«ԿԸՀ-ն, ըստ օրենքի, նշանակում է ընտրության օրը, իսկ ընտրությունը տվյալ համայնքում կլինի, թե ոչ, նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից՝ հաշվի առնելով նախատեսված ժամկետները»,-ԱԺ պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով 2020թ.-ի դեկտեմբերին նախանշված ՏԻՄ ընտրություններին՝ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա շեշտեց, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն նշանակվում. «Եթե ժամկետների հաշվարկ անենք, ակնհայտ է, որ անգամ այսօր նշանակվելու դեպքում այդ ընտրությունները ժամկետների առումով հնարավոր չէ կազմակերպել: Մինչեւ դեկտեմբեր շատ կարճ ժամանակ է մնացել, հետեւաբար՝ տարեվերջին նախատեսված ՏԻՄ ընտրությունները կտեղափոխվեն հաջորդ տարի: Մարտին կունենանք ՏԻՄ ընտրությունների նշանակված օր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ