Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը՝ Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 04,2020 23:17

«Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը՝ տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ, մի քանի ուղղությամբ՝ այդ թվում հյուսիսային, հյուսիս արեւելյան անտառոտ հատվածում փորձել են հարձակման փորձեր իրականացնել: Որպես կանոն նման հարձակման փորձ իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբեր, առանձին դիվերսիոն խմբեր: Եվ երբ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը մի փոքր բարձրանում է»,-Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետության սահմաններին, մասնավորապես՝ Տավուշում, Սյունիքում եւ Գեղարքունքում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այսօր Գեղարքունքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել ՝ հայկական ՀՕՊ-ի կողմից ու շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ գործողություններ չեն եղել այլ հատվածներում:

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ներկայումս մեր վիճակն էլ ավելի լավ է, քան 15 օր առաջ. «Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, գուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր էր: Հիմա մեր ներուժը, մեր կազմակերպվածությունը, կառավարումը շատ ավելի լավ վիճակում են: Մենք չենք տեսնում ոչ խուճապ, ոչ անկազմակերպվածություն»:

Նրա խոսքով, եթե այս ամենը Երեւանում լիներ, կթվար, թե պատերազմից հեռու է եւ պաթոսային իրավիճակ է, բայց ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախում մարդիկ չեն ընկրկում, իրեն քանիցս Լիբանանի քաղաքացիներ եւ այլ երիտասարդներ դիմել են՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով:

Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չընկնել թշնամական քարոզչության ազդեցության տակ. «Ես միշտ ասում եմ՝ հաղթելու ենք, ես երբեք չէի ասի այդ բառերը, եթե ինքս վստահ չլինեի: Ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել եմ երիտասարդ սպաներին, որոնք ամեն ինչ թողել ու եկել են ռազմաճակատ… Տեսել եմ կամավորականներին…Չի կարող այս կամքը, կրակը եւ էներգիան պարտվել: Եվ բոլոր նրանք, որոնք ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են,   ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել այդ տղերքի հետ»:

Բերձորի ուղղությամբ ճանապարհը փակ լինելու մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով քաղաքացիների համար է փակ, իսկ ռազմական եւ այլ նշանակության բեռնափոխադրումները շարունակվում են:

Դիվերսանտներին  եւ թշնամական ոչնչացված խմբավորումներին էլ անդրադարձ եղավ: «Դիվերսանտներին հատիկ-հատիկ բռնելու ենք ու ոչնչացնելու ենք բոլոր տեղերում՝ հարավ կլինի,թե  հյուսիս, էական չէ: Իսկ որտեղ թաքնվել են, դա իրենց գերեզմանն է դառնալու»,-ասաց նա:

Քելբաջարի ճանապարհի մասին երեկ խոսվեց: «Ես այսօր եկել եմ այդ ճանապարհով, այն շատ անվտանգ էր»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30