Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ նահատակվել է Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սան Գառնիկ Հովհաննիսյանը:
Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում կռված Գառնիկը զոհվել է տղաներին հաց տանելիս: Նա 2018 թվականից եղել է «Գյումրու երիտասարդների տան» սան ու կենտրոնի բացման առաջին իսկ օրերից այցելել այդտեղ մինչև ծառայության մեկնելը:
Նա ընտանիքի ավագ որդին էր, ունի մեկ եղբայր: Գառնիկը երազում էր ծրագրավորող դառնալ․ ուժեղ էր մաթեմատիկայից, բայց վերջերս ասում էր՝ հենց բանակից վերադառնամ, բիզնեսով պիտի զբաղվեմ։
Գառնիկին «Գյումրու երիտասարդների տան» ընկերներն ու աշխատակիցները բնորոշում են՝ որպես աջակցող, նվիրված, հումորով, ազնիվ, բարի ու անչափ ընկերասեր տղայի, ով միշտ բոլորի կողքին էր ու հանուն նրանց ոչինչ չէր խնայի, և այդպես էլ եղավ… կյանքը չխնայեց հանուն նրանց խաղաղության:
Կարդացեք նաև
«Գյումրու երիտասարդների տան» սաներից Նադեժդա Ավետիսյանը, որը Գառնիկի հետ եղել է նույն մանկապարտեզում, դասարանում ու նաև կենտրոնում, նշում է, թե ինչքան ընկերասեր ու պատրաստակամ էր նա։
«Մի անգամ դպրոցում ստուգողական աշխատանքս չէի հասցրել գրել, վերջացնել ու լաց էի լինում, Գառնիկը ուսուցչի սեղանից թաքուն վերցրել էր տետրս ու իմ փոխարեն լրացրել»,-հիշում է Նադեժդան։
«Գյումրու երիտասարդների տան» սաներից Լևոն Խաչատրյանն էլ նշում է․ «Երբ ես ու Սաշը (կենտրոնի սան) առաջին անգամ եկանք կենտրոն ու մեզ ծանոթացրին կենտրոնի ու պատանիների հետ, հիշում եմ՝ ի սկզբանե ինչպես էր իմ մեջ տպավորվել Գառնիկը, այնքան հոգատար ու ուրիշ էր նա։ Միշտ գալիս ու հարցնում էր մեզ՝ ամեն ինչ նորմա՞լ է տղե՛ք, բան պետք լինի ասեք: Դե, մենք տարիքով փոքր էինք այդ ժամանակ ու մեզ համար ավագ ընկեր էր նա»:
«Մի օր Գառնիկը եկավ կենտրոն ու ասաց՝ արի սեղանի ֆուտբոլ խաղանք, եթե դու ինձ հաղթես, քեզ սնիկերս կգնեմ, եթե ես՝ քեզ, ապա մի բան կասեմ, ինձ պետք է օգնես: Այնպես ստացվեց, որ ես պարտվեցի, ու ինքը, որ յուրաքանչյուր խաղում առաջատար էր, խնդրեց՝ հավատարմության վերաբերյալ սիրուն խոսքեր գրել: Ես գրեցի ու մի տեսակ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ստացվել, որ ինքը շատ հավանեց: Սիրած աղջկա օրագիրն էր վերցրել, որում էլ այդ ամենը պիտի գրեր… բայց չգիտեմ՝ այն տվե՞ց այդ աղջկան, թե ոչ», – պատմում է «Գյումրու երիտասարդների տան» սան Նաիրա Կուբալյանը:
«Գյումրու երիտասարդների տան» սան Տաթևիկ Նաջարյանն էլ հիշում է, թե ինչպես մի անգամ նեղ վիճակից իրեն հանեց Գառնիկը՝ հոյակապ պարելով ու «Բեթհովեն» երաժշտական խմբին հաղթանակ բերելով։
Տաթևիկը հպարտությամբ պատմում է․ «Կենտրոնում երաժշտական շաբաթ էր ու թիմեր էին ձևավորվել, ովքեր մի քանի օր աշխատելուց ու միասին փորձ անելուց հետո պետք է ներկայացնեին երաժշտական համարներ: Մեր թիմն էլ երկար պատրաստվել, աշխատել էր ու հասցրել էր այդ երաժշտության ներքո պար բեմադրել: Ես ու մեր ընկեր տղաներից մեկը պիտի պարեինք: Երբ եկավ այդ օրը, ու մենք վերջին փորձն էինք անում, այդ տղան տեղեկացրեց, որ գործեր է առաջացել ու չի կարող գալ, բոլորս շատ տխրեցինք, որ պարի հատվածը չենք կարող ցույց տալ: Գառնիկը, դա իմանալով, եկավ ու ասաց, որ կպարի ինձ հետ ու մեր ելույթի ցուցադրման վերջին 5 րոպեին հասցրեցինք սովորել պարը… ու պարեցինք… այնքան լավ պարեցինք, որ հաղթող ճանաչեցին մեր «Բեթհովեն» երաժշտական խումբը ու դա, իհարկե, Գառնիկի շնորհիվ»:
«Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն էլ մի շատ հետաքրքիր, հումորային դրվագ է հիշում հերոսի հետ վերջին հանդիպումից։
«Ձմեռ էր, մոտ էր արդեն Գառնիկի ծառայության մեկնելու օրը, երբ հանդիպեցինք կենտրոնում, երկար խոսեցինք ու ասաց՝ ընկեր Արթուր, բանակ կերտամ, էրթամ- գամ, ամեն ինչ շատ ավելի լավ կեղնի, ծիծաղով ասացի՝ ի՞նչ պիտի լինի, գնաս գաս, որ քեզ նշանենք, ասաց՝ որ նշանեն, քավորս կեղնի՞ս, ասացի՝ իհարկե, ուղղակի մինչ այդ ինձ կին պետք է գտնես, որ գոնե քավորկին ունենաս։ Ծիծաղեցինք ու բարի ծառայություն մաղթեցի իրեն, դա եղավ մեր վերջին հանդիպումը»:
«Գյումրու երիտասարդների տան» համակարգող Գայանե Առաքելյանն էլ նրան բնութագրում է որպես աշխույժ, հետաքրքրասեր պատանու, ով, սակայն, լուսանկարվել չէր սիրում։
«Գառնիկը շատ աշխույժ, հետաքրքրասեր ու իր ընկերների, շրջապատի հանդեպ շատ ուշադիր պատանի էր: Շատ կարճ ժամանակ անց դարձավ կենտրոնի պահապաններից, ով հոգ էր տանում ամեն ինչի մասին, բայց լուսանկարվել չէր սիրում: Հիշում եմ, միշտ լուսանկարներ անելուս պահերին գալիս էր, թե բա, ընկեր Գայանե, նայեմ, նկարի մեջ հո չեմ երևում: Բայց էնքան մեծ եղավ զարմանքներս, որ հենց բանակ գնաց, էնքան սիրուն-սիրուն նկարներ էր նկարվում, ուղարկում: Մենք էլ նայում ու հպարտանում էինք մեր սիրուն ու թասիբով զինվորի համար: Շատ մեծ սիրով գնաց բանակ, շա՜տ – պատմում է Գայանե Առաքելյանը:
«Գյումրու երիտասարդների տան» երիտասարդական աշխատող Արտաշես Հարությունյանն էլ նշում է՝ Գառնիկը թասիբով էր, անկեղծ:
«Մի անգամ կենտրոնի կանոնները խախտելու համար Գառնիկը զրկվել էր 10 օր կենտրոն գալուց (մեր սաների հետ ունենք համատեղ մշակված կանոններ) ու հենց չգալու օրից կենտրոնի փակման ժամին գալիս էր, որ ընկերների հետ տուն գնա ու մեզ էլ հիշեցնում էր՝ մնաց 10 օր, 5 օր, 3 օր ու երբ իր կողմից հաշված ամեն օրը վերջացավ ու եկավ ասաց- վերջապե՜ս եկա: Ինքը շատ թասիբով, բարի սրտով ու անկեղծ տղա էր»,- ասում է Արտաշես Հարությունյանը:
«Գառնիկս իր աշխույժ ու ակտիվ տեսակով սեր ու ջերմություն էր տարածում շրջապատում։ Շատ էր կապված կենտրոնի հետ, սիրով ու խնամքով պահում էր բոլոր բարեմաղթանքները, որոնք փոխանակվում էին կենտրոնում կազմակերպվող միջոցառումների ժամանակ։ Ինչպես ինքն էր ասում՝ ընկեր Անժելա, «մեկ֊մեկ կկարդամ ու նորից կհիշեմ մեր ուրախ օրերը։
Հպարտանում էր, որ անցել է զինվորական ծառայության, միշտ կապ էր պահպանում կենտրոնի աշխատակիցների ու սաների հետ։
Վերջերս էլ սկսել էր Արցախի և Գյումրվա բարբառներն համատեղել, սկզբում դժվար էի հասկանում, հետո մեր բարբառով նշանակությունն էր գրում, միասին ծիծաղում էինք։ Տեսակով համախմբող էր, իր էությամբ լավագույն օրինակն էր կրտսեր պատանիների համար»- նշում է «Գյումրու երիտասարդների տան» երիտասարդական աշխատող Անժելա Ջանոյանը:
«Մեր կենտրոնի սաներին բանակ ճանապարհելիս միշտ մի անակնկալ էինք պատրաստում, որը գիտեինք բոլորս, բացի այն մարդուց, ում համար, որ պատրաստվել էր դա: Գառնիկի ծառայության մեկնելուց առաջ մեր սաներից, նրա մոտ ընկերներից մի տղայի էինք ճանապարհելու ու այդպես պատմություն էինք հորինել, Գառնիկն էլ ակտիվորեն ներգրավված այդ պատմության մեջ: Հետո երբ ավարտեցինք, ինձ մոտեցավ Գառնիկն ու ասաց՝ ընկեր Մարիամ, ընձի բանակ ճանապարհելուց հանկարծ սպես բաներ չենեք, որովհետև ես հաստատ չեմ հավատա, կիմանամ ու էլ չի ստացվի անակնկալը (ինքը միշտ իմանում էր ամեն ինչ): Հիմա եմ ինքս իմ մեջ հասկանում, որ իրեն ճանապարհելու ժամանակ անակնկալի մասին մենակ աշխատակիցներս գիտեինք, դա անակնկալ էր նաև բոլոր սաների համար: Շատ ուրախացավ, երբ շրջեցինք թղթերը, որի վրա բարի ծառայության խոսքեր էր գրված ու հա… հավատաց: Մինչև հիմա էլ ականջումս են այդ օրվա չդադարող ծափահարությունները իր համար…այդ ծափահարությունները մինչև հիմա էլ հաստատ շարունակվում են մեր խորին երախտագիտության, հպարտության ու կարոտի զգացումների հետ»,- ասում է «Գյումրու երիտասարդների տան» երիտասարդական աշխատող Մարիամ Հակոբյանը:
Փառք քեզ, մեր ՀԵՐՈՍ սան… կենտրոնում հիմա ավելի շատ կխաղանք քո սիրելի «Այլ կերպ» խաղը ու կհպարտանանք քեզնով նորից ու նորից:
Գյումրու ԵՆԿ Հ/Կ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն