Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրվել երկարատեւ պատերազմի

Նոյեմբեր 05,2020 10:00

Պատերազմի առաջին փուլը, կարծես թե, ավարտվել է: Հակառակորդն, օգտագործելով օդում տեխնոլոգիական առավելությունները, ունեցավ որոշակի հաջողություններ, բայց նրա հարձակողական թափն, առայժմ, համենայնդեպս, կոտրվել է: Հաջողություններն էլ բավականին հարաբերական են, եւ բացարձակապես համաչափ չեն թափված ջանքերին ու ծախսված միջոցներին, իսկ ամենակարեւորը՝ հայտարարագրված նպատակներին եւ ժամկետներին: Ոչ 24, ոչ էլ 48 ժամում Արցախը «գրավել» չհաջողվեց, եւ վաղ թե ուշ Ադրբեջանի քաղաքացիները հարցնելու են՝ «բա ի՞նչ եղավ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու խոստումը»: Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ այդ նպատակն ընդհանրապես անիրագործելի է թե՛ ռազմական եւ թե՛ քաղաքական տեսանկյունից:

Մյուս կողմից, ամենասխալ բանն է պատերազմի ժամանակ հակառակորդին թերագնահատելը՝ Էրդողանը եւ Ալիեւը շատ մեծ խաղադրույք են դրել այս հակամարտության վրա, որպեսզի մոտ ժամանակներս իրենց նպատակներից հրաժարվեն: Ադրբեջանն ունի ներուժ համալրելու իր բանակը թե՛ նոր զինծառայողներով (ներառյալ թուրք հատուկ ջոկատայիններին եւ վարձկաններին), թե՛ զինտեխնիկայով, այդ թվում՝ Իսրայելից եւ Թուրքիայից ներմուծված: Կարծում եմ նաեւ, թուրք զինծառայողները, որոնք կռվում են Արցախում, պատշաճ պատրաստություն են անցել ՆԱՏՕ-ում: Այնուամենայնիվ, սպասվող մարտերում հայկական ուժերի շանսերն ակնհայտորեն գերադասելի են, մանավանդ որ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին միացել են լավ կազմակերպված, փորձառու, տեղանքը հրաշալի իմացող «հին կռված տղաների» ջոկատները:

Այնպես որ պատերազմի «վերջնական ելքի» վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ: Պարզապես պետք է տրամադրվել, որ դա կարող է երկար տեւել: Ասելով «տրամադրվել», ես նկատի ունեմ, որ շաբաթներ կամ գուցե ամիսներ պատերազմական ռեժիմով պետք է ապրեն պետական կառույցները, տնտեսությունը, հասարակությունը, աշխարհասփյուռ հայությունը: Չհոգնել, չհիասթափվել, ամենօրյա գործն անել մշտական խանդավառությամբ՝ դա համեմատաբար հեշտ է անել նրանց, ովքեր արդեն մի պատերազմ տեսել են եւ դիմացել են շատ ավելի դժվար պայմաններին:

Թող միամիտ կամ «իդեալիստական» չթվա, բայց վստահ եմ, որ կա եւս մի գործոն, որը մոտեցնում է հաղթանակը՝ այդ գործոնը ներքին համերաշխությունն է: Ոչ միայն մի կողմ թողնել թշնամանքը եւ կասկածամտությունը, այլեւ 10 միլիոն հայերով ջերմ եւ հոգատար լինել իրար նկատմամբ: Համոզված եմ, որ դա հզոր ուժ է: Ինչպես նշեց մեր սիրելի հոգեւորականներից մեկը՝ մեր երկրին հաշտության օրակարգ է պետք: Իսկապես որ, դա՛ է հաջողության բանալին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Ներքին համերաշխությունը կարեւոր է: Բայց երբ պատերազմի ժամանակ կառավարությունը մեծացնում է պարգեւատրումների հատկացումները, ինչպե՞ս համերաշխ լինեմ նման կառավարության հետ:
    Այս դեպքում առավել տեղին է խավարից բողոքելու փոխարեն մեկ մոմ վառիր խոսքը: Կառավարությունը իր բաժին մոմը չի վառում, բայց բոլորից պահանջում է: Նման մթնոլորտում հնարավոր չէ ներքին համերաշխություն:

    Հայտնի խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում: Կառավարությունը ամեն ինչ անում է, որ ներքին համերաշխություն չլինի, ոչինչ չի անում, ու ներքին համերաշխություն լինի:

  2. Քաղաքացի says:

    Հայաստան երկրի գերակշռող հատվածը, գրեթե բոլորը, գիտակցում են երկրի առաջ ծառացած խնդրի թե լրջությունը, և թե պատճառները: Իսկ մնացած չնչին հատվածը, որը նույնիսկ այս օրերին պարգևավճարների հայտնի թեմայի ծամծմողն է և հերթական վայնասունների շահագրգիռը, երբեք ու երբեք թիկունքի մաս չի կարող լինել, չնայած բոլոր Ձեր համերաշխության կոչերին: Դրա հետ մենք, ցավոք, պետք է առերեսվենք, սակայն ոչ երբեք համակերպվենք: Բայց այդ ամենը, պատերազմից հետո: Moment of true…

  3. նարեկ says:

    Դիմում եմ ՔԱՂԱՔԱՑԻ անունով մեկնաբանություն գրողին

    Պատերազմի ժամանակ պարգեւավճարների չափը մեծացնող կառավարությունը չի հասկանում թիկունքի կարեւորությունը: Զարմանալի է, որ ԱՌԱՎՈՏ-ը չի ջնջել վիրավորանք պարունակող մեկնաբանությունը:

    ԵՐԵՎԱՆ ՋԱՆ ֆիլմում երբ նախագահը տեսնում է, որ քաղաքացիները կոշիկ չունեն, ինքն է հանում կոշիկները: Հասկացա՞ր քաղաքացի: Երկրում բոլորը պիտի հավասար լինեն, ոչ թե ապաշնորհ կառավարությունը միլիարդներ ստանա, իսկ քաղաքացին հազիվ լոյա գնա ու երբ ասի, որ կառավարությունը ապաշնորհ է ամեն տեսակ ՖԵՅՔԵՐ ու ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ վայնասուն բարձրացնեն:
    Սա քաղաքացու բառն է ու հուսամ ԱՌԱՎՈՏ-ը չի ջնջի մեկնաբանությունը, ինչպես նրանը չի ջնջել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30