Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ Սեպասարի նահատակված 35-ամյա Սամվելին ռազմի դաշտում «Ռեմբո» մականունն էին կնքել․ նրա մասին լեգենդներ են պատմում

Նոյեմբեր 04,2020 17:56

Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պատերազմած ու նահատակված Մեծ Սեպասար համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանը 35 տարեկան էր, նա երկու երեխաների հայր էր՝ աղջիկը՝ 10 տարեկան է, տղան՝ յոթ։

Սամվել Մկրտչյանը 2016 թվականից ծառայության էր անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։ Այս մասին մենք տեղեկացանք նրա հորեղբոր աղջկանից՝ Լիլիթ Մկրտչյանից։

«Նա չափից դուրս նվիրված էր հայրենիքին, որ ասում են՝ անվերապահ սիրել հայրենիքը, հենց Սամվելի համար էր ասված։ Շատ ընկերասեր էր, հարգալից մարդկանց նկատմամբ․ մեծերի հետ մեծ էր, երեխաների հետ՝ երեխա։ Շատ ժպտերես էր, կատակասեր, համբերատար, հանդուրժող, բնավորությամբ շատ նման է իմ հայրիկին (Խոսքը Տեր Գրիգոր Ավագ քահանա Մկրտչյանի մասին է, հեղ․):

Պատերազմի առաջին օրերից այնտեղ էր, երբ ամիսը լրացել էր, ասել են՝ հերթափոխ պիտի լինի, իրեն ու ընկերոջը` Ջիվան Գրիգորյանին տուն էին ուղարկել, բայց իրենք երկուսն էլ հրաժարվել էին, թե նորից կբարձրանանք դիրքեր, ոչ մի տուն գնալ մինչև կռիվը չավարտվի։ Դիրքեր բարձրանալիս էլ մեքենան ռմբակոծել էին․ նահատակվել էին թե՛ Սամվելը, թե՛ Ջիվանը։ Ընկերներից մեկն ասել է, թե արի մեր մեքենայով բարձրանանք, Սամվելը պատասխանել է՝ մեքենան մեքենա չէ՞, ինչ տարբերություն, նստել ենք արդեն․․․

Սամվելին չէին տանում առաջնագիծ, ինքը վիրահատված էր, գնացել, կռվել է հրամանատարի հետ, թե ինձ ինչո՞ւ չեք տանում, ես էլ եմ ուզում գնամ, ինչո՞ւ չպիտի գնամ, կամավոր էր գրվել ու գնացել»,-պատմեց Լիլիթ Մկրտչյանը։

Հերոսի հորեղբոր դուստրը նաև պատմեց, որ Սամվելը բանակում ծառայելուց հետո արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց հետո որոշել է մնալ հայրենիքում, ծառայել միայն հայրենիքին։

«Պատերազմ գնացել էր շատ ուրախ տրամադրությամբ, տնեցիներին էլ խոստացել էր՝ անպայման վերադառնալ․․․ Իր հերոսությունների մասին սերունդները դեռ շատ կլսեն, մարտական ընկերները պատմում են, որ անզիջում կռվող էր, մարտական անուն էին կնքել՝ «Ռեմբո»․․․ Ասում են, որ հարյուրավոր կյանքներ է փրկել, այնքան ռիսկով է եղել, որ թուրքերին մշտապես զինաթափել է։ Լեգենդներ են պատմում իր մասին։ Հորեղբորս կինը չնայած մեծ վշտին՝ ասում է՝ թող ես վերջին մայրը լինեմ, ով զգում է այս մեծ ցավը»։

Հայրենիքի համար պատերազմ մեկնելը Սամվել Մկրտչյանը ժառանգել է իր պապից ու նաև հորեղբորից։ Պապիկը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, իսկ հորեղբայրը՝ Տեր Գրիգոր Ավագ քահանա Մկրտչյանն՝ արցախյան պատերազմի։

Մեծ Սեպասարի նախկին համայնքապետ Սերգեյ Սողոյանն էլ, որը դպրոցում տաս տարի դաս է տվել Սամվելին, ասաց․ «Սամվելը ծառայել է ԱԱԾ-ի սպեցնազում՝ երկու տարի, ուներ լավ պատրաստվածություն՝  և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ բարոյապես։ Ծառայության ընթացքում բազում անգամ խրախուսանքների է արժանացել՝ որպես պարտաճանաչ և ազնիվ զինվոր։ Սամվելին ճանաչող յուրաքանչյուր ոք նրան գնահատում է որպես բարձր ոգու տեր անձնավորության։ Սամվելը դաստիարակվել է մի հայ ավանդական ընտանիքում, որտեղ միշտ պատմել են Հայոց պատմությունը։ Նա հայրենասիրական երգերի տակ է մեծացել, Սահակ Սահակյանը՝ մեր հզոր երգիչը, նրա հոր հորեղբոր տղան է, հենց նրա երգերի տակ էլ մեծացել է։

Ընտանիքում իրեն շատ էին սիրում, Սամվելը միակ տղան էր, երկու քույրեր ունի։ Նա ազգային հարցերին միշտ նվիրված է եղել։

Ցավում ենք, ափսոսում, բայց Փա՜ռք մեր հերոսներին, որոնք հողը արյունով են պահում, պատվական այլ ձև չկա, մենք բոլորս այսօր ազգի զինվոր ենք, ինչպես Սամվելը, Ջիվանը ու մյուսները, որոնք հեռացան մեզանից՝ արժանապատվորեն պահելով հայրենիքը, հողը, իրենց անունները, բոլոր նահատակները հերոսներ են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30