Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տիեզերքի չնաշխարհիկն եմ». զոհված հերոս Աղվան Հովհաննիսյան

Նոյեմբեր 05,2020 12:00

Երբ նոր էի պատրաստվում մեր զոհված ընկերոջ՝ Աղվանի մասին գրել, մտքով անմիջապես հասա այսօր արդեն շատ հեռու թվացող 2018 թվական, երբ 4-ով նստում էինք մեկ  սեղանի շուրջ եւ պատրաստվում ընդունելության քննություններին։ Աղվանն իմ մեջ միշտ ինչ-որ խորհրդավոր մեկն էր, միշտ լուռ էր, գրեթե չէր խոսում, խոսելիս էլ ցածրաձայն էր խոսում, բայց ամենակարեւորը՝ մտածված։

Աչքերի մեջ ինչ-որ խորություն կար, որը ոչ մի կերպ մեզ հետ չէր ուզում կիսել։ Նյութը գրելու ընթացքում միայն ինձ համար կոտրվեց իր «խորհրդավորություն»-ը, եւ ես ինձ համար լրիվ ուրիշ մարդու բացահայտեցի։ Եվ այն ամենն, ինչ այս կարճ ժամանակահատվածում իմացա իր մասին, դեռ իր շատ ընկերների է զարմացնելու։

Աղվանի քույրը` Լենան, պատմում է, որ ոչ բոլորն էին իրական Աղվանին ճանաչում, քանի որ բնավորությամբ փակ անձնավորություն էր: Կարելի է ասել` ուրիշ Աղվանի էին ճանաչում:

«Ես շատ լավ եմ ճանաչում Աղվանին, իմ փոքր եղբայրն է, միասին ենք մեծացել,- ասում է Լենան,-չափից դուրս կարդացած էր, տանել չէր կարողանում տգիտությունը ու  եթե ինչ-որ բան չէր իմանում, արագ փնտրում էր, գտնում ու կարդում, շատ դժվար էր ընկերանում մարդկանց հետ, մինչեւ չէր բացահայտում դիմացինին, իր շրջանակ չէր թողնում, հատուկ մարդկանց էր միայն իրեն մոտ թողնում, որոնց հետ վստահ էր, որ կարող էր ճանապարհ գնալ: Բառերի մեջ էլ շռայլ չէր, ասում էր մեկ-երկու այնպիսի դիպուկ բառեր, որ էլ հարցեր չէիր ունենում։ Հայրենասեր էր` բոլոր ֆիդայիներին անգիր գիտեր՝ իրենց կենսագրությունով։ Հեռախոսի գլխավոր նկարն էլ Աղբյուր Սերոբի նկարն էր դնում կամ Նժդեհի: Ջիվանի էր շատ լսում, հատկապես` «խելքի աշեցեք»-ը։ Բայց իրենից երբեք չէիր կարող իմանալ՝ հայրենասե՞ր էր, թե՞ ոչ, կամ ո՞ւմ հանդեպ էր համակրանք տածում, ո՞ւմ հանդեպ՝ ոչ։ Իրեն միշտ ասում էի՝ Աղվա՛ն, ափսոս է, որ մարդիկ քո իսկական խորությունը չեն ճանաչում, ինչի՞ ես քեզ էդպես փակ պահում։ Ասում էր՝ հո չե՞մ դնելու ամեն ինչ բոլորին մանրամասն պատմեմ»,- պատմում է Լենան։

Օֆելյան այն քիչ մարդկանցից է, որ ճանաչում է «իրական» Աղվանին։ Միասին 9 տարի հիմնական, ապա 3 տարի ավագ դպրոցում էին սովորել։ Օֆելյայի հուշերում Աղվանը մնացել է որպես շատ կենսախինդ, կյանքով լեցուն, անչափ բարի ու կարեկցող մարդ։

«Մեր հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասերը շատ էր սիրում, ակտիվ խաղում էր, հետո ավագ դպրոցում չէր իջնում ֆիզկուլտուրայի դասին, դասարանում մենակ նստում էր, եթե մեր դասարանի Արամը չէր գալիս։ Ես, Աղվանը, Արամը ու Ռիման միասին էինք սովորել հիմնական դպրոցում, հետո իրար հետ սովորել էինք ավագ դպրոցում։ Շատ մոտ էինք իրար հետ ու, կարելի է ասել, միայն իրար հետ էինք շփվում։ Հիշում եմ՝ մի օր մեր դասարանի ակտիվ աղջիկներից մեկը՝ Լինան, եկավ ու ասաց, որ մեր վերջին զանգին պարող զույգերից 2-ը արդեն պարզ էին, 3-րդը՝ ոչ։ Բոլորս մտածում էինք, որ Աղվանը չէր պարի, ու Լինան թախանձագին ձայնով Աղվանին ասաց՝ Աղվան ջան,  գոնե դու կպարե՞ս մեր Մարիամի հետ, որովհետեւ էլ չկա պարող տղա։ Աղվանը նայեց, նայեց ու ասաց՝ վայ, Լինա ջան, առանց խնդրելու, իհարկե, իհարկե»,- ժպիտով հիշեց Օֆելյան ու եւս մի դեպք հիշեց պարելու հետ կապված։ «Մեր վերջին խոսակցությունն էլ սա էր, որը շատ լավ եմ հիշում։ Մտա դպրոց, ինձ հարցրեց, պարասրահում է՞լ էր Մարիամն իր զույգը լինելու։ Ասացի՝ հա, Աղվան, Մարիամի հետ պիտի պարես, պատասխանց՝ դե լավ, գոնե էդ ժամանակ իրար հետ լինեինք, այ աղջի։ Իրականում խնդիրը Մարիամը չէր, ամաչում էր նրա հետ պարել, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, մենք դասարանում 4-ով էինք մոտ»,- ասաց Օֆելյան։

Աղվանի մասին մեծ սիրով է խոսում նաեւ նրա հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Արշակյանը՝ նշելով, որ Աղվանից երբեք ոչ մի ավելորդություն չեն տեսել։

«Գիտեք, թե 12-րդ դասարանում ինչքան դժվար է երեխաներին դասի բերել, նա պարտաճանաչ կերպով միշտ գալիս էր դասի՝ իր շտեմարանները ձեռքին։ Իր շտեմարանների հետ աշխատում էր, սովորում էր, գրում էր անընդհատ։ Եվ իր լուրջ, խոհուն հայացքով կարող էր մի էնպիսի կատակ անել, որ երբեք չէիր սպասի, որ դա կարող էր Աղվանը անել»,- նշեց տնօրենը։

Աղվանի հումորի զգացումի մասին իրեն քիչ թե շատ ճանաչող մարդիկ պարտադիր խոսում են։ Քույրն էլ ասում է, որ դա նրա «ֆիշկան» էր։

«Աղվան, որ ասում էին, բոլորը միանգամից իր հումորներն էին պատմում: Շատ առանձնահատուկ, դիպուկ, սուր հումոր ուներ, հաճախ գրքերից էր արտահայտություններ անում՝ դրանք հումոր դարձնելով: Առանձին հումորներ չէր անում, ուղղակի իր խոսելու ձեւն էր ուրիշ, ստանդարտ չէր։ Երբ մայրս հարցնում էր՝  տղես, հեչ չաղացե՞լ ես, ասում էր՝ չէ, մամ, նույն նաիրյան դալար բարդին եմ։ Զանգում էր ու ասում՝ մայր իմ անուշ ու անգին, ի՞նչ կա, երբեք չէր ասում՝ մամ։ Իր իրերին, որ դիպչում էինք, ասում էր՝ էլ էս սուրբ շորին կամ պայուսակին ձեռք չտաս։ Ասածներիս ապացույցն է նաեւ այն նամակը, որ ուղարկել էր բանակից, երբ նոր էր զորակոչվել բանակ։ Մեկ տարի առաջ էր գրել, բայց կարծես կոչ լինի այս օրերի մասին»,- ասաց Լենան։ Նրա պատմելով՝ եղբայրը մի քիչ էլ ինքնահավան էր, հաճախ ասում էր՝ ես հումորի արքան եմ, կամ ես տիեզերքի չնաշխարհիկն եմ:

Օֆելյան նույնպես հաստատում է Աղվանի էդպիսին լինելը՝ մեջբերելով իրենց վերջին նամակագրությունից մի հատված։ «Ընդունելության քննությունից առաջ գրել էի իրեն՝ Աղվան, չե՞ս վախենում քննությունից, պատասխանել էր՝ Աղվանին ես գրում»։

Արաբագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր Աղվանը։ Կուրսընկերների հետ էլ գրեթե չէր շփվում՝ իր տեսակին հավատարիմ մնալով։ Բայց կուրսընկերներն էլ  պատրաստակամություն էին հայտնում իր մասին խոսելու՝ անգամ իրենց ունեցած քիչ տպավորություններով կիսվելով։ Աղվանի կուրսընկերներից մեկը՝ Վահեն, պատմում է, որ մի ցուրտ օր գնացին բուֆետ, տաք սուրճ վերցրին ու նստեցին։

«Սկսեցինք երկար-բարակ խոսել (ի դեպ, առաջին դեպքն էր, երբ Աղվանը էդքան շատ բացվեց ու էդպիսի ջերմ զրույց ունեցանք), հարցրի՝ ինչի՞ ակտիվ չես, գիտեմ, որ շատ բան գիտես, ասա, թող դասախոսներն էլ տեսնեն: Պատասխանեց՝ չէ, ես տենց բաներ չեմ սիրում, Վահ, եթե զգամ, որ չգիտեմ, կհարցնեմ, կասեն, բայց ցույց տալ, չեմ սիրում։  Մի անգամ էլ միասին ֆիզկուլտուրայի ժամին (առաջին կուրսում արեւելագետներով էինք անում, այսինքն՝ թուրքագետ, իրանագետ ու մենք՝ արաբագետներով) ֆուտբոլ էինք խաղում, Աղվանը մի 15 րոպե շատ պասիվ, հանգիստ էր խաղում, թեթեւ փոխանցումներ էր անում, դանդաղ առաջ էր շարժվում դեպի իրենց կիսադաշտ: Մեկ էլ  15 րոպե հետո ի՞նչ եղավ, չհասկացանք, մեր կիսադաշտից գնդակը վերցրեց ու հասավ միչեւ մյուս կողմի դարպասի մոտ, դարպասապահի ոտքերի արանքով գնդակը անցկացրեց ու գոլ խփեց: Էդ պահին բոլորս սառեցինք, նայեցինք իրար, ու  մյուս թիմից մեկն ասաց՝ տղերք, մենք էլ ձեր հետ չենք խաղալու, գնացինք, հաջող ձեզ»,- հիշում է Վահեն։

Պարզվում է՝ Աղվանը փոքր տարիքում ֆուտբոլի էր գնացել, բայց համեստորեն լռում էր այդ մասին։ Իսկ այ քննությունների ժամանակ Աղվանն իր խոսքի հարստությամբ ու բովանդակությամբ ապշեցրել էր բոլորին։ Բոլոր կուրսընկերներն անխտիր հիշում էին Աղվանի փայլուն պատասխանները։

Աղվանի կուրսընկերուհին՝ Մանիկը, ով Աղվանի հետ նաեւ պատմություն է պարապել համալսարան ընդունվելու համար, պատմեց, որ միշտ է հիացել Աղվանի զարգացվածությամբ ու խելքով։ Միշտ իմացել է, որ Աղվանը մեծ պոտենցիալ ուներ ու որ մեծ բարձունքների էր հասնելու։ Այդ կարծիքին էր նաեւ իրենց պատմության ուսուցիչը՝ ընկեր Սարդարյանը։

«Մեր պատմության ուսուցիչն ասում էր, որ Աղվանը շատ խելացի էր, բոլորից առավել էր ու ամենաբարձրն էր ստանալու քննությանը։ Ու էդպես էլ եղավ, ինքը մեր խմբում ամենաբարձր միավորներն էր հավաքել պատմության քննությունից»,- անկեղծանում է Մանիկը։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ Աղվանը չէր մոռանում նաեւ օգնել իր կուրսընկերներին՝ եւս մեկ անգամ ամրացնելով իր տեղն ընկերների սրտում։ Մանիկի վերջին հիշողությունը Աղվանից հենց մի այդպիսի քննություն էր, որի ժամանակ Աղվանն օգնել էր իրեն։ «Մեր աշխարհագրության քննությանը Աղվանն իմ դիմաց էր նստած, ես էլ քարտեզից լավ չեմ հասկանում, իրեն դիմեցի, ասացի՝ Աղվան, կասես սա ո՞ր տարածաշրջանն է, ինքն ինձ օգնեց, ու ես իր շնորհիվ կարողացա «քարտեզի տակից դուրս գալ»,- պատմում է Մանիկը։

Աղվանի արաբագիտության դասախոս Ալիս Էլոյանն էլ նշում է, որ Աղվանը լսարանում իր տեղն ուներ։ Նստում էր պատի տակ՝ ձախ անկյունում։ Չի մոռանում ասել նաեւ, որ շատ լավ էր սովորում։ Դա հաստատեց նաեւ Աղվանի քույրը, որը պատմեց, որ Աղվանը ուզում էր լավ արաբագետ դառնալ, Արաբական Էմիրություններ պետք է գնար պրակտիկայի, դրանով շատ էր ոգեւորված, ուզում էր զբոսավար լինել, ասում էր՝ տո ինչ էլ ուզենամ, կլինեմ, հլը սպասեք ավարտեմ:

Իսկ իր համակուրսեցի Դանիելին էլ խնդրել էր կարեւոր նյութերը պահել, որ հետո գար ու դրանք վերցներ։ Ի դեպ, Դանիելը միակն էր, ում հետ Աղվանը քիչ թե շատ մոտ էր կուրսում։ «Շատ անկեղծ էր ինձ հետ, կիսվում էր հետս, ասում էր, թե ինչը իրեն դուր չէր գալիս եւ այլն։ Շատ հարցերում էինք կիսվում իրար հետ, ինձ լավ խորհուրդներ էր տալիս»,- անկեղծանում է Դանիելը։

Իսկ հարցին, թե, օրինակ, ի՞նչը Աղվանի սրտով չէր, որ իրեն ասում էր, Դանիելը պատասխանեց շատ կարճ՝ դե էդ արդեն գաղտնիք է։ «Բանակ գնալուց առաջ էլ իրար հետ բանակից էինք զրուցում, իրեն լավ էր զգում, դուխով էր  ու պատրաստ էր ծառայությանը։ Մի քանի անգամ խոսել եմ հետը, երբ բանակում էր։ Վերջին անգամ խոսել էի, երբ հոսպիտալում էր, ցավոք, չստացվեց իրեն տեսնել այդ ժամանակ։ Հետո էլի մի քանի անգամ խոսել էինք իրար հետ, լավ էր։ Բանակից գոհ էր, դժգոհություններ չուներ»,- պատմում է Դանիելը։ Վերջին մարդն, ով Աղվանի հետ մոտ էր եղել եւ շատ բան գիտեր նրա մասին, Աղվանի մարտական ընկերն էր՝ Արթուրը։

«Աղվանիս թղթե մարդ էինք ասում, էնքան նիհար էր, իրար հետ շատ ծրագրեր ունեինք, երկուսս էլ ԵՊՀ-ում էինք սովորում, որոշել էինք՝ ինչ շորեր պիտի հագնեինք կամ ինչ մեքենայով պիտի գնայինք դասի։ Հունվարից մինչեւ հուլիս միասին էինք պոստ պահել, ամբողջ օրն իրար հետ անգլերեն էինք խոսում, մեկ-մեկ էլ սկսում էր արաբերեն խոսել»,- ասել է ընկերը։ Լենան պատմում է, որ սեպտեմբերի 3-ին Աղվանի ծնունդն էր ու ընկերներն էնտեղ անակնկալ էին արել իրեն ու նշել էին ծնունդը, իսկ Աղվանը զոհվել էր սեպտեմբերի 30-ին։ «Փաստացի ծնվել ու զոհվել է նույն ամսին։ Դա ինձ ապշեցրել է, որ նույն ամսում 20 տարեկանը լրանալուց հետո անգամ մեկ ամիս չէր անցել»։

Աղվանը մարտի դաշտում էր վիրավորվել, ու նրա մյուս ընկերը՝ Նարեկը, ով ոտքից վիրավոր էր եղել, կարողացել էր հասցնել նրան մեքենայի մոտ, վերջին բառերը, որ ասել էր, եղել էր՝ ինձ կհասցնես Երեւան՝ մեր տուն, հետո ասել էր՝ էլ չեմ դիմանում ու աչքերը փակել էր։ «Գիտե՞ք, միշտ ասում էր, որ մարդն էնպես պետք է մեռնի, որ իրեն միշտ հիշեն: Ասում են՝ անփոխարինելի ոչ ոք չկա, բայց արի ու տես՝ ես չեմ գտնում ինչ-որ մեկին, որ կարող է գոնե Աղվանի հետ շփման պակասս լրացնել։ Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը մի բան էր գրել. «Պատերազմները տանում են լավագույններին, միջակություններիս թողնում է փիլիսոփայելու համար, իսկ վատթարագույնները մնում են, որ մնացածի վրա ծախեն իրենց չկռված պատերազմները»։ Ուզում եմ՝ էս վատթարագույն տեսակը սկսի ճիշտ ապրել, որ էս սերնդի թափված արյանը գոնե արժանի լինեն մի քիչ ու մենք բոլորս մեր հայրենիքին արժանի լինենք: Ուզում եմ, որ  Հայաստանում շատ Աղվաններ ծնվեն ու որ եղբորս ու մյուսների թափված արյունը իզուր չկորչի»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Լենան…

Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30