Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի աղջկա էր հավանել, ասում էր՝ կամուսնանամ կռիվը հաղթանակով ավարտելուն պես» Մեծ Սեպասարի 29-ամյա Ջիվանի մասին

Նոյեմբեր 04,2020 15:20

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայից զոհվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի բնակիչ, 29-ամյա Ջիվան Գրիգորյանը։ Նա մի քանի տարի է՝ ծառայության էր անցել Ազգային անվտանգության խաղաղապահ զորքերում ու պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում էր։

Նրա քեռու դուստրը՝ Անի Մարտիրոսյանն Aravot.am-ին պատմեց, որ Ջիվանը որոշել էր տուն չվերադառնալ մինչև հաղթանակը՝ պատերազմի ավարտը։

«Հերթափոխի ժամանակն է եղել, նրան տուն են ուղարկել, սակայն իր ընկերոջ հետ որոշել են տուն չվերադառնալ, նորից բարձրանալ դիրքեր՝ մինչև կռիվը չվերջանա։ Հենց դիրքեր բարձրանալիս էլ թշնամին ռմբակոծել էր այն մեքենան, որի մեջ եղել է նաև Ջիվանը։ Մի քանի օր առաջ էլ թշնամին ռմբակոծել էր իրենց դիրքերը, տնեցիներին զանգել, ասել է՝ ես ողջ եմ, մատաղ արեք»։

Ջիվանը սովորել է Շիրակի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնում, մի պահ գնացել է արտագնա աշխատանքի, հետո որոշել, որ պիտի հայրենիքում անցնի մշտական ծառայության։ Նա տան միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ունի մեկ քույր։

Անի Մարտիրոսյանն ասաց, որ Ջիվանն էր պահում ընտանիքը, հայրը մի ժամանակ արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց համավարակի տարածման ընթացքում այլևս անհնար էր։

«Այնքան հասնող էր, օգնող, բերանդ չբացեիր, հասնում էր․․․ Մի աղջկա էր հավանել հարևան գյուղից, ասաց՝ բարձրանամ դիրքեր, գամ, գնալու եմ անպայման տեսնեմ, ամուսնանամ»-պատմեց Անի Մարտիրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30