«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
– Ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները՝ հատկապես Պուտինին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակն ու դրա արձագանքը: Պատերազմն արդեն մեկ ամսից ավելի ընթանում է, բայց Էրդողանի ու Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումներ այդպես էլ չկան:
– Թուրքիայի ներդրումը, Էրդողանի ներդրումը Արցախի պատերազմում լրացուցիչ փաստերի կարիք չունի, փաստված է, որ Թուրքիան ուղղակիորեն զորավիգ է կանգնում Ադրբեջանին: Փաստված է, որ Թուրքիան հավաքել է մոտ 2 հազար ջիհադիստներ, որոնց ուղարկել է Ադրբեջան, որպեսզի այդ երկրի բանակի հետ պատերազմի հայերի դեմ: Երեկ էլ փաստվեց, որ Էրդողանն ինքն է կազմում Ադրբեջանի նոր կառավարությունը: Էրդողանը խաղից դուրս է հանել Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որն, ըստ Էրդողանի, շատ ռուսամետ էր: Էրդողանը Ալիևին հրաման է տվել, որ բոլոր ռուսամետ նախարարները հեռացվեն, և Էրդողանն ինքը պետք է առաջարկի՝ թուրքամետ նախարարներ նշանակվեն: Սա նշանակում է, որ Էրդողանը Պուտինին մարտահրավեր է նետում: Մեսիջը հստակ այն է, որ Ադրբեջանը թուրքական հող է, և Թուրքիան հաստատվում է այնտեղ: Երկրորդ մեսիջն այն է, որ եթե Ադրբեջանը շահի պատերազմը, Արցախը կդառնա թուրքական հող և դա ևս մարտահրավեր է Ռուսաստանին: Արդյոք Պուտինը կընդունի՞, որ Էրդողանը ինքը որոշումներ կայացնի այս տարածաշրջանում: Ես այդպես չեմ կարծում: Պուտինը չի կարող ընդունել, որ Էրդողանն իր առջև նման մարտահրավերներ դնի: Կարծում եմ՝ ժամանակը հասունացել է, որ Թուրքիայի այս վերջին քայլերից հետո Ռուսաստանը մի լավ դաս տա Թուրքիային:
– Ըստ էության, Էրդողանի վրա միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են ազդե՞լ:
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ միայն Ռուսաստանը կարող է, որովհետև Ամերիկան հիմա ուրիշ հարցերի մեջ է, ուրիշ խնդիրների մեջ է: Միայն Ռուսաստանը կարող է ազդել Թուրքիայի վրա, որովհետև դրանք միայն ռազմական ուժն են ճանաչում: Միայն ռազմական ուժով կարելի է տպավորել Էրդողանին: Եթե այսօր Ռուսաստանը չկանգնեցնի Թուրքիային, այդ երկիրը կարող է ավելի հեռուն գնալ, խորհրդային նախկին հանրապետությունների ուղղությամբ: Այսինքն՝ մարտահրավերն այն է, որ այսօր Թուրքիան ուզում է գրավել Ռուսաստանի ազդեցության գոտիները: Սա պետք է անընդունելի լինի Պուտինի համար: Այսօր ժամանակն է, որ Ռուսաստանը կանգնեցնի Էրդողանին:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: