Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյանը՝ Բայրաքթարը «զգետնելու» առաջարկության մասին․ «Հետաքրքիր նախագծեր կային, որոնք մեր պաշտպանողունակությունը անգամներով կբարձրացնեն»

Նոյեմբեր 04,2020 20:20

Արցախում ընթացող այս պատերազմն ապացուցեց, թե որքան կարեւոր է խրախուսել, մեծ ներդրումներ կատարել գիտության զարգացման համար, ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով զինտեխնիկա, զարգացնել ռազմարդյունաբերությունը։ ՊՆ ներկայացուցիչներն էլ բազմիցս նշել են՝ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի՝ այս պատերազմում առավելությունը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն են, թուրքական Բայրաքթարը, որոնք, պարզ է, որ երկար տարիների ընթացքում մասնագետների աշխատանքի արդյունք են։

ԱԹՍ-ներին ինչ-որ ձեւ չեզոքացնելու ով՝ ինչ գաղափար կամ առաջարկ ունի։ Գիտական մտքին խրախուսելու եւ լավագույն գաղափարների համար իր խնայողություններից 20 հազար դոլար պատրաստ էր վճարել «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Հենց նա էլ դեռ հոկտեմբեր 19-ին օգտակար գաղափարի, այսպես ասած՝ «մրցույթ» էր հայտարարել, եւ խոստացել՝ եթե գաղափարն իսկապես լավը լինի, ապա այն իրականություն դարձնելու համար դրամահավաք կկազմակերպի։

«Երբ այդ առաջարկն արել էի, մեր բանակի առաջ այդ խնդիրը շատ հրատապ էր։ Ինձ հետաքրքիր էր՝ կա՞ Բայրաքթարի դեմ պայքարելու նախատիպ, որը հնարավոր լիներ փորձարկել այս պահին։ Եվ, իհարկե, եթե արդյունավետ լիներ՝ իմ խնայողությունները պատրաստ էի վճարել դա իրականացնելու համար»,- Aravot.am -ի հետ զրույցում հիշեցրեց պարոն Սահակյանը։ Նրա հայտարարությունից հետո 300 հաղորդագրություն է ստացել՝ տարբեր առաջարկներով։

Այս 300-ից մեծ մասն, ինչպես պարոն Սահակյանն ասաց, առաջարկում էին ԱԹՍ-ի դեմ ծխի միջոցով պայքարել, ծուխ բաց թողնել․ «5%-ն էլ ռուսական կամ այլ երկրների արտադրության զենքերի նմուշների մասին էր առաջարկը։ Բայց սա իմ առաջարկին չէր համապատասխանում։ Շատերն ասում էին՝ գաղափարներ ունենք, փորձարկված չէ, պետք է սարքենք։ Բայց սա որոշակի ժամանակ էր պահանջում, ընդ որում, չգիտենք՝ փորձարկումներից ժամանակ արդյո՞ք կարդարացնեին իրենց»։

Արդյոք այս 300-ից որեւէ մեկը իրատեսական առաջարկ չէր արել։ Պարոն Սահակյանի ներկայացմամբ՝ հինգ խումբ կար, որոնք վստահեցրել էին, որ ներկայումս աշխատում են գաղափարի վրա։ Պարոն Սահակյանը կազմակերպել էր նրանց եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու գաղափարները․ «Ես էլ էի ներկա հանդիպմանը, որպեսզի հասկանայի՝ իմ առաջարկի մասին է, թե՝ ոչ։ Պարզվեց, որ իմ առաջարկի մասին չէ, բայց շատ արդյունավետ քննարկում եղավ, եւ այլ նպատակների համար ահագին գաղափարներ կային, պայմանավորվեցին, որ կշարունակեն աշխատել միասին՝ ՊՆ- ն ու գաղափարների հեղինակները»։

Սուրեն Սահակյանն ասաց՝ քանի որ Բայրաքթարի չեզոքացնելը ՊԲ-ի, եւ ընդհանրապես, աշխարհում եղած սպառազինություններով հեշտ գործ չէ, մտածում էր գուցե այնպիսի գաղափար լիներ, որը մինչեւ հիմա չէր եղել, կամ գուցե այնպիսի պարզագույն, թեկուզեւ բարդ մեթոդներ կլինեին՝ արդեն եղածի նախատիպով, որոնք հնարավոր կլիներ գործի դնել․«Պարզվեց նման բան չկա այս պահին։ Բայց հաջորդ օրվանից մերոնք սկսեցին Բայրաքթարներ խփել, ինչը սպառազինությամբ համալրվելու հարց է»։

Պարոն Սահակյանն իր հայտարարությունից հետո հետաքրքիր առաջարկներ է ստացել, շատերն արձագանքել են եւ առաջարկել են մասնակցել դրամահավաքին, պատրաստ են հովանավորել ինժեներական որեւէ խմբին, որպեսզի շարունակեն գործունեությունը ժամանակակից ռազմական տեխնիկայի կամ տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ․«Թե դա երբ կլինի, չգիտեմ, ժամանակի հարց է։ Շատ հետաքրքիր նախագծեր կային, որոնք մեր պաշտպանողունակությունը անգամներով կբարձրացնեն։ Այդ հանդիպմանը հինգ հոգի էին մասնակցում, բայց իրականության մեջ կան հարյուրավոր խմբեր, որոնք ծրագրեր են իրականացնում՝ առանց մեր իմացության։ Եթե պետական ֆինանսավորում լինի՝ մենք նման սպառազինություններ կունենանք»։

ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գաղափարի հեղինակներին ուղղորդել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ էլ նշված խմբի հետ աշխատանքները կամ կշարունակվեն կամ՝ ոչ։

Թե ինչ փուլում է Բայրքթարը «զգետնելու» գաղափարի հեղինակների հետ աշխատանքը, արդյոք դա իրատեսական է, Aravot.am-ը փորձեց պարզել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Սակայն, մեզ հայտնեցին, որ որեւէ տեղեկություն չեն կարող տալ, քանի որ այն վերաբերում է ռազմարդյունաբերությանը, այն գաղտնի է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30