Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհվել է 46 խաղաղ բնակիչ, 61 դպրոց ու 10 մանկապարտեզ ռմբակոծվել. Արտակ Բեգլարյանը արգելված կասետային զինատեսակների ու քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելու մասին

Նոյեմբեր 04,2020 14:06

Կեսգիշերից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են, ինչի հետեւանքով Շուշին եւ այլ խաղաղ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության: Այսօր այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կազմակերպված ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա տեղեկացմամբ, կան տուժածներ եւ մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում:
«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական ուժերի կողմից, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստ, վիրավոր չի արձանագրվել: Մի շարք գյուղական համայնքներ նույնպես թիրախավորվել են, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստ չկա»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իրավիճակը նաեւ Ստեփանակերտի հրթիռակոծությունից հետո, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
«Ծննդատան եւ շուկայի հարակից հատվածներում վիրավորվել է 2 քաղաքացիական անձ: Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքների եւ նաեւ հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված համաձայնությանը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու: Սակայն սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական կողմը չի պահում հատկապես՝ միջազգային իրավունքի կանոնները եւ նաեւ ուղղակի քաղաքական պայմանավորվածությունները՝ այդ թվում միջնորդների մասնակցությամբ»:

Ըստ Արտակ Բեգլարյանի, այդ հարձակումների մի մասը եղել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական եւ սովորութային իրավունքով արգելված զինատեսակ է, հատկապես՝ քաղաքացիական օբյեկտներում կիրառվելու պարագայում, քանի որ ունի բավականին լայնածավալ ազդեցության շրջանակ, ինչի հետեւանքով արձանագրվում են մեծ թվով կորուստներ. «Մեր կորուստների ու վիրավորների մի մասը հենց կասետային զինատեսակներով է արձանագրվել»:

Այս ընթացքում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144 անձ էլ քաղաքացիական շրջանում վիրավորում է ստացել:

Այն բնակավայրերում էլ, որտեղ դիվերսիոն խմբեր են գործում, ըստ Արտակ Բեգլարյանի, հստակ տեղեկություն չունեն տուժածների մասին, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

Ընդհանուր առմամբ, վնասվել է 13 հազար 800 մասնավոր գույք, 3100 ենթակառուցվածքներ՝ էլեկտրամատակարարման կայաններ, կապի համակարգեր, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, կամուրջներ, մանկապարտեզներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, Շուշիի եկեղեցին, հիվանդանոցներ եւ 2100 շարժական գույք:

Արտակ Բեգլարյանի տվյալներով, նոյեմբեր 2-ի դրությամբ 61 դպրոց է վնասվել, տասը մանկապարտեզ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30