Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ավագյան. «Հայ զինվորի բազուկը ոչ միայն հայության գոյաբանական, այլև քաղաքակրթական խնդիր է լուծում». «Փաստ»

Նոյեմբեր 05,2020 11:54

Այս պատերազմն առանձին երևույթ չէ: Սա պատերազմի փուլ է, որը նոր չէ ու նոր չի սկսվել: Հայության դեմ պատերազմը սկսվել է դեռ 130 տարի առաջ: Մենք իրավունք չունենք այսօրվա պատերազմը ընդհանուր տրամաբանությունից առանձին ընկալել: «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի դիտարկումն է:

Նրա խոսքով, այս պատերազմի բնույթը հասկանալու համար պետք է դիտարկել հենց Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը շարունակելու նպատակը, ինչի մասին Հայաստանը նաև պաշտոնական ամենաբարձր մակարդակով է խոսել: «Այդ համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան այս պատերազմում ինչ-որ առումով դարձել է կոնֆլիկտի կողմ: Էրդողանն արդեն բացահայտ է հայտարարում, որ ինքն ամենուր է, և այսօր էլ Արևել յան Այսրկովկասում է: Սկսած Սիրիայի պատերազմից և անգամ դրանից մի փոքր առաջ Թուրքիան արդեն աշխարհի հետ հաշվեհարդար էր տեսնում, և հայերի ցեղասպանությունն իր մեծ պլանի մի բլոկն է: Խոսքը պանթուրքական պլանի մասին է: Թուրքիան նաև եվրոպայի հետ հաշվեհարդար տեսնելու խնդիր ունի: Թուրքիան ստեղծեց, այսպես կոչված, փախստականներին, որոնք ՄԱԿ-ի բնորոշմամբ միգրանտներ են, որոնց մխրճում է Եվրոպա:

Հիմա հասել է նրան, որ այսօր թուրքական տարրը եվրոպական երկրներում բավականին մեծ է՝ Էրդողանը այնտեղ հենարան ունի: Այսինքն, աշխարհին տիրելու համար Էրդողանն ամեն ձևով իր հանրությանը պատրաստում է: Իսկ այս տարածաշրջանում կիրառում է նույն մեթոդները, ինչպիսիք կիրառում էր Մերձավոր Արևելքի արևմտյան հատվածում: Հիմա էլ այդ ահաբեկիչներին բերում է Հարավային Կովկաս՝ ընդդեմ հայերի: Ահաբեկիչների միջոցով է փորձում մեզ հետ խնդիր լուծել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, սակայն, որ այստեղ մի շատ կարևոր պահ կա:

«1860-ական թվականներին քաղաքակիրթ աշխարհ կոչվածը հայկական հարցը դարձրեց թեմա առաջին հերթին թուրքական սուլթանների և թուրքական հանրության համար:

Այդպիսով քաղաքակիրթ Եվրոպան Թուրքիային ասաց՝ դուք թիրախ ունեք և ձեր թիրախը հայերն են: Մինչև 1988 թվականը հայկական հարցը տարբեր ուժերի ձեռքին եղել է շահարկման գործիք: 1988 թվականից հայությունն իր ձեռքը վերցրեց լուծման խնդիրն ու այն մինչ օրս է տանում: Ես չգիտեմ Խորհրդային Միությունը ինչ դերակատարություն ունեցավ, որ հայությունը կարողացավ շունչ առնել, ամոքվել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, բայց հայոց հարցին մենք այսօր տիրություն ենք անում հայ զինվորի, հայ կամավորականի, հայ ֆիդայիների, Մոնթեների, Ազգալդյանների, Վլադիմիր Բալայանների բազկով: Մենք միայնակ առճակատում ենք ոչ միայն ցեղասպան Թուրքիայի և նրա քաղաքական պոչ Ադրբեջանի դեմ, այլև, լինելով աշխարհաքաղաքական կամրջի վրա, ակամայից որոշիչ ենք դարձել Իսրայել-Ռուսաստան, Իսրայել-Իրան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համար:

Այսինքն, այսօր հայոց զինվորի բազուկը բազում խնդիրներ է լուծում: Հայ զինվորի բազուկը ոչ միայն հայության գոյաբանական, այլև քաղաքակրթական խնդիր է լուծում, որովհետև եթե մենք չհաղթենք ցեղասպանին, կասկածի տակ կլինեն Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Եվրոպայի շահերը: Այլ իրավիճակի պարագայում այստեղ մի մեծ պատերազմի խառնարան կարող է լինել՝ հաշվի առնելով, որ, օրինակ՝ նույն Իսրայելը հաշվեհարդար է ուզում տեսնել ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ: Թեպետ այս պահին պատերազմի մեջ բազում խնդիրներ կան լուծման առումով, բայց մեզ համար, անշուշտ, կարևորը մեր գոյաբանական խնդիրն է, հայոց հարցին տեր լինելը, և հայոց հարցին տեր է հայ զինվորը»,-շեշտեց Մ. Ավագյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30