Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը «Մեդիա» կենտրոնում կայացած առցանց ասուլիսում ասաց, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի գործողություններ են իրականացնում՝ դատապարտելով ագրեսիան ու պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Նրա խոսքով, Ֆրանսիայում հայ համայնքի հանդեպ համակրանք կա, իսկ այնտեղ հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիաներից հետո ավելի շատ են սկսել ուշադրություն սեւեռել Արցախի խնդրի վրա: Տիկին Չոբոյանի կարծիքով, սակայն, ֆրանսահայերը չպետք է սեւեռվեն միայն Արցախի ճանաչման վրա, դա պետք է լինի համալիր ներկայացվող կարեւորագույն հարցերի համատեքստում:
Ֆրանսահայ հասարակական գործիչը մի քանի կարեւոր շեշտադրում առանձնացրեց, դրանցից մեկը Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին վաճառված արբանյակների հարցն է, որն իրականացվել է նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման օրոք, ու Հիլդա Չոբոյանի խոսքով, թեեւ դրանք վաճառվել էին միայն քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, սակայն այժմ կիրառվում են հայկական դիրքերը հետախուզելու համար:
Հիլդա Չոբոյանը կարծում է, որ նաեւ այդ հարցը պետք է բերել օրակարգ ու Ֆրանսիայից պահանջել ռազմական եւ ռազմավարական օգնություն տրամադրել Հայաստանին, ու եթե հնարավոր չէ չեզոքացնել արբանյակների գործածումը Արցախի խաղաղ բնակչության դեմ ասել, որ ձեր գումարներով ստեղծված զենքերը գործածվում են հայության դեմ, ուստի պետք է հավասարակշռության իմաստով Հայաստանին ու Արցախին ի նպաստ ժեստեր արվեն:
Հասարակական գործիչը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի տրամադրությունները չեն փոխվել, թեեւ նրա դեմ Թուրքիայի կողմից համաշխարհային արշավ է սկսվել: Բանախոսը վստահ է, որ տարբեր միջոցներ կարող են օգտագործվել, դիվանագիտական լեզու գործի դնել, որպեսզի Հայաստանի շոշափելի օգնություն տրամադրվի: Նա կարծում է, որ երբ ցույցերն աննպատակ են, իսկ լոզունգները՝ ոչ հստակ, պայքարն արդյունավետ չէ: Հիլդա Չոբոյանի ձեւակերպմամբ, պետք է համակարգված ձեւով թղթածրար ներկայացվի Ֆրանսիայի իշխանություններին եւ Հայաստանի կողմից հստակ դիմում կատարվի Ֆրանսիային:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հիլդա Չոբոյանի ֆեյսբուքյան էջից