Լրահոս
Օրվա լրահոսը

Հումանիտար աղետ, որի անունն է Էրդողան

Նոյեմբեր 04,2020 16:00

Իսկ Ալիեւը պետք է զգա, որ որպես «իզգոյ» պետության ղեկավար, մեկուսացած է քաղաքակիրթ աշխարհից

Նոյեմբերի 2-ի Վիեննայում ահաբեկչություն տեղի ունեցավ, որը ցնցել է քաղաքակիրթ աշխարհին: Մի քանի զոհեր կան, 15 մարդ է հոսպիտալացվել, երկրում եռօրյա սուգ հայտարարվեց: ԵՄ երկրների եւ հիմնական հաստատությունների ղեկավարները խստորեն դատապարտեցին սարսափելի ահաբեկչությունը, նրանք «արմատական իսլամիզմի», «իսլամիստական ահաբեկչության» սպառնալիքի մասին են արձանագրում:

Բնական է, որ այս օրերին մեր հասարակության մոտ գլուխ են բարձրացրել հետեւյալ հիշեցում-պնդումները՝ «մենք ձեզ զգուշացնում էինք…», «մենք 1 ամիս է պայքարում ենք ընդդեմ ջիհադիստների»:

Որքան էլ արդարացիորեն դժգոհենք մեկ ամսից ավելի Արցախում խաղաղ բնակչության հանդեպ ահաբեկչության նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի ոչ բավարար արձագանքից, մի բան անհերքելի է՝ մեզ պարտադրված պատերազմում «հարց լուծողը» մենք ենք լինելու: 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմում էլ այդպես ենք հաղթանակ արձանագրել ու Ադրբեջանին զինադադար պարտադրել, որն այն ժամանակ էլ պարբերաբար խախտել է հրադադար հաստատելու միջնորդների բոլոր ջանքերը:

Պատերազմները նույն կերպ չեն կրկնվում, հիմա այն շատ ավելի դաժան է. Արցախը կռվում է թուրքական բանակի ու վարձկան ահաբեկիչների դեմ: Սա որակապես ու մասշտաբներով լիովին այլ պատերազմ է: Բայցեւ չգրված կանոն է, պատերազմները չեն ավարտվում այնպես, ինչպես ծրագրում են պատերազմ նախաձեռնողները:

Ինչ վերաբերում է դիվանագիտական ճակատում աշխատանքներին, ապա այս ճակատում հաղթանակները պետք է զուգահեռ լինեն ռազմաճակատում արձանագրված հաջողություններին:

Աշխարհում շատ պետությունների առաջնորդներ են գիտակցում, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում Թուրքիայի առաջնորդը: Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չեն Էրդողանի կայսերապաշտական մղումները: Հարավային Կովկասում «թուրք սուլթանի» ազդեցության հաստատմանը պետք է ընդդիմանալ, հակազդել ամենօրյա աշխատանքով: Հարցը նրանում է, թե ով ինչպես է դրա դեմ պայքարելու: Պարզ է, որ ամեն մեկն առաջնորդվելու է իր պետության շահով:

Մենք մեր մասով այդ աշխատանքն արդեն սկսել ենք իրականացնել: Լույս ենք սփռում Արցախի դեմ պարտադրված պատերազմում թուրքական բանակի ներգրավման, նրանց կողմից կիրառվող արգելված զինտեխնիկայի փաստերի վրա: Ադրբեջանի «էրդողանացման» հեռանկարների ու դրանից բխող տարածաշրջանային անվտանգությանը հասցված սպառնալիքի մասին պետք է խոսել ամեն առիթով եւ բոլոր բարձր ամբիոններից: Հնարավոր է Ադրբեջանը վերածվի նաեւ թուրքական ռազմաբազայի տեղակայման նոր տարածքի, այս թեման եւս պետք է թեժ պահել:

Խիստ կարեւոր է Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատելու ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «միջնորդ» դառնալու հավակնությունները զրոյացնելու գործընթացը: Առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու գործում պետք է նպատակաուղղված աշխատանք տանել գործընկեր պետությունների հետ: Դրա համար փաստերը բավարար են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ արձանագրվել է Ադրբեջան Թուրքիայի միջոցով ջիհադիստ վարձկաններ տեղափոխելը, այդ մասին միջազգային առաջատար մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, պետք է հասնել միջազգային կառույցներից Ադրբեջանին անդամակցությունից զրկելուն եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեման օրակարգեր բերելուն:

Արգելված զենքերով (կասետային հրթիռների կիրառում) Արցախի ու Հայաստանի բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքների նպատակային ոչնչացման քաղաքականությունը, խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչությունը, ֆոսֆորային արկերի օգտագործումը Արցախի անտառներում, որոնք նաեւ բնակչության համար են վտանգ ներկայացնում, հայ գերեւարված զինծառայողների նկատմամբ առանձնակի սադիզմը, սրանք պատերազմական հանցագործություններ են եւ Ալիեւը, որքան էլ նրան հաջողվի իշխանավարել, պետք է զգա, որ «իզգոյ» պետության ղեկավար է, մեկուսացած է քաղաքակիրթ աշխարհից՝ չնայած տարբեր կառույցներում, հաստատություններում ու ԶԼՄ-ներում նրա իշխանության կողմից ֆինանսավորվող պաշտոնյաների, «անկախ փորձագետներին» ու «անաչառ լրագրողների» գոյությանն ու նրանց կողմից տարածվող կեղծ թեզերի տարափին:

Արցախում մեզ պարտադրված պատերազմով՝ Թուրքիան Հարավային Կովկասում նախաձեռնել է հումանիտար աղետ, եւ որպես կազմակերպիչ, Ադրբեջանը՝ որպես այդ հանցագործություններն իրականացնող եւ այդ հանցագործությունների նկատմամբ «ջայլամային» քաղաքականություն վարողները պետք է ամեն ուր եւ ամեն առիթով մատնանշվեն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել