Այստեղ սխրանքներ են հյուսում
Հակառակորդի հարձակումների թիրախում միշտ էլ Մարտակերտն է լինում` իր շրջակայքով։ Բնակիչների խոսքով` կրակոցների ձայներն անգամ հեղհեղուկ խաղաղության ժամանակ սովորական են եղել, իրենց սրտում վախ չկա։ Իմ գործընկեր Լուսինե Զաքարյանի հետ բոլորովին վերջերս էինք առաջնագծում, հպարտացել ու հպարտանում ենք մեր տղաների քաջությամբ։
Պետք է նշեմ, որ Մարտակերտի ուղղությամբ թշնամու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ հրամանատարական կազմի ճշգրիտ քայլերի արդյունքում թշնամուն պատճառվում է ոչ միայն մարդկային, այլ նաեւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Իրենց ռազմավարական փայլուն գիտելիքները հանուն հայրենիքի են ծառայեցնում շարքային զինվորը, սերժանտը, փոխգնդապետը, գնդապետն ու գեներալը։
Մարտակերտը սխրանքների շրջան է, քանզի այսքան ռմբակոծություններից հետո էլի ու էլի շարունակում է ապրել, շնչել, ամուր լինել։
Կարդացեք նաև
Փորձեցի Լուսինե Զաքարյանից ճշտել Մարտակերտի ներկայիս վիճակը։ Նա ասաց, որ ժամանակ առ ժամանակ թշնամին թիրախ է դարձնում Մարտակերտ քաղաքն ու շրջակայքը։ Մեր տղաները համառ դիմադրում են անգամ դիվերսիոն հարձակումները` հետ շպրտելով։ Բայց շատ անգամ էլ թշնամին իր լեշերը թողնում է մարտադաշտում եւ ուշադրություն էլ չի դարձնում սեփական զորքին։
Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հակառակորդը թիրախավորում է ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները եւ ենթակառուցվածքները։ Հակառակորդի նմանօրինակ քայլերը կոխկրտում են միջազգային մարդասիրական իրավունքներն ու նորմերը։ Մենք գիտենք, որ մեր թշնամին ամենաստորն է ու նրանից շատ վայրագություններ է սպասելի։ Հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկի թիրախավորումը թշնամու բացարձակ վախկոտ կերպարն է մատնանշում։ Ադրբեջանի ռազմական հանցագործ ղեկավարությունը շարունակում է իր սեւ գործը, սակայն ՊԲ ստորաբաժանումների հուժկու հարվածից նրանք ունենում են ահռելի կորուստներ։
Մարտակերտն անընդհատ թիրախավորվում է։ Հերոսների դարպասը երբեք հետ չի նահանջում։ Այստեղ իր հայրենանվեր ծառայությունն է կատարում գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, ով օրեր առաջ ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։
Փա՛ռք մեր բանակին, ո՛ւժ հայ զինվորներին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2020