«ՀՀ եւ Արցախի խաղաղ բնակչության հանդեպ թիրախային հարձակումներ են եղել: Մտադրված, թիրախային հարվածներ հասցնելու մասին է խոսքը, հատկապես Արցախի դեպքում դա ակնհայտ է: Մտադրությունը՝ հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով հակառակորդի պատերազմական հանցագործություններին՝ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ուշադրության տակ ենք պահում նաեւ ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: Ունենք երկու մարզի բնակավայրերի հանդեպ զինված հարձակումներ, հրթիռային հարձակումները՝ հատկապես: Խոսքը Գեղարքունիքի մարզի գյուղերի եւ Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք համայնքների, այնուհետեւ՝ Դավիթ Բեկ եւ Ագարակ գյուղերի հանդեպ հարձակումների մասին է»,-նշեց Արման Թաթոյանը:
Նա շեշտեց, որ կարեւոր արձանագրում է ուզում անել. «Պետք է գտնել իրական դրդապատճառները եւ մտադրությունները, որոնք այս ամենի հետեւում են: Կարեւոր գործոն է այն, որ թիրախային հարձակումներում արգելված զինատեսակներ են օգտագործվում: Եթե սկզբում դրանք կասետային զինատեսակներ էին, ապա այսօր՝ քիմիական տարրեր պարունակող եւ զանգվածային ոչնչացման զենքեր: Դրանից բացի, ակնհայտ է մտադրությունը՝ նման զինատեսակներով ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին, որովհետեւ կասետային եւ մյուս զինատեսակները միջազգային իրավունքով արգելված են: Պետք է հաշվի առնել նաեւ առաջին իսկ օրից ատելության խոսքի ծավալումը: Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն եւ խրախուսվում է քաղաքական մակարդակով, բայց սեպտեմբերի 27-ից հարձակումներն ուղեկցվում են հատկապես մեծ համակարգվածությամբ՝ ադրբեջանաթուրքական աղբյուրների մշակված տեսանյութերով: Դրանից բացի, եթե համեմատենք ապրիլյանի հետ, ապա ինչո՞ւ այն հենց առաջին օրից սկսվեց խոշտանգումներով: Որովհետեւ միանգամից սկսվեց մարդկային կոնտակտով: Իսկ այս պատերազմի դեպքում սկզբում չեղավ մարդկային կոնտակտ, փոխարենը՝ ատելության լայնածավալ խոսքը վկայում է այն մասին, որ մարդկային կոնտակտ սկսելու դեպքում այն ուղեկցվելու է դաժանություններով եւ խոշտանգումներով»:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանի խոսքով՝ հենց առաջին օրից իր միջազգային գործընկերներին ասել է, որ այս պատերազմում եւս հակառակորդի դաժանությունները կրկնվելու են՝ հաշվի առնելով ատելության կազմակերպված ծավալը. «Մեր ուսումնասիրությամբ՝ այդ ատելությունն Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայում, որովհետեւ սկսվում է իշխանության մակարդակով եւ ավարտվում մշակույթի, սպորտի գործիչներով: Հանրությունը մտնում է փակ շղթա, եւ ատելության խոսքն արժանանում է բացահայտ հրճվանքի, խրախճանքի: Բացահայտել ենք «տելեգրամյան» խմբեր եւ այլ ցանցեր, որոնցում պարզապես խրախճանք է կազմակերպվում, հարցումներ եւ քվեարկություններ են կազմակերպվում բացառիկ ցինիզմով: Հատուկ նշեմ, որ ատելությունը բորբոքելու լրացուցիչ միտում կա: Բացահայտել ենք նաեւ, որ Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործում գերիների սոցցանցային էջեր եւ ապօրինաբար տիրանում գաղտնաբառերին, կառավարում այդ էջերը: Մեկ էլ տեսնում ես՝ հայ զինվորի էջն ինչ-որ պահից սկսած գովերգում է հակառակորդին»:
Արման Թաթոյանը նախազգուշացրեց, որ գնալով հակառակորդի կողմից շատանում են բռնություն, խոշտանգում պարունակող տեսանյութերը, որոնք ուղարկվում են հայ օգտատերերին. «Սա կազմակերպված բնույթի է: Հադրութի մեր երկու հայրենակիցների դաժան սպանության տեսանյութը կոնկրետ աղբյուրից էր տարածվում: Հետո Ադրբեջանի ՊՆ-ն, հասկանալով, որ խնդիրներ կունենա, հեռացնել տվեց այդ տեսանյութը, որը, սակայն, մենք հասցրել ենք ներբեռնել: Այս ամենն Ադրբեջանում կոնկրետ խմբերից է արվում եւ հրապարակվում միանգամից՝ արժանանալով հանրային մեծ գովասանքի»:
ՄԻՊ-ը նաեւ ասաց՝ պատերազմական հանցագործություն է նաեւ այն, որ մեր գերիներին ստիպում են տեսախցիկի առաջ ինչ-որ բաներ ասել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ