Ռազմական գործողություններին շարունակում են կամավորագրվել նաեւ հոգեւորականները: Հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, շատերի հետ վաղը կամավոր առաջնագիծ կմեկնի նաեւ Գուգարաց թեմի Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը. «Սրբազան հոր օրհնությամբ ես էլ եմ միացել կամավորական խմբին, իսկ վաղն Աստծո հաջողությամբ պետք է մեկնենք առաջնագիծ: Պետք է լինենք մեր զինվորների, սպաների ու կամավոր եղբայրների կողքին՝ մեր Արցախի ժողովրդի գոյամարտը պաշտպանելու համար: Բոլորս կամավոր ենք, ոչ մեկը պարտադրանքով չի գնում»,- ասում է հոգեւոր հովիվը:
Տեր Վրթանեսն ասում է, որ Օձունից շատերն են միացել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործին: Բացի այդ ամբողջ հանրապետությունից քահանաներ այս պահին գտնվում են Արցախում, կանգնած են զինվորի կողքին. «Սահմանում քահանաներ շատ ունենք: Գնդերեց քահանաներ ունենք, որ իրենց գնդերի հետ այնտեղ են, ունենք նաեւ քահանաներ, ոչ միայն մեր թեմից, այլեւ մյուս թեմերից, որ ներգրավվել են Արցախի թեմի ծառայությունն ավելի հզորացնելու գործին: Բանակում այս պահին քահանաների պակաս չունենք: Մենք էլ սիրով միանում ենք իրենց՝ մեր Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»:
Տեր հայրը սահման է մեկնում ոչ թե հոգեւորականի հագուստով, այլ զինվորականի համազգեստով. «Մեր վանքերը, եկեղեցիները, մեր սրբավայրերն ո՞վ պաշտպանի, եթե մենք չպաշտպանենք: Ես ուր էլ գնամ քահանա եմ, բայց հիմա կամավոր որպես զինվորական եմ մեկնում: Այսօր ստացել եմ զինվորական պարագաներ եւ պատրաստվում եմ խմբի հետ ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում: Եվ՛ ֆիզիկապես կպաշտպանեմ, եւ՛ կաղոթեմ մեր զինվորների համար: Աստված էլ մեզ հետ կլինի, հաղթանակով էլ պետք է վերադառնանք: Մենք երկու տարբերակ ունենք՝ կա՛մ հաղթանակով վերադառնանք, կա՛մ անմահանանք»,- եզրափակեց զրուցակիցս:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Միայն հաղթանակած, այլ տարբերակ չկա ✊🏻🇦🇲✝️🇦🇲