Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար». ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը շարունակում են Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունն աշխարհում

Նոյեմբեր 04,2020 16:23
hyd

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր
30 հոկտեմբեր-04 նոյեմբեր 2020թ․

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնամուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։

Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերն անընդհատ կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

• Եվրոպա
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանը և մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատվիրակությանն ուղեկցեցին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը և Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսյանը:

Ժորժ Դալեմանն առաջին եվրոպացի պատգամավորներից է, որ այցելեց Արցախ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո:

Այցի ընթացքում բելգիացի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշել է. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանվում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ և Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ջարդերն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար»:
Արցախ այցելած բելգիական պատվիրակությանը, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը:

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը բրիտանացի խորհրդարանականների միջավայրում տարածել է մի զեկույց, որը շատ մանրամասնորեն ներկայացնում է Արցախի շուրջ ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Զեկույցը պարունակում է նաև տեսագրություններ, լուսանկարներ, որոնք փաստագրորեն ապացուցում են հայ ժողովրդի նկատմամբ պատերազմական հանցագործությունները։

Լեհաստանի Հայ դատի հանձնախմբից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 31-ին մոտ 500 լեհահայեր Վարշավայում ավտոերթ են իրականացրել և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին։ Ավտոերթի ավարտին Վարշավայի հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն։

• Կանադա
Կանադայի հասարակական և քաղաքական կյանքում շարունակվել են Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներն ու միջոցառումները։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբից հայտնում են, որ զենքի վաճառքի կասեցման պայմաններում, Կանադայից դեպի Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման, դրանում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հնարավոր ներգրավվածության հարցը բարձրացրել է ընդդիմադիր պահպանողական կուսակցության անդամ, ընդդիմության ստվերային արտգործնախարար Միշել Շոնգը։

Տևական ժամանակ կանադական հասարակական և քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները հոկտեմբերի 29-ին վերաճեցին Կանադայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի ընդունած որոշմանը, որով վավերացվեց Թուրքիային զինվորական սարքերի վաճառքի վերահսկողության բանաձևը։ Բանաձևի նախագիծը ներկայացրել էր խորհրդարանի անդամ, «Նոր դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ Ջեք Հարիսը։

Բանաձևի համաձայն՝ ռազմական նշանակության սարքերի արտոնագրերի վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը գտնվում է գործադիր իշխանության մարմինների տրամադրության տակ, իրազեկման կարգով տրամադրվում է նաև Կանադայի խորհրդարանի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների հանձնաժողովին։

Կանադայի մի շարք շրջաններում, օրինակ՝ Վանկուվերում և Ուոթերլոյում, մի դեպքում՝ թուրքական հյուպատոսարանի առջև, մյուս դեպքում՝ քաղաքի գլխավոր հրապարակում, մասնակցությամբ համայնքային կազմակերպությունների, անցկացվել են բողոքի ցույցեր և հանրահավաքներ, որոնք լայնորեն լուսաբանվել են տեղական լրատվամիջոցներով։

• Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վերջին օրերին հատկապես ԱՄՆ քաղաքական կյանքը պտտվում է բացառապես ներքաղաքական օրակարգի շուրջ։ Ամեն դեպքում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի դադարեցրել իր աշխատանքները, որոնք վերջին օրերի ընթացքում ենթադրել են հիմնականում հանրահավաքներ, բողոքի ցույցեր և քարոզչական բնույթի այլ աշխատանքներ։ Դրան զուգահեռ, կան նաև զուտ քաղաքական բնույթ ունեցող արդյունքներ, մասնավորապես՝ ԱՄՆ Արևելյան թևի Հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Նյու Ջերսիի նահանգային սենատը սկսել է Արցախի Հանրապետության ճանաչման օրենսդրական գործընթաց։

Բողոքի միջոցառումների առումով՝ բավական ակտիվ են եղել նաև ՀՅԴ Հայ դատի Երուսաղեմի և Արգենտինայի հանձնախմբերը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից էլ տեղեկանում ենք, որ նոյեմբերի 2-ին Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրության ավստրալական ինստիտուտը, միանալով ցեղասպանության մասնագետների միջազգային կազմակերպության կոչին, մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիայի պարագայում Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վտանգի կապակցությամբ։ Ինստիտուտը ավստրալական դաշնային կառավարությանը կոչ է արել քննադատել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30