Լրահոս
Օրվա լրահոսը

Օր առաջ պետք է վերադառնալ գովազդային պատվերների նախկին տեմպերին. «Մեդիա Սիսթեմս»-ի մեդիա-տնօրեն Յանա Յանիկյան

Նոյեմբեր 05,2020 00:07

Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին  ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը:

Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս է այս իրավիճակին արձագանքում  գովազդային շուկան: Այս հարցերի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ:

Մինչ գովազդի շուկայի ներկա վիճակը վերլուծելը հարկ է նկատել, որ այս պահին բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել մեդիադաշտը, այն հիմնական հարթակը, որտեղ տեղադրվում է գովազդը: Այսօր մեդիա ընկերությունները, անկախ գործունեության տեսակից, կատարում են ահռելի մեծ աշխատանք: Հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով, որը անասելի կարևոր է: Այս ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային հետպատերազմյան շրջանի տեմպին: Լրատվությունն այս պահին, թերևս, ամենապահանջված ապրանքն է: Մյուս կողմից էլ պետք է շեշտել, որ լրատվամիջոցները մի առանձին ճակատով էլ պայքարում են տեղեկատվական պատերազմ կոչվածում:

Այստեղ թշնամու, ամենօրյա ռեժիմով տարածվող, ապատեղեկատվության հերքումն ու ճշմարիտ լրատվության հրապարակումը ոչնչով պակաս կարևոր չի առաջնագծում կատարվողից: Հայրենասիրական ու ինքնանվիրման բոլոր դրսևորումներով հանդերձ այս ճակատին նույնպես, պատկերավոր ասած, թիկունքային ապահովում է պետք: Այնինչ, գովազդային շուկան բավականին զգալի փոփոխությունների  ենթարկվեց ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին: Իհարկե, եղան նաև սակավաթիվ ընկերություններ, որոնք պահպանեցին գովազդային ակտիվությունը՝ տալով դրան ավելի իրավիճակային լուծումներ։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեդիա դաշտի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է՝ ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Այս իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել ինչպես մատուցվող տեղեկատվության ինտենսիվության փոփոխման, այնպես էլ անձնակազմի աշխատավարձերի վճարման անկարողության։ Հետևաբար՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով պետք է օր առաջ քայլ առ քայլ վերադառնալ գովազդային պատվերների գոնե թե նախկին տեմպերին:

Իսկ ի՞նչ այլ հետևանքներ կարող է ունենալ  գովազդային շուկայի նմանատիպ ճգնաժամը:

Այս իրավիճակն անխուսափելիորեն թողնում է իր հետքը երկրի ընդհանուր տնտեսության վրա։ Խոսքը պարզագույն մեխանիզմի մասին է․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը և, հետևաբար, ընդհանուր տնտեսության շրջանառությունը։ Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ նման գործելաոճը չի կարող մեզ ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խիստ կարևոր է, որ հայաստանյան ընկերությունները վերսկսեն իրենց գովազդային ակտիվությունը։ Այս գործընթացի մեկնարկը պետք է տրվի ոլորտի առաջատարների կողմից, քանի որ նրանք են թելադրում շուկայում գործող մեխանիզմները և աշխատանքային սկզբունքները, շղթայական ռեակցիան պետք է լինի շարունակական նաև այլ ընկերությունների համար։

Ճգնաժամային իրավիճակում գովազդային ակտիվությունը պետք է արտացոլի համընդհանուր արժեքները, կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը և այն հաղթանակի գաղափարը, որին բոլորս ձգտում ենք։

Մենք բոլորս մեր կառույցների շրջանակներում ջանում ենք շահույթի որոշակի չափաբաժին փոխանցել Համահայկական հիմնադրամին, որն այսօր ունի խիստ կարևոր առաքելություն, սակայն եթե բիզնեսը գնալով անկում ապրի և շահույթները կրճատվեն, բնականաբար, արդեն ֆիզիկապես առկա չեն լինի այդ միջոցները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30