Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Քի Վեսթի տապալումը ուղղակիորեն առնչվում է Իլհամ Ալիեւի հետ, նա է հորը համոզել, որ մի զիջիր ոչինչ, մեր ընտանիքի վրա մի դիր դավաճանի խարան». Էդգար Էլբակյան

Նոյեմբեր 04,2020 21:35

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում քննարկում էր կազմակերպվել «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով:

ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հարցին, թե ի՞նչ կարող էին անել, որ պատերազմը տեղի չունենար, հնարավո՞ր էր շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ պատասխանեց, որ հնարավոր չէր խուսափել պատերազմից. «Տարիներ շարունակ հետեւելով Ադրբեջանի մաքսիմալիստական քաղաքականությանը, հայտնի էր դառնում, որ վաղ թե ուշ պատերազմը դառնալու է անխուսափելի: Մենք դա տեսանք նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի շրջանակներում: Ինչ կարող էր արվել այլ կերպ, իմ դիտարկմամբ, 2018-ի հեղափոխությունը, դեպքերը իրականում ընդամենը հետաձգեցին պատերազմը, որովհետեւ ակնհայտորեն Ալիեւը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալով՝ պատրաստվում էր նաեւ պատերազմի եւ քարոզչադաշտն ամբողջությամբ դրա մասին էր փաստում: Ուղղակի հեղափոխությունը, դրա շուրջ ծագած միջազգային իրավիճակը հետաձգեցին պատերազմը»:

Ըստ պատգամավորի, այս ընթացքում հանդիպումներ, քննարկումներ լինում էին, բայց դրանք բանակցություն չէին. «Եթե Ադրբեջանը գնում է մաքսիմալիստական դիրքորոշման, ասում է՝ ամեն ինչ, ի՞նչ պետք է լինի քննարկումը: Եթե չկան դիսկուրսներ, մնացած բոլոր լուծումային քննարկումները դառնում են ոչ իրատեսական: Դրա համար իրատեսական մոտեցումներ էին առաջարկվում՝ եկեք քննարկենք մթնոլորտը, այս ընթացքում հանրություններին իրար մոտեցնելու համար: Բնականաբար, դա Ադրբեջանի շահերից չէր բխում»:

Խոսելով 2011-ի Կազանի փաստաթղթի մասին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանն ասաց, որ մեծ առումով Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջումների. «Քի Վեսթի տապալումը ուղղակիորեն առնչվում է Իլհամ Ալիեւի հետ, նա է հորը համոզել, որ մի զիջիր ոչինչ, մեր ընտանիքի վրա մի դիր դավաճանի խարան, օրը կգա՝ այլ ձեւով կփորձենք լուծել»: Գալով իշխանության՝ Ալիեւը ավելի խորացրել է հայատյացությունը: Մինչեւ իր իշխանությունը ՌԴ-ի անձնագրով հայեր գնում էին Ադրբեջան, իսկ նրա օրոք արգելվեց բոլոր էթնիկ հայերի մուտքը, Ռամիլ Սաֆարովի դեպքը եղավ, կոնֆլիկտը:

Ըստ նրա, պատերազմը այսպես թե այնպես լինելու էր, ժամանակի հարց էր՝ ինչո՞ւ հիմա. «Դիմացինը պատերազմ սկսում է այն ժամանակ, երբ իր ընկալմամբ ինքը հզորության գագաթնակետին է, իսկ դու՝ թուլացման կետում՝ իր ընկալմամբ»: Ադրբեջանն իրեն ուժեղ է նաեւ զգացել՝ Թուրքիայի ուղիղ աջակցությունը ստանալով:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ նախկինում Թուրքիայի աջակցությունը եւս եղել է ու ըստ էության, Թուրքիան 1993-ից ուղիղ մասնակցում է այս կռվին՝ Հայաստանի հետ միակողմանիորեն փակելով սահմանը, որը համարվում է պատերազմական մեթոդ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30