«Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից». Այս թեմայով այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մասնագիտական քննարկում էր կազմակերպվել:
Քննարկումը վարող «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց, որ որոշ շրջանակներում այսպիսի վարկած կա, թե Ադրբեջանը պատերազմ սկսեց նաեւ այն պատճառով, որ ՌԴ-ի իշխանությունները որոշ վերապահումներ ունեն կամ ունեին ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ: Այս առնչությամբ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Վերջին տարիներին Ադրբեջանն իր տպավորությունները կազմում էր՝ ելնելով որոշ լրատվականների հրապարակումներից, որոնք նաեւ իր ելույթներում էին տեղ գտնում: Այդ տպավորությունը թյուր էր, դրա համար է զարմանում, ասում է՝ չեմ հասկանում, ինչի՞ իրենք մինչեւ հիմա չեն հանձնվում: Իրեն թվում էր՝ ինքը այնպիսի մեծ հաջողության է հասնելու: Վատ չէր, որ ինքը սխալ պատկերացումներ ուներ: Ինչ վերաբերում է հարցին, ըստ էության, ռուսական քաղաքական դաշտում էլ խոսվում էր անվստահության մասին պատգամավորների նկատմամբ, որոնք տարբեր կառույցներից էին եկել եւ այլն, բայց այս վերջին տարիների աշխատանքը, գործընկերությունը մեր ռուս գործընկերների հետ ցույց է տվել, որ իրենք մտավախության առիթ չունեն:
Ավելին, այս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը շատ լավ գործընկեր է Ռուսաստանի համար ու հիմա էլ ընդունվում է ՌԴ-ի վերլուծական դաշտում, որ եկեք ընդունենք, որ այս մարդիկ մեզ իսկական գործընկեր են ու դա ապացուցել են տարբեր հանգամանքներով, ցույց է տվել, որ չեն պատրաստվում քաղաքական կուրս փոխել, իրենց անվտանգային շահերը կապում են ՌԴ-ի հետ, որը բխում է նաեւ ՌԴ-ի շահերից»: Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, երբ ինչ-որ դրվագային օրինակներ են բերում, իրականում դրանք չունեն այն ազդեցությունը, ինչ փորձում են ներկայացնել. «Նույն կերպ Ալիեւը փորձում է ինչ-որ հայտարարություններ կամ դեպքեր վարչապետի կամ Արայիկ Հարությունյանի ներկայացնել՝ որպես պատճառ, բայց երբ հետեւում ես այդ մարդու վերջին տարիների հայտարարություններին, հասկանում ես, որ նա պատրաստվում էր պատերազմի: ՌԴ-ի հետ հարաբերությունները որեւէ խնդիր չեն ունեցել, որ պետք է պատճառ դառնային»:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյանը Հյուսիսային Կորեայի օրինակը բերեց, Հայաստանին այդ երկիրը նման չի ու այդ երկիրը չեն սիրում, բայց իրենց դեմ ոչ մեկը պատերազմ չի սկսում, որովհետեւ այդ երկիրը շատ լավ է զինված, ուստի հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է երբեւէ լինել այդքան ուժեղ սպառազինությունների առումով, որ ոչ մեկը կոպիտ ասած ռիսկ չանի մեր վրա հարձակվել՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը պատասխանեց. «Աշխարհի պես հին ճշմարտություն կա՝ պետք է ուժեղ լինել: Մեծ հաշվով ուժն է որոշում ու մեր դիվանագիտությունը ուժի շարունակությունն է: Հիմա հարց ենք տալիս՝ կլինե՞ր պատերազմը, թե՞ չէր լինի: Հիմա մենք անթիվ տարբերակներից ունենք այս մեկը: Մի բան ակնհայտ է՝ 94-ից մեր պատերազմը չի ավարտվել…Եթե մենք պետականաշինական զարգացումների արդյունքում ունենայինք մոտ արդյունք, ինչպես եղավ Իսրայելում, հնարավոր է մեր վրա հարձակում չլիներ: Մենք այս 26 տարում փոխեցինք 4 իշխանություն: Մեր դեմ խաղացին նաեւ միջազգային զարգացումները: Վարձկան բաշիբոզուկների պատերազմը մենք տեսանք նաեւ սիրիական պատերազմում: Բաշիբոզուկային մարտավարությունը Էրդողանը փորձարկեց, ԱԹՍ-ների փորձարկում էլ տեսանք սիրիական ճակատում»:
Ըստ փորձագետի, մեր բանակի համար բաշիբոզուկները խնդիր չեն, որովհետեւ մոտիվացված չեն, ինչպես հայ զինվորը, երկրորդը՝ քանակով մեծ չեն, մեր խնդիրը եղան ԱԹՍ-ները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ