«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
– Պարոն Մակարյան, պատերազմական այս վիճակում և պատերազմից հետո Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, տարբեր մասնագետների կարծիքով, վերանայման կարիք ունեն։ Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այսուհետ մեր տնտեսական առաջնահերթությունները։
– Անպայման պետք է առաջին հերթին վերանայվեն մեր պետության կողմից սահմանված տնտեսական գերակայությունները։ 2020 թվականի համար մենք ունեինք երեք գերակայություն՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և առաջավոր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Կարծում եմ՝ տուրիզմը պետք է փոխարինվի շինարարությունով, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում դրա կարիքը շատ կլինի։ Շինարարական նյութերի արտադրությունով Հայաստանը հիմնականում ինքնաբավ է։ Խոսքը միայն քար, ցեմենտ, ավազի մասին չէ, այլ ներկեր, մեկուսիչ նյութեր, խողովակներ, եվրոպատուհաններ, դռներ, էլեկտրական լարեր և այլն։ Այս ոլորտի խթանումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։ Դա նաև շատ լավ զբաղվածության ծրագիր կարող է լինել։ Հիմա, քանի որ եղանակներ էլ փոխվել են, ձմեռները մեղմ են, կարելի է մտածել ամբողջ տարվա ընթացքում շինարարություն իրականացնելու մասին։ Ելնելով այս իրավիճակից, մենք պետք է բնակարանաշինական մեծ ծավալի աշխատանքներ իրականացնենք։ Պետք է կառուցվեն, վերանորոգվեն շենքեր, տներ, շինություններ։ Արդյունաբերության ոլորտի մասով ևս պետք է վերանայումներ կատարվեն։ Կա Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն։ Ես շատ կարևորում եմ ինժեներական ծառայությունների զարգացումը, նոր նախագծումները, ոլորտի կիրառությունը արդյունաբերության մեջ, հատկապես մեքենաշինության մեջ։ Մեքենաշինությունը ոլորտ է, որի մեջ մտնում են վեց ենթաճյուղեր՝ էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, սարքաշինություն, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրություն, կարի, քիմիական ոլորտի սարքավորումների արտադրություն և այլն։ Սա կարևոր է մի քանի առումներով։ Առաջին հերթին, եթե մենք մերժում ենք թուրքական ապրանքների ու սարքավորումների ներմուծումը, հետևաբար՝ մենք, որպես այլընտրանքային տարբերակ, կարող ենք զարգացնել արտադրություն Հայաստանում։ Մեքենաշինությունը մեզ պետք է նաև պաշտպանական նպատակների համար՝ տեխնիկայի վերանորոգման կատարելագործման համար։ Այս բոլորի հետ մեկտեղ, բացի պատերազմական վիճակից ու թուրքական ապրանքների բոյկոտման կոնցեպցիայից, կա երկրորդ խնդիր, որը մեզ որոշակի պահանջներ է թելադրում։ Դա կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական որոշ ճյուղերի վերադասավորումն է։ Ոլորտներ կային, որոնք կարողացան իմունիտետ դրսևորել, իսկ ճյուղեր կային, որ, անկախ կիրառված ջանքերից, փրկել չկարողացանք, էականորեն տուժեցին։ Հետևաբար, պետք է վերանայել, թե ֆորսմաժորային իրավիճակում որ ճյուղերը պետք է զարգացնել։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: