Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանում կամավորներն անձրեւապաշտպան թիկնոցներ են կարում սահման ուղարկելու համար

Նոյեմբեր 05,2020 12:30

Արագածոտնի մարզի քաղաք Ապարանում մոտ մեկ ամիս է, ինչ կրկին աշխատում է կարի ֆաբրիկան։

Շատ տարիներ են անցել ֆաբրիկայում կանոնավոր գործունեությունից, բայց այսօր այն իր դռներն է բացել կամավորների առջեւ, որոնք անձրեւապաշտպան թիկնոցներ են կարում հայրենիքի համար պատերազմող հայորդիների համար։

Ֆաբրիկայում հիմնական անելիքը կարելն է, մինչդեռ գալիս են օգնելու անգամ նրանք, որոնք կարել չգիտեն` մեծ լինի, թե փոքր։

Ամենափոքր կամավորը 12-ամյա Շուշանն է, ասում է` լսել է, որ նման նախաձեռնություն կա, ծնողներին ասել է, ու արդեն երկրորդ օրն է, ինչ գալիս է։ «Հենց իմացա, որ նման նախաձեռնություն կա, ես էլ ուզեցի մասնակցել, պապայիս ասացի, գնացինք քաղաքապետարան, էնտեղ մեզ բացատրեցին, թե որտեղ է, ու ինչ են անում, ու նույն օրը եկա, որոշել եմ` ամեն օր գալու եմ ու ինչով կարող եմ, կօգնեմ»,- ասում է Շուշանն ու ավելացնում. «Երբ տեսա, թե  ոնց են աշխատում, շատ մեծ ուժ զգացի ու վստահ եմ, որ հաղթելու ենք»։

Շուշանի աչքերում մեծ է ոգեւորությունը, ամեն ինչ սիրով է անում, շատ արագ ծանոթացել է մեծերի հետ, ու որ կողմից ձայն են տալիս, շատ արագ արձագանքում է, միայն թե մի փոքր ընկճված է. ծնողներն ասել են, որ շուտ գնա տուն։

Ամենաերիտասարդ կամավորներից են 16 տարեկան ընկերուհիները` Գայանեն եւ Անին։ «Մեծ ոգեւորություն ունեի, որ կարող եմ զինվորին գոնե ամենաչնչին բանով օգնել, հիմա էստեղ եմ ու բացի կարելուց, ամեն ինչ անում եմ»,-ասում է Գայանեն։

Գայանեի ու Շուշանի աշխատանքը հիմնականում արդեն կարված թիկնոցները ծալելն է։

Իսկ Գայանեի ընկերուհին` Անին, նախաձեռնության մասին ինստագրամում ընկերներից մեկի սթորիից է տեսել, իմացել է` որտեղ պետք է լինի, ու միանգամից եկել է։

«Արդեն երեք շաբաթ կլինի, ինչ գալիս եմ, որովհետեւ գիտեի, որ կարող եմ օգտակար լինել «դիվանին» նստելու փոխարեն»,-ասում է Անին։

Անիի ծնողները դեմ էին, որ իրենց աղջիկը տանից շատ դուրս գա` համավարակով  պայմանավորված, բայց որ մտքին մի բան է դնում, անում է։ «Առաջին անգամ, որ վերադարձա տուն, հարցրին, թե որտեղ էի, ճիշտն ասած` չեմ  կարողանում խաբել, ասացի, որ էստեղ եմ եղել…. ճիշտ է, ցույց չեն տալիս, բայց իրենց լավ են զգում, որ կարողանում եմ էստեղ օգուտ տալ»,- ժպտալով ավելացնում է Անին։

Անին կարել սովորել է դեռ այն ժամանակ, երբ խաղալիքներ կարելու խմբակի է գնացել, չորս տարի խմբակ հաճախելուց հետո այսօր ահա իր ներդրումն է ունենում հայրենիքի սահմանները ամուր պահող իր եղբայրների եւ քույրերի ապահովության հարցում։

Տիկին Սուսանն էլ, որն արդեն մի շաբաթ է` կամավոր աշխատում է, ասում է. «Նախաձեռնության մասին իմացել եմ ժողովրդից, սիրով գալիս եմ, ուրախանում եմ, որ ինչ-որ բանով կարողանում եմ օգնել մեր բալեքին, մեր էրեխեքին։ Կգամ այնքան ժամանակ, որքան դրա կարիքը լինի»։

Արցախից եկած կամավոր էլ է աշխատում, տիկին Նինան է։  Ամսի 29-ին է եկել ընտանիքի հետ Հայաստան ու բարերարների օգնությամբ այժմ ապրում է Վարդենիս գյուղում։

«Երբ բարերարների միջոցով տուն ունեցանք, ասացի, որ եթե զինվորների համար կարելու գործ լինի, ինչ ուզում է լինի, ինձ կասեք, ես կաշխատեմ։ Սկզբում, երբ եկանք էստեղ, միայն մի կարի մեքենա էր աշխատում, մի քանիսն էլ գործի դրեցի, ու հիմա շատերն են կարողանում աշխատել»,-ասում է տիկին Նինան։

Արցախցի բնակչուհու խոսքով` դժվար է ամեն անգամ տաքսիով գալ կամավորության, երբեմն պատահում է` Ապարան եկող մեքենա է լինում, ինքն էլ հետները գալիս է, խնդրել է` կարգավորեն գյուղից Ապարան գալու հարցը, որպեսզի ամեն օր աշխատի ու ավելի հեշտ լինի գալ-գնալը։

Այս օրերին կարի ֆաբրիկայում շատերն են կամավոր աշխատում։ Կանայք կան, որոնք կամավորությունը համատեղում են աշխատանքի հետ. աշխատելուց հետո գալիս են անձրեւապաշտպան թիկնոցներ կարելու։ Իսկ Նարինեն, քանի որ աշխատանքի ամեն օր չի լինում, օրումեջ է գալիս կամավորության։

Այստեղ յուրաքանչյուրից լսելի է «ինչով կարող եմ, կօգնեմ» արտահայտությունը, չէ՞ որ այսօր ամենաչնչին կամավորական աշխատանքն անգամ թիկունքն ամուր պահելու գրավականն է։

Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30