Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր հայտնի հոդվածում գրել՝ հայերը Ղարաբաղում ապրել են 3000 տարի եւ պիտի հաջորդ 3000 տարում էլ ապրեն». Քննարկում՝ պատերազմի ու հաղթանակի մասին

Նոյեմբեր 04,2020 22:55

Յուրաքանչյուր հայ վստահ է, որ պատերազմը կավարտվի մեր հաղթանակով: Բայց ամեն մեկս այդ հաղթանակը պատկերացնում ենք տարբեր ձեւով. Արդյոք դա կլինի հաղթանակ, որը կսպառի այլեւս պատերազմի հնարավորությունը, թե՞ դա կլինի մի քանի ամսվա, կամ մի քանի տարվա դադար, ինչպե՞ս եք ամեն մեկդ պատկերացնում հաղթանակը:

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում  «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկման ժամանակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, քննարկման վարող Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց բանախոսներին:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը պատասխանեց. «Ես ունեմ հաղթանակի մինիմալ եւ մաքսիմալ ընկալումներ: Իմ ընկալմամբ, եթե մենք վերականգնում ենք 2020-ի սեպտեմբերի 26-ի բնագիծը, դա լինում է հաղթանակի իմ մինիմալ ընկալումը, որից հետո արդեն ինչքան շատ, այդքան լավ սկզբունքով, եթե ինչ-որ բան ավելի գրավեցիր՝ ավելի լավ»: Նա ասաց, որ պարտադիր չէ, որ սահմանային բնագիծն ունենա այն հայելային տեսքը, ինչ սեպտեմբերի 26-ին:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը պատասխանեց, որ մեր նպատակն է Ղարաբաղում հայկական քաղաքական ինքնության հարատեւումը. «Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր հայտնի հոդվածում գրել՝ հայերը Ղարաբաղում ապրել են 3000 տարի եւ պիտի հաջորդ 3000 տարում էլ ապրեն»:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ պատերազմից վախենալ պետք չէ ու հաղթանակ կլինի այն դեպքում, երբ Հայաստանը ոչ միայն կունենա ներկայություն ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախում, այլեւ հնարավորություն կունենա մշտապես այնքան ներուժ կուտակել, որ կարողանա կանխարգելել պատերազմերը, իսկ դրանց սանձազերծման դեպքում՝ կարողանա պատասխան տալ՝ անհրաժեշտության դեպքում նաեւ նախահարձակ լինելով:

ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ ասաց. «Հաղթանակը պետության, պետականության ու մեր հարատեւումն է՝ Արցախում, Սյունիքում, ամբողջ Հայաստանում: Այստեղ իսկապես գոյութենական վտանգ է, բացարձակ սահմանային վեճ չի: Հաղթանակը պետության պետականության եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է՝ բոլոր հնարավոր միջոցներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30