Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրենիքի դավաճանությո՞ւն, թե՞ լրտեսություն

Նոյեմբեր 05,2020 13:30

«Այլ օգնություն ցույց տալը» եղանակով պետական դավաճանություն հանցագործությունը համարվում է ավարտված, փաստացի օգնություն ցույց տալու պահից

Միգուցե նյութը հրապարակելու անհրաժեշտություն չլիներ, մինչդեռ, երբ ԱԱԾ-ն բացահայտում է ՀՀ քաղաքացիների կողմից լրտեսություն կատարելու արարքներ կամ դավադիրները դիրքապահներին դրդում են լքելու դիրքերը, իսկ քաղաքական կուսակցությունները եւ պետական այրերը սադրիչ հայտարարություններ են տարածում, ապա հոդվածի հրապարակումը դառնում է արդիական եւ անհրաժեշտ:

Այսպես, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե 2020 թվականի մայիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, պաշտոնական ելույթում. «Ադրբեջանը կառուցողական է» արած հայտարարությունը օտարերկրյա պետությանն ի վնաս ՀՀ-ի ազգային անվտանգության թշնամական գործողություն կատարելու համար, «այլ օգնություն ցույց տալը» արարք է եւ առաջացնում է «պետական դավաճանություն» հանցակազմ:

Սա հանցագործության մասին հաղորդում է եւ առիթ է համարվում քրեական գործ հարուցելու համար:

Փորձենք դիտարկել «Պետական դավաճանություն» հանցագործության կազմ առաջացնող «այլ օգնություն ցույց տալը» արարքի քրեաիրավական էությունը:

Պետական դավաճանության օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետեւյալ գործողություններով.

ա/լրտեսություն

Բ/պետական գաղտնիք հանձնելը

գ/օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին ՀՀ արտաքին անվտանգության դեմ թշնամական գործողություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը:

Լրտեսություն է համարվում օտարերկրյա պետությանը, կազմակերպությանը, կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը, կամ հանձնելու նպատակով հավաքելը, հափշտակելը, պահելը, ինչպես նաեւ օտարերկյա հետախուզության հանձնարարությամբ այլ տեղեկություններ հաղորդելը:

Պետական գաղտնիք հանձնելը դա օտարերկրյա պետությանը օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հաղորդելն է:

Համաձայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի, պետական գաղտնիք են համարվում պետության կողմից պաշտպանվող, նրա ռազմական, արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական, գիտական, տեխնիկական, հետախուզական, հակահետախուզության, օպերատիվ հետախուզական եւ այլ գործունեությունները, որոնց տարածումը կարող է ՀՀ անվտանգությանը պատճառել վնաս:

Նկատենք, որ այդ արարքը որակելու համար նշանակություն չունի, թե պետական գաղտնիքը ինչ եղանակով է հանձնվել. գրավոր, թե բանավոր, տեխնիկական միջոցների օգագործմամբ, կամ առանց դրա, գծագրի օրիգինալն է հանձնվել, թե պատճենը: Ի տարբերություն լրտեսություն հանցագործության, պետական գաղտնիք հանձնելու դեպքում, հանցավորը մինչ գաղտնիքը հանձնելը իրեն վստահված լինելու կամ ծառայողական գործունեության բերումով տեղեկացված է լինում պետական գաղտնիքից:

Իսկ երբ լրտեսությունը կատարում են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ապա այդ արարքն առաջացնում է ինքնուրույն հանցագործություն`լրտեսություն` քրեական օրենսգրքի 302 հոդված:

Ըստ այդմ, պետական դավաճանությունը եւ լրտեսությունը միմյանցից տարբերվում են հանցանքը կատարող սուբյեկտներով:

Այլ օգնություն ցույց տալը. Այս պարագայում (բացի լրտեսությունը եւ պետական գաղտնիք հանձնելը) խոսքը գնում է ֆինանսական, նյութատեխնկական, խորհրդատվական, եւ այլ օգնությունների մասին, ինչը հանցավորը տրամադրում է օտարերկրյա կազմակերպությանը, կամ նրանց ներկայացուցիչներին, ի վնաս ՀՀ -ի արտաքին, այդ թվում, տնտեսական, քաղաքական անվտանգության դեմ, թշնամական գործողություններ իրականացնելու համար;

Օրինակ, օտարերկրյա  պետությանը համագործակցելու համար գործակալներ հավաքագրելը, ՀՀ-ում դրանց լեգիտիմացնելու համար փաստաթղթեր տրամադրելը, աշխատանքով, տրանսպորտային միջոցներով ապահովելը, գործակալներին հանդիպելու համար սենյակ տրամադրելը եւ այլն:

Այլ օգնություն ցույց տալը եղանակով պետական դավաճանություն հանցագործությունը համարվում է ավարտված, փաստացի օգնություն ցույց տալու պահից, իսկ սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած անձը:

Պետական դավաճանությունը` քրօրի 299 հոդվածը պատիժ է նախատեսում 10-ից 15 տարի ազատազրկում ժամկետով:

Ն. Փաշինյանը պատասխանելով Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ պատգամավորի հարցին, ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծում` մենք էլ ենք կառուցողական  տրամադրված, ինքն էլ»:

Վարչապետի խոսքն ինքնին Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջը Ալիեւի հետ շփումների իրեն պատկերացումն էր կամ ընկալումը: Եվ որեւէ կապ չունի «այլ օգնություն ցույց տալը» գործողությամբ պետական դավաճանություն արարքի հետ, եւ այդ հանցագործության կազմ չի առաջացնում (Դիվանագետ եւ նենգ Ալիեւի կառուցողական տրամադրվածությունը տեսանք` ագրեսիա սանձազերծեց Ղարաբաղի դեմ):

Նկատենք, որ նման բնույթի ապատեղեկատվությունները եզակի չեն:

Օրինակ, ՀՀԿ այրերը ռազմական գործողությունների ժամանակ հայտարարեցին, որ ներկա իրավիճակը Նիկոլի` սեփական կետից բանակցություններ սկսելու անհեռատեսությունն է, իսկ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանություններն են (մոռանալով բանակցությունների կամ պատերազմում իրենց թողած ժառանգությունը):

Կամ 16 կուսակցությունների առաջարկությունը՝ օպերատիվ ղեկավարման շտաբ ստեղծելու մասին, երբ սահմանադրությամբ կամ այլ նորմով այդ մոդելը ամրագրված չէ:

Իսկ երբ հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկ ներկայացրեց Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու համար, կոնսուլտացիաներ սկսելու մասին, որի առնչությամբ  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռազմական նշանակություն ունեցող սխալ պատկերացումները կանխելու նպատակով հստակ պարզաբանեց ՌԴ ԱԳՆ խոսնակի պատասխանի էությունը`իշխանական այրերը չհասկանալով խնդրի լրջությունը եւ այն մանրամասնելու անթույլատրելիությունը, անպարկեշտ ու անվայելուչ ձեւով քննադատեցին Լ.Տեր-Պետրոսյանին (նրանք ղարաբաղյան պատերազմը շփոթում են փողոցային կռվի հետ, որտեղ գործադրվում է` բութ գործիքը կամ գլուխը):

Ներկայիս պատերազմի ժամանակ, երբ Արցախը եւ Հայաստանը հայտնվել են լուրջ մարտահրավերների առաջ, քաղաքական կուսակցությունները եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել զսպվածություն եւ կարգապահություն, զերծ մնալով քաղաքական եւ ռազմական նշանակություն ունեցող տեղեկություններ հաղորդելուց եւ դրանց քննարկումներից, իսկ իշխանություններին ուղղված քննադատությունները թողնել ապագային:

Հաղթելու ենք:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ

իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
05.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30