Այս օրերին ՔՊ-ն ջոկատներ է կազմավորում՝ առաջնագիծ մեկնելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեցին՝ պատրաստվո՞ւմ է առաջնագիծ մեկնել, կամ ջոկատ ձեւավորել՝ իր աշխատակիցների հետ՝ Բադասյանը պատասխանեց. «Իմ տեղակալը գնացել է միայնակ: Մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, ովքեր կրկին զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, ունենք հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այսինքն, մենք ունենք մեր պլանները եւ ըստ այդմ գործում ենք»:
Կոնկրետ իր առաջնագիծ մեկնելու հետ կապված նախարարն ասաց. «Ես նման պլաններ չունեմ, երբ որ անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցեմ այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի, խնդիր չկա»:
Կալանավորները ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ, թույլ կտա՞ն՝ նախարարը պատասխանեց. «Խափանման միջոցը փոխելու պարագայում կալանքի ռեժիմը բնականաբար չի տարածվի տվյալ անձի վրա եւ կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Բայց դա ավելի շատ գլխավոր դատախազության տիրույթում է»: Նա ասաց, որ կողմ են ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա օգուտ կլինի հայրենիքի պաշտպանությանը:
Ապօրինի գույքի ձեռքբերման հետ կապված քննարկումներ են ընթանում, որ ակնհայտ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքն այս օրերին ծառայեցվի պետությանը: Ռուստամ Բադասյանն ասաց, որ դատախազությունում աշխատանքներ տանում են, բայց պետք չի շտապել ու կարծել, որ այդ գործընթացը շուտ կլինի՝ ուժի մեջ մտնելուց հետո միանգամից գումարները կվերականգնվեն. «Պետք է դա ակնկալել 2021 թվականին: Դատարանին պետք է հիմնավոր ապացույցներ ներկայացվեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ