Aravot.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
-Հայաստանի երրորդ հանրապետության առաջին իշխանությունը՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ վարելու են բազմավեկտոր քաղաքականություն: Հետագայում, ՀՀ մյուս ղեկավարները նույնպես պահպանեցին քաղաքական այդ ուղղությունը: Եթե պատերազմի 1,5 ամիսների կտրվածքով փորձենք վերլուծել՝ արդյունավե՞տ էր բազմավեկտոր քաղաքականությունը, որո՞նք են արդյունքները, նկատի ունենալով իրողությունը, որ բոլոր երկրներն էլ, միջազգային կառույցներն էլ կրավորական կեցվածք են դրսեւորում:
-Կոմպլեմենտար՝ բազմավեկտոր քաղաքականության մասին ամենաշատը խոսվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ Վարդան Օսկանյանն էր ԱԳ նախարար: Թմբկահարվել է շատ: Բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք հայտարարված եւ վարած քաղաքականությունը եղել է միավեկտոր՝ դեպի ՌԴ: Հայտարարվել է մի բան, արվել է այլ բան:
Կարծում եմ, մոտեցումը ճիշտ էր, իհարկե, պետք է վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ բոլոր հնարավոր ուղղություններով: Այլ խնդիր է, որ այդ քաղաքականությունը վարելուց պետք է կարողանաս այնպես կազմակերպել աշխատանքները, որ դա լինի արդյունավետ: Միայն հայտարարելով չէ:
Կարդացեք նաև
Ինքս, կարծում եմ, որ այո, Հայաստանի դիվանագիտությունը պետք է լինի բազմավեկտոր՝ ուղղված լինի եւ դեպի իր անմիջական հարեւանները, առաջին հերթին, եւ դեպի հեռավոր երկրներ, եւ դեպի աշխարհի հզորներ: Բայց հայտարարությունների մակարդակից պետք է դուրս գանք:
Հույս ունենանք, որ այս պատերազմը առիթ կհանդիսանա, որ հայտարարված բազմավեկտոր քաղաքականությունը նաեւ պարունակություն ունենա:
-Կյանքն այս պատերազմական օրերին ցույց տվեց, որ տարածաշրջանում՝ ՀՀ-ի շահի տեսանկյունից, գործնական դեր եւ նշանակություն ունի ՌԴ-ն՝ դա մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, ուզում ենք մենք դա, թե՝ ոչ: Հետեւաբար, արդարացված չի՞ լինի բազմավեկտր քաղաքականության մեջ ՌԴ-ին առանձնահատուկ դերի շնորհումը:
-Չեմ կարծում, որ կյանքը նման բան է ցույց տվել: Այս տարածաշրջանում, իհարկե, ՌԴ-ի դերն ու նշանակությունն անհամեմատելի է, որովհետեւ ՌԴ-ն է տարածաշրջանի թիվ մեկ խաղացողն է: Բայց կյանքը ցույց տվեց նաեւ, որ այստեղ լուրջ խաղացող է նաեւ մեր անմիջական հարեւան Թուրքիան: Եվ կյանքը ցույց տվեց, որ մեզ կարող են աջակցել եւ Եվրոպայի շատ երկրներ, եւ հեռավոր Ամերիկայի միացյալ նահանգները, եւ աջակցում են:
-Միայն հայտարարություններով:
-ՌԴ-ի կողմից նույնպես հայտարարություններ են: Առհասարակ, ես չեմ կիսում այն կարծիքը, այն մոտեցումը, որ բոլոր երկրները պետք է իրենց գործերը, իրենց շահերը թողնեին եւ լծվեին միայն եւ միայն ՀՀ-ի խնդիրներին: Անում են մարդիկ՝ երեւացող, կարծում եմ, նաեւ չերեւացող աշխատանք, որի արդյունքը գուցե ապագայում մենք կտեսնենք: Այս պատերազմը մեր պատերազմն է եւ սպասել, պարտադրել կամ ակնկալել, որ բոլորն իրենց բոլոր գործերը թողած միայն մեզ կպաշտպանեն, այնքան էլ ճիշտ չէ: ՌԴ-ն ունի իր շահերը, եվրոպացիներն ունեն իրենց շահերը, մենք էլ ունենք մեր շահերը: Մեր խնդիրը, երբ ասում ենք բազմավեկտոր քաղաքականություն, պետք է լինի այն, որ կարողանանք մեր շահերը հետապնդելիս այնպես համադրել դրանք այլ երկրների շահերի հետ, որ բախում չառաջանա:
-Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ-ն ամենասերտ հարաբերություններն ունեցավ եվրոպական երկրների հետ, բայց պատերազմական այս ընթացքում եվրոպական երկրները բավական կրավորական կեցվածք դրսեւորեցին: Համենայնդեպս, նրանց դիրքորոշումների եւ քաղաքականության գործնական դրսեւորումները նկատելի չեն:
-Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում գործնական դրսեւորումներ. օրինակ, Ֆրանսիան միանշանակ հայտարարություն արեց, որը, կարծում եմ նույնիսկ ավելին էր, քան կարելի էր ակնկալել, որովհետեւ, որպես Մինսկի խմբի համանախագահ, նրանք պետք է ձգտեն լինել հավասարակշռված: Օրինակ, Ադրբեջանում Ֆրանսիան դիտարկվում է արդեն, որպես Հայաստանի միանշանակ աջակից:
Չեմ կարծում, թե մենք աշխարհից իրավունք ունենք պահանջելու ավելին, քան աշխարհը տալիս է մեզ: Ես չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է: Մենք պետք է հասկանանք՝ բոլորն ապրում են այս աշխարհում, բոլորն ունեն իրենց շահերը եւ մենք պետք է կարողանանք ուղղակի մեր շահերը համադրել նրանց շահերին: Ավելին ակնկալել, պահանջել, նեղանալ… չեմ կարծում, որ ճիշտ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ