ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է հնարավոր ամեն բան` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին նա ասել է ՌԴ կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ կախված է մեզանից, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի փրկենք մարդկանց կյանքը», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակառակորդ կողմերն իրենց նպատակները կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում: «Ամեն դեպքում, մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ կկարողանանք հասնել արդյունքի, և այնպիսի հիմքի վրա, որը կհամապատասխանի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց շահերին», – հավելել է Պուտինը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ