«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության:
Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի տարբեր հատվածներում, թե ինչի կարիք կա առաջնագծում:
Սահմանին տիրող իրավիճակը հետևյալն է. բոլորս ուս-ուսի տված՝ դաժան մարտերում արժանի պատասխան ենք տալիս թշնամուն, կանխում ենք նրանց առաջխաղացումը, ձախողում ենք նրանց ծրագրերը և տալիս ենք ուժգին հակահարված:
Ինչի՞ կարիք կա առաջնագծում. առաջնագծում հենց քո կարիքը կա՝ միանալու մեր մեծ ընտանիքին: Առաջնագծում հենց քո կարիքը կա թշնամուն ծնկի բերելու համար և թշնամուն վերջնականապես հասկացնելու, թե ով է այս սուրբ հողի տերը:
Մենք երդում ենք տվել զենքին և մկրտվել արկերի սուլոցների և պայթյունների տակ:
Կարդացեք նաև
Մենք մեր տունը, մեր սուրբ հողը անգամ կյանքի գնով չենք զիջելու թշնամուն: Եվ հենց հիմա պահն է հայրենասիրության, պահն է հայրենիքի արժանի զավակը լինելու:
Կրկին կոչ եմ անում բոլորին, անհատապես կամ խմբերով ներկայանալ զինկոմիսարիատ, կամավորագրվել, անցնել համապատասխան արագ վերապատրաստում և միանալ մեզ:
Տեղի ունեցողը, ոչ ավել, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է, և ամեն մեկս պետք է որոշենք այս իրավիճակում մեր անելիքը:
Մենք կռվում ենք հանուն մեր ու գալիք սերունդների, հանուն ապագայի, հանուն լույսի, հանուն վաղվա օրվա հույսի և մենք պատրաստ ենք մեռնել հանուն կյանքի:
Մենք, անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 🇦🇲 :
Էլ արցունք չկա լացի,
Բայց բազուկներում ուժ կա հարվածի,
Թշնամուն հաստատ բերելու ենք ծնկի,
Բայց այս անգամ այնպես, որ էլ երբեք ոտքի չկանգնի:
Հ.Գ. ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ հեռախոսազրույցը փոխանցեց մարզպետի օգնական Մերի Բադալյանը: