաժեշտության լրացվում, դարձյալ Դատարանի պահանջով և տրամադրվում նաև մեզ:

Երեկ ՄԱԿի գրասենյակի առջև, այսպես ասած, խորհրդանշական հուղարկավորություն էր։ Ակցիայի մասնակիցները նման կերպ արտահայտեցին իրենց բողոքն ու զայրույթը՝ նշելով, որ կազմակերպությունը ոչինչ չի անում, իսկ տարածած ոչինչ չասող հայտարարությունները հնչեցին միայն բողոքի ակցիաներից հետո։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ՄԱԿը նման կերպ դիրքավորվել և արդյոք նման կարգի ակցիաները ընդունելի՞ կամ արդյունավե՞տ են։

– Միջազգային կազմակերպությունները գործում են համաշխարհային քաղաքականության մեջ: Այդ կազմակերպություններում թափանցիկության, ներքին վերահսկողության և որոշումների կայացման հստակ չափանիշների բացակայության պայմաններում դրանք արտացոլում են ոչ թե իրավունքն ու արդարությունն, այլ պաշտպանում են հզոր պետությունների հետաքրքրությունները: Կարծում եմ այդ բացահայտ անարդարության հանդեպ ակցիայի մասնակիցների զայրույթն արդարացված է և բողոքի արտահայտման միջոցով պետք է իր ցույց դրվեն այդ կառույցների «մերկությունները»: Բողոքի արտահայտման ձևերի ընտրությունն անհատական որոշում եմ համարում: Ես անձնապես կընտրեի անարդարության դեմ պայքարի այլ եղանակ: Կարծում եմ՝ բողոքի արտահայտումը պետք է բավարարի որոշակի էթիկական կանոնների:

Հաշվի առնելով կամ, ինչպես նշում են ընդդիմադիր որոշ գործիչներ, օգտվելով ռազմական դրությունից ԱԺն օրենքներում նոր փոփոխություններ մտցրեց՝ սահմանափակելով խոսքի ազատությունը։ Ինչո՞ւ ոստիկանությանը տրվեց վերահսկող գործառույթ, չէ որ այն մասնագիտացված կառույց չէ, հետևաբար չի կարող որոշել ՝որ հրապարակումներն են խնդրահարույց։

-Տոտալ «վերահսկողության» նկրտումները կենսագործելիս իշխանությունները, որպես կանոն, ապավինում են ուժային միջամտության: Այս պայմաններում ոստիկանությունը, թերևս, ամենաընդունելի տարբերակ էր: Նույնական դերակատարում Ոստիկանությանն արդեն իսկ տրվել էր Կորոնավիրուսի դեմ պայքարում: Եվ մենք ականատեսն էինք, թե ինչպես ոստիկանությունը չէր կարողանում գնահատել դիմակի կրման հետ կապված պարզագույն իրավիճակները: Արձանագրվել են նաև խտրական գործելակերպի տարրեր: Արդյունքում համավարակի դեմ պայքարի ցուցանիշները վատանում էին, իսկ քաղաքացիներն անհամաչափ կերպով ենթարկվում էին վարչական պատասխանատվության: Արդյունքում այս կարևորագույն ինստիտուտը հայտնվեց հանրային դժգոհությունների թիրախում: Ներկայումս էլ դատարանների ռեսուրսը «վատնվում է» վարչական իրավախախտումների վերաբերյալ ոչ օրինական և անհիմն որոշումները վերացնելու վրա: Հասկանալի է, որ ոստիկանությունն առավել ևս չունի խոսքի ազատության իրավունքի գնահատման կարողություններ: Այդ խնդիրն անգամ դժվարությամբ են լուծում այն դատավորները, որոնք անցել են հատուկ վերապատրաստումներ հենց խոսքի ազատության իրավունքի չափանիշների վերաբերյալ: Այս պայմաններում առանց հստակ չափանիշների գոյության՝ ողջամիտ չէ ակնկալել, որ ոստիկանությունը կարողանալու է գնահատել, թե օրինակ, ո՛ր հրապարակումն է արժեզրկում պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները: Ուստի, ոստիկանությանը նման «առաքելություն» հրամցնելը այդ կարևորագույն ինստիտուտի հեղինակազրկման ամենակարճ ուղին է: Ես ոստիկանությանը համարում եմ այդ օրենսդրական կարգավորումների զոհը, այլ ոչ թե իրական շահառուն կամ գաղափարակիրը:

Ոստիկանությունը նաև չի ասում, թե որ լրատվամիջոցներն են տուգանվել, ինչը անվստահություն է ստեղծում ու հիմք տալիս մտածելու, որ սահմանափակումները ընտրովի են, հիմնավորված չէն։ Ձեր կարծիքն այս առնչությամբ։

-Նախ ես չեմ կիսում այն մոտեցումը, որ ռազմական դրության ընթացքում «մահանում է» հանրային կարևոր հարցերը լուսաբանելու լրատվամիջոցների իրավունք-պարտականությունը: Ճիշտ հակառակը, համաձայն միջազգային չափորոշիչների՝այդ պայմաններում ավելի են սահմանափակվում լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավական հնարավորությունները: Իսկ եթե իշխանությունը պնդում է, որ կա հանրային կարևորության հարցերը լուսաբանելու լրատվամիջոցների իրավունքը սահմանափակելու հանրային շահ, ապա հենց այդ նույն շահը գերակա է նաև անձնական տվյալների պաշտպանությանը: Ոստիկանությունը պետք է սեփական նախաձեռնությամբ հրապարակեր այդ տվյալները, որպեսզի մի կողմից դրանց միջոցով իրականացներ ապագա «իրավախախտումների» կանխարգելումը, և մյուս կողմից, ի ցույց դներ ոչ խտրական և հետևողական իրավակիրառությունը:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ էլ նշեցին, որ նոր փոփոխություններով՝ սահմանափակվում է պատգամավորների` գերատեսչությունների աշխատանքներին ուղղված քննադատությունների իրավունքը, և որ օրենքը խնդրահարույց ձևակերպումներ ունի։ Որո՞նք եք դուք ֆիքսել։

– Նախ, ՀՀ-ում ռազմական դրության հայտարարելու մասին կառավարության որոշումը ոչ թե նախատեսում է խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ, այլ բացարձակ արգելքներ, ինչը չի բխում խոսքի ազատության պաշտպանության միջազգային ստանդարտներից: Արգելքներն ինքնին չեմ բավարարում իրավական որոշակիության կանոնին, իսկ դրանք սանկցավորող օրենքները չեն պահպանել պատասխանատվության համաչափության կանոնը: Այն չունի նաև ընթացակարգային լեգիտիմություն: Անգամ հրատապ, արտահերթ կերպով ընդունվող օրենքների նախագծերը պետք է ուղարկվեն կարծիքի, պետք է իրականացվեն հանրային քննարկումներ, առկա լինեն փորձագիտական եզրակացություններ, այդ թվում՝ միջազգային: Կարծում եմ խոսքի ազատության այսբովանդակ արգելքն իսկզբանե պիտանի չէ, իսկ դրա նկատմամբ հսկողությունը խտրական: Հասկանալի է, որ ոստիկանությունը չի կարող վերահսկել հայաստանցիներին հասանելի, բայց ՀՀ-ից դուրս գտնվող անձանց կամ լրատվամիջոցներին, որոնք տարածում են «անցանկալի» տեղեկություններ: Մյուս կողմից, հայկական լրատվամիջոցների կողմից միակողմանի և հատվածական տեղեկատվության տարածումը նվազեցնելու է այդ լրատվամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը: Արդյունքում, օբյեկտիվ լրահոսի փնտրտուքներում հայաստանցիները դառնալու են օտարերկրյա լրատվամիջոցների և անձանց տեսակետների սպառող, ինչը իսկապես պատերազմական դրության պայմաններում կարող է անվտանգության սպառնալիք դառնալ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30