Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չգիտենք, թե ինչպես է Ադրբեջանը վարվելու ահաբեկիչների հետ, երբ բանակցությունների վերսկսման հնարավորություն լինի. Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Նոյեմբեր 04,2020 21:55

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը շվեյցարական հանրային ռադիոյի իտալական ծառայության «Մոդեմ» ծրագրին: 

Հարց․Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ադրբեջանի վերջնական նպատակը։

Անդրանիկ Հովհաննիսյան․ Ադրբեջանի նպատակն է նվաճել Լեռնային Ղարաբաղը և ենթարկել այն էթնիկ զտման։ Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով ասել է, որ իրենք վճռական են մինչև վերջ գնալու և ամբողջ Լեռնային Ղարաբաղը գրավելու գործում։ Այս իրավիճակում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չի նահանջելու քանի որ դա կբերի Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական ոչնչացման։ Արցախի պաշտպանական ուժերը չեն կարող նման բան թույլ տալ և լի են պայքարելու և իրենց հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ։ Այսօր Լեռնային Ղարաբաղի բանակն իրականացնում է ինքնապաշտպանություն։ Նրանք պայքարում են իրենց տների, նախնիների հայրենիքի համար, որտեղ ապրել են դարեր ի վեր։ Այս հանգամանքը նրանց մեծ ուժ և եռանդ է տալիս պաշտպանվելու Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների համատեղ գերակշռող ուժերի դեմ։

Հարց․ Ի՞նչ եք կարծում, մնացել է արդյոք խնդիրը քաղաքական բանակցությունների միջոցով լուծելու հնարավորություն։

Անդրանիկ Հովհաննիսյան․ Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից լուրջ ջանքեր են գործադրվել խնդրի քաղաքական լուծումը գտնելու ուղղությամբ։ Ցավոք, այս անգամ Թուրքիայի լայն միջամտությունն էր, որ փոխեց իրավիճակը։ Նախագահ Էրդողանը նպատակ ունի վերականգնելու Օսմանյան կայսրության ժառանգությունը։ Նա վերջերս դրան հղում արեց ասելով, որ իրենք գնում են Կովկաս իրենց պապերի կիսատ թողած առաքելությունն ավարտելու։ Վերջինս հայերին բնորոշել է որպես «յաթաղանի մնացորդներ»․ սա Թուրքիայում տարածված վիրավորական արտահայտություն է, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Հայոց ցեղասպանության բոլոր հիշողությունները վերակենդանացել են։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պայքարում է հայերի նկատմամբ նոր ցեղասպանությունը թույլ չտալու համար։

Որպես դիվանագետ՝ կարծում են, որ միշտ էլ կա բանակցությունների հնարավորություն։ Հայաստանի վարչապետը բազմիցս հստակ նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով և փոխզիջումների հիման վրա։ Նա դա ասել է ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ պատերազմի ընթացքում։ Ցավոք, կրկին հղում անելով Ադրբեջանի նախագահին, պետք է մեջբերեմ նրա ասածը․ «Ադրբեջանը զզվել է բանակցելուց և առաջ է գնալու մինչև վերջ»։

Միայն Ադրբեջանը չէ, որ կռվում է Լեռնային Ղարաբաղում։ Կարծում ենք, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության մի մասը զիջել է Թուրքիային, և այժմ Թուրքիայի նախագահ Էրդողանը, կարելի է ասել, թելադրում է Ադրբեջանին, թե ինչ անել։ Իրավիճակն առավել բարդանում է հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության պայմաններում։ Նրանց Սիրիայում սովորեցրել են սպանել մարդկանց, իրականացնել զանգվածային բռնություններ, ինչի դիմաց վճարվում են։ Մենք չգիտենք, թե ինչպես է Ադրբեջանը վարվելու այս ահաբեկիչների հետ երբ բանակցությունների վերսկսման հնարավորություն լինի։

Մենք միշտ պատրաստ ենք բանակցել և միշտ ձգտում ենք բանակցային հանգուցալուծման հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30